Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյանը համոզված է՝ Սամվել Բաբայանը «Իգլայով» ապստամբություն չէր պլանավորի

Մարտ 31,2017 15:30

Նա հայտարարեց, որ ինքը միշտ «բռնվողի» կողմից է

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության մասին օրերս ՀՀՇ վարչության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի անդամ Արարատ Զուրաբյանն ասաց, որ անլուրջ են այն վարկածները, որոնք հրապարակ են նետվել:

«Առավոտը» պարոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ անլուրջ է այն տեղեկությունը, որ Բաբայաննն ապօրինի ճանապարհով «Իգլա՞» է ներկրել ապստամբության նպատակով, թե՞ անլուրջ է այն, որ նրան մեկուսացնում են՝ Ղարաբաղի հարցում ունեցած կոշտ դիրքորոշման համար: Պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ Հայաստանում բավականին զենք ու զինամթերք կա, որ եթե այդ նպատակներով օգտագործելու ցանկություն ունենան, միշտ էլ դրա հնարավորությունը կլինի: Ու ասել, որ Վրաստանից «Իգլա» են բերում՝ ինձ համար մի քիչ անհասկանալի է»: Մենք հիշեցրինք ԼՂՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի տեսակետը, ըստ որի՝ Վրաստանից, խառը երկրներից ավելի հեշտ է զենք ներկրել, քան Ղարաբաղից այն գտնելը: Արարատ Զուրաբյանն արձագանքեց. «Չեմ կիսում դա, անլուրջ եմ համարում»: Արարատ Զուրաբյանը չի հավատում նաեւ Իսագուլյանի այն խոսքերին, թե ԱԱԾ-ն շատ փոխվել է, այս հարցում սխալներ թույլ չի տա. «Գառնիկ Իսագուլյանը ժամանակ առ ժամանակ ԱԱԾ-ի քարոզչությամբ է զբաղվում, իր իրավունքն է: Ես միշտ կոնկրետ բռնվողի կողմից եմ»:

Մեր հարցին՝ հաշվի առնելով Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձը՝ Սամվել Բաբայանն ընդունակ չէ՞ր նման քայլի դիմել, նրան ինչքանո՞վ եք ճանաչում, Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Ինձ համար շատ անընդունելի է, երբ մամուլ է սպրդում տեղեկություն, թե հեսա ինչ-որ բան է լինելու, դրանից հետո լինում են ԱԱԾ-ի հայտարարությունն ու գործողությունները, այսինքն՝ հող է նախապատրաստվում, հետո քայլն է իրականացվում, հետո փորձում են գտնել հիմնավորումներ: Ես համոզված եմ, որ որեւէ գործողություն չէր կարող լինել Հայաստանում, կամ ինչ պետք է անեին այդ «Իգլայով»՝ չեմ պատկերացնում: Ընդհանրապես աշխարհում ընդունված մի կարգ կա գոնե հատուկ ծառայությունների գործունեության մեջ՝ որպեսզի իրենց չմեղադրեն նրանում, որ իրենք գործ են «թխել», թողնում են, որպեսզի այդ գործողության իրականացման պրոցեսը կյանք ստանա, ինչ-որ սահմանների հասնի, եւ կանխում են անմիջապես այդ իրադարձությունից առաջ եւ փառավորվում են դրանով: Հասարակությունը, մարդիկ տեսնում են, ասում են՝ տեսեք, ինչ լավ աշխատեց այս մարմինը, անմիջապես այսպիսի տեռորիստական գործողությունից առաջ բռնեց, կանխեց, հոյակապ օպերացիա կատարեց:

Մեզ մոտ մոտավորապես այսպես է՝ ինչ-որ մեկը որոշել է ինչ-որ բան անել, եւ եթե որոշել է կամ խոսել է սրա մասին, ուրեմն միգուցե հնարավոր է, ուրեմն շուտ, արագ միջոցներ ձեռնարկենք: Ես շատ մեծ ցավ կապրեմ, եթե իրականություն դառնա կամ իրոք ապացուցվի, որ Սամվել Բաբայանը նման գործողություն է պատրաստել: Դա շատ անընդունելի եւ դատապարտելի եղանակ է: Արյան միջոցով որեւէ բանի հասնելն անընդունելի եմ համարում ցանկացած հասարակությունում, մասնավորապես մեզ մոտ, որտեղ այնքան արյուն է հեղվել, դրա ծավալներն այնպիսին են եղել, որ հիմա մեկ մարդու մեկ մատից նույնիսկ արյուն չպետք է թողնենք դուրս գա»:

Մեր հարցին՝ եթե դեմ եք արյուն թափվելուն, ապա ինչո՞ւ է ձեր դաշինքի անդամ Նաիրա Զոհրաբյանը Քաջարանում ասում, որ Սյունիքի մարզպետի ականջները կկտրեմ, Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Ես ականջ կտրել հասկացությունը չեմ համարում գործառնական ինչ-որ նշանակություն ունեցող արտահայտություն, որովհետեւ ոչ մեկը ոչ մեկի ականջները չի պատրաստվում կտրել»: Մենք ճշտեցինք՝ դաստիարակչակա՞ն բնույթ ուներ Նաիրա Զոհրաբյանի ասածը, Արարատ Զուրաբյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ մարզպետներին կամ այն պաշտոնյաներին, որոնք իրենց պարտականությունները լավ չեն կատարում, պետք է պատժել, բնականաբար, ոչ ականջ կտրելով»:

Մենք հիշեցրինք, որ երբ ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքի օգտատերերից մեկին ասել էր՝ լակոտ, աչքերդ կհանեմ, այդ հարցը դարձավ ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա, այս դեպքում Նաիրա Զոհրաբյանը նույնպես պատգամավոր է, չպե՞տք է նրա հարցը քննվի էթիկայի հանձնաժողովում, Արարատ Զուրաբյանը պատասխանեց, որ այս հարցում պաշտպանում է Շուշան Պետրոսյանին. «Հայ մարդու մի արտահայտություն էր արել, նույնիսկ ծնողն իր երեխային նման արտահայտություն անում է: Միգուցե տեղին չէր եւ ճիշտ չէր սոցիալական ցանցով եւ այլն, բայց դա դարձնել քննարկման առարկա՝ նույնն է, որ մեզանից յուրաքանչյուրի հետեւից մեկը ձայնագրիչով ման գա եւ ցանկացած արտահայտություն գտնի, որից կարելի է կառչել եւ նման մեղադրանքներ հղել: Ես կարծում եմ, որ մի քիչ ավելի բարի է պետք մոտենալ այս ամենին»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

30,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031