ԱՄՆ-ում մի խումբ սենատորներ նամակ են ուղարկել գլխավոր դատախազին, ֆինանսների նախարարին և Հետախուզության դաշնային բյուրոյին՝ խնդրելով հետաքննել նախագահ Դոնալդ Թրամփի ընկերության գործունեությունը Ադրբեջանում՝ կոռուպցիոն խախտումների և Իրանական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապերի կասկածանքով: Այս մասին գրում է New Yorker պարբերականը:
Նամակի հեղինակներ սենատորներ Շերոդ Բրաունը, Դայեն Ֆայնսթայնը և Բեն Քարդինը գերատեսչությունների ղեկավարներից պահանջում են ստուգել Trump Organization ընկերության կողմից Բաքվում հյուրանոցի կառուցմանը վերաբերող նյութը, որը պարբերականի կայքում հրապարակվել էր մարտի կեսերին:
Հոդվածում նշված էր, որ Թրամփի ընկերության գործընկերները գործարարներ Անար և Էլթոն Մամեդովներն են՝ Ադրբեջանի տրանսպորտի նախարարի բարեկամները: Բացի այդ Էլթոն Մամեդովը նաև խորհրդարանի պատգամավոր է: Լրագրողների կարծիքով՝ տվյալ հանգամանքները վկայում են այն մասին, որ Թրամփի ընկերությունը խախտել է ամերիկյան օրենսդրությունը, որն արգելում է որևիցե շահի տրամադրումն օտարերկրյա իշխանությունների ներկայացուցիչներին՝ պատասխան արտոնությունների ակնկալիքով:
Սենատորները ԱՄՆ ֆինանսների նախարարին նաև խնդրում են հետաքննել Trump Organization-ի հնարավոր կապերն ադրբեջանական շինարարական ընկերության հետ, որը աջակցում է Իրանական հեղափոխության պահապանների կորպուսին. վերջինս ներառված է ամերիկյան գերատեսչության պատժամիջոցների ցուցակում: