Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ անելու ենք, որ իրենց դա թույլ չտանք»

Մարտ 31,2017 15:00

Լեւոն Զուրաբյանը՝ ՀՅԴ-ին

ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանն օրերս քարոզարշավի ժամանակ ասել էր, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Ադրբեջանում ավելի շատ դիտումներ է ունեցել, քան Ալիեւի ելույթը. «Այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանցիները հույսը կտրել են Ալիեւից, թե կարող է Արցախի հարցը լուծել, եւ համոզված են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցը կլուծի»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Թող իրենք առաջին հերթին պատասխանեն այն հարցին, թե ինչու պնդելով, որ կարելի է պահպանել ստատուս քվոն եւ զարգացնել երկիրը եւ 98 թվից լինելով իշխանության մեջ, բացակայելով իշխանությունից շատ կարճ ժամկետներ՝ նրանք չկարողացան այդ խնդիրը կատարել: Ինչու են իրենք ձախողել երկրի զարգացումը, ինչու է իրենց կառավարման ընթացքում Հայաստանն ավելի թուլացել եւ հայտնվել այսքան ծանր վիճակում: Ես Լեւոն Մկրտչյանի հետ իմ բանավեճի ժամանակ շատ պարզ ցույց եմ տվել, թե ինչու է այդպես, եւ իրենց պատասխանել եմ հենց իրենց քաղաքական գործիչ, պատմական սիմվոլ, առաջին վարչապետ Քաջազնունու խոսքերով՝ այս ամենը եղել է այն պատճառով, որովհետեւ մենք չենք ունեցել կանխատեսելու կարողություն, որովհետեւ մենք գերագնահատել ենք մեր ուժերը եւ թերագնահատել ենք թուրքերի հնարավորությունները:

Մենք կարող էինք պահպանել 60-հազարանոց Հայաստանը, բայց մենք գնացինք ավելի մեծ ձեռքբերման հետեւից, Սեւրի պայմանագրի իրականացման հետեւից եւ հենց այդ պատճառով ձախողեցինք երկրի կառավարումն ու ունեցանք տարածքային կորուստներ: Եթե իրենք ուզում են եւս մեկ անգամ նույն բանը բերել Հայաստանի գլխին, մենք ամեն ինչ անելու ենք, որ իրենց դա թույլ չտանք»:

Մեր հարցին՝ Ադրբեջանում Տեր-Պետրոսյանի ելույթի դիտումները ցուցիչ չե՞ն, որ ձեր առաջարկածն ավելի ձեռնտու տարբերակ է Ադրբեջանին, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Դա ինձ համար լրիվ երկրորդական հարց է, եւ Ադրբեջանը Տեր-Պետրոսյանի ելույթով չէ, որ պետք է ինչ-որ բան իմանա Հայաստանի մասին: Ադրբեջանն ունի բազմաթիվ կանալներ, այդ թվում եւ բաց աղբյուրներ: Ընդամենը մեր Ազգային վիճակագրական գործակալության՝ պաշտոնապես հրապարակվող տվյալների վերլուծությունը բավարար է ցանկացած քիչ թե շատ վերլուծող անձի՝ հասկանալու համար, թե ինչ վիճակ է ստեղծվել Հայաստանում»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

30,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031