Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բացառման մեթոդով

Մարտ 31,2017 10:14

Քանի որ ինձ հաճախ են հարցնում, թե ում եմ ձայն տալու ընտրությունների ժամանակ, եւ ես դրա մասին միշտ անկեղծորեն ասել եմ, հիմա էլ, չխախտելով ավանդույթը, ներկայացնեմ իմ դիրքորոշումը: Նախ ասեմ, որ ընտրություններին տիեզերական նշանակություն չեմ տալիս՝ պետության խնդիրներն ընտրություններով չէ, որ լուծվում են: Երկրորդ՝ կուսակցություններից եւ դաշինքներից որեւէ մեկն իմ աչքի լույսը չի: Այդքանով հանդերձ՝ բոյկոտել, փչացնել քվեաթերթիկը, ինձ թվում է՝ ճիշտ վարք չէ: Պետք է դրական ընտրություն կատարել եւ կանգ առնել որեւէ կուսակցության վրա, որը քեզ քիչ թե շատ հոգեհարազատ է:

Շարժվեմ բացառման մեթոդով եւ սկզբից ասեմ, թե ինչու երբեւէ չեմ մտածել ձայնս տալ 6 կուսակցություններին եւ դաշինքներին: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ն ինձ համար իշխանություն են, իսկ երկիրն այն վիճակում չէ, որ քվեարկեմ իշխանության օգտին: Դաշնակցականներին եւ կոմունիստներին հարգում եմ՝ իրենց գաղափարներին հավատարիմ մնալու համար, սակայն այդ գաղափարներն ինձ, մեղմ ասած, սրտամոտ չեն: Իսկ ՕՐՕ-ն… Առանձնապես ռացիոնալ պատճառներ չունեմ այդ դաշինքն իմ նախասիրությունների ցուցակում չընդգրկելու համար, մանավանդ, որ տեսնում եմ Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վարդան Օսկանյանի անվիճելի արժանիքները: Այնուամենայնիվ, այդ դաշինքից ինչ-որ ծանր, հեղձուցիչ քամի եմ զգում՝ գուցե դա Երկրորդ նախագահի շունչն է: Դրա անուղղակի վկայությունն է ՕՐՕ-ին պատկանող կայքերից մի քանիսի «հայլուրական-քոչարյանական» թունոտ ագրեսիվությունը:

Մնում են «Ելքը», «Կոնգրես-ՀԺԿ-ն» եւ «Ազատ դեմոկրատները»: «Ելքը» շատ արդյունավետ, հետաքրքիր քարոզարշավ անցկացրեց՝ դա, անշուշտ, լավ հեռանկար ունեցող ուժ է՝ հատկապես, եթե իրականություն դառնա մեկ կուսակցություն ստեղծելու մտադրությունը: Բայց դաշինքի լիդերներից Նիկոլ Փաշինյանը երբեմն չարաշահում է ոչ նորմատիվ բառապաշարը: Հասկանում եմ, որ դրանով նա 100 կամ գուցե 1000 ընտրող է շահում՝ «վախ, չոքցրեց, փչացրեց, խզարեց»: Բայց կորցնում է ինձ նման 1-2-ին: Քաղաքական հաշվարկն, իհարկե, ճիշտ է:

Կոնգրեսն իրեն հրաշալի դրսեւորեց անցած տարվա ապրիլին եւ հուլիսին, նախ՝ չփորձելով քաղաքական դիվիդենդներ վաստակել ապրիլյան պատերազմից, իսկ այնուհետեւ՝ միանշանակ դատապարտելով զինված քաղաքական պայքարը: Կոնգրեսի թերությունն է Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի պաշտամունքը, «ադեպտների» կույր հավատը այդ՝ իսկապես նշանավոր գործչի անսխալականութան հանդեպ: Այդ հիվանդագին պաշտամունքը նույնպես որոշ դեպքերում հանգեցնում է անհանդուրժողականության եւ ագրեսիվության:

Մնում է «Ազատ դեմոկրատները», որին մենք՝ կինս եւ ես, որոշել ենք ձայն տալ: Այդ կուսակցության արժանիքների մասին՝ մեկ ուրիշ անգամ: Այստեղ ուզում եմ ընդգծել, որ ոչ մեկին կոչ չեմ անում քվեարկել այս կամ այն ձեւով: Իսկ իմ անձնական դիրքորոշումը երբեք որեւէ ձեւով չի անդրադարձել «Առավոտի» չեզոք եւ հավասարակշռված լուսաբանումների վրա: Անցած 23 տարին դրա վկայությունն են:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Հաճելիորեն զարմացած եմ: 90 տոկոսով համամիտ եմ վերլուծության և գնահատականների հետ:
    Հիմա՝ 10 տոկոսի մասին:
    Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վարդան Օսկանյանի անվիճելի արժանիքներին հակադրում եք մի բան, որի հիմքում ոչ թե փաստեր, այլ կենցաղային բանահյուսության դրվագներ և քաղաքական կարծրատիպային դատողություններ են ընկած:
    Ինչ վերաբերում է ՛՛ՕՐՕ-ին պատկանող կայքերից մի քանիսի «հայլուրական-քոչարյանական» թունոտ ագրեսիվությանը՛՛, ապա պետք է ընդգծել, որ այդ կայքի քննադատության գլխավոր թիրախը եղել և մնում է մեր բոլորիս ձախողության գլխավոր պատճառը՝ Սերժ Սարգսյանը, որն ինչ ասել է՝ հակառակն է արել և ինչ արել է՝ հակառակն է ասել, միանգամայն արժանի է եղել նման ՛՛ուշադրության՛՛, իսկ անձնական վիրավորանքի հասնող քննադատությունը ինձ համար ևս երբեմն անընդունելի է եղել, սակայն չէի ուզենա այս վճռորոշ պահին զուգահեռներ տանել նրանց այլ լրատվամիջոցների միջև:
    Ամփոփելով ասեմ, որ մենք ընտանիքով որոշել ենք մեր ձայնը տալ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին: Շրջադարձը միանգամայն իրատեսական եմ համարում:

  2. gib.gibindus says:

    Չեմ հավատում: Եթե որոշել եք ընտրություններից հետո գովել 0.84% ստացած “Ազատ դեմոկրատներին”`չեմ հավատում: Իսկ այդ անհեթեթ “ազատ” բառը տեսնես ո՞վ է կպցրել: Ինչի՞ց են “ազատ”: Իսկա “Անազատ դեմոկրատներ” լինու՞մ են:

  3. Ruben says:

    Այս «քաղաքական» զանգվածի հետ «էշը ցեխից չես հանի»:
    Մնում է օգտագործել Մոնտեվիդեոյի կոնվենցիան եւ ստեղծել սեփական պետություն:

  4. Նարեկ says:

    Կարդացի եւ ուրախացա: Ես էլ եմ ձայնս տալու Ազատ դեմոկրատներին:

    Ասում եք. Դաշնակցականներին եւ կոմունիստներին հարգում եմ՝ իրենց գաղափարներին հավատարիմ մնալու համար, սակայն այդ գաղափարներն ինձ, մեղմ ասած, սրտամոտ չեն:

    Այս կուսակցություններին նույն հարթության վրա կարելի է դնել նաեւ այլ առումով: Երկուսն էլ կերան Հայաստանը՝ դաշնակները թուրքերի, կոմունիստները՝ ռուսների օգնությամբ: Հուսամ պատմություն կարդացել եք եւ գիտեք սա, պարոն Աբրահամյան:

    • Ruben says:

      «Ազատ դեմոկրատներ»-ը ՀՀՇ կուսակցության վերարտադրված տնազն է:
      Րաֆֆու Խենթը կասեր՝ «Այդ ազգը պատվով մեռնել չգիտե»…

  5. araqel says:

    Նախ սկսեմ նրանից, որ ձեր կինը որպես ժուռնալիստ հայկական իրականության մեջ երևի թե միակն է, ով սկզբունաքին էր ու ում 100 տոկոս հարգում եմ: Ափսոս որ էլ չի գրում:
    /Սակայն կարող է և շատ ճիշտ է անում որ հայկական մասնագիտական միջավայրում էլ չի գրում/

    Կարծում եմ որ ձեր կինը ընդամնեը թիկունք է կանգնում ձեր ընտրությանը, ու դա իր ընտրությունը չի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031