Լրահոս
Օրվա լրահոսը

Լարսին այլընտրանք չկա. ցամաքային ամենալավ, բայց ամենաանհուսալի ճանապարհն է

Մարտ 31,2017 14:30

Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ դեռ չի գտնվում: Երեկ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է՝ Լարսին այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: Նախարարը փակագծերը չի բացել, թե՝ ում հետ, ինչ ճանապարհի մասին են բանակցում: Նա Լարսին այլընտրանքային ցամաքային ճանապարհ գտնելու աշխատանքների մասին ընդամենն ասել է. «Վստահ եղեք, աշխատում ենք այդ թեմաներով: Ուղղակի դեռ չենք հասել այն հաջողությանը, որը կարող ենք հրապարակայնորեն հայտարարել»:

Հայաստանից Ռուսաստան ցամաքային ճանապարհով ապրանք արտահանելու այլընտրանքային ուղիներ ոլորտի պատասխանատուները կարծես թե փորձում են գտնել, բայց ոչինչ առայժմ չի հաջողվում: Այլընտրանքային ճանապարհներից մեկը կարող է լինել Վրաստանով, ապա Հարավային Օսիայի Ցխինվալիով անցնող ճանապարհը: Սակայն այս ճանապարհը արդեն 10 տարի է՝ ռուս-վրացական պատերազմից հետո մեզ համար անհասանելի է: Որպեսզի Հայաստանի համար բացվի այս ճանապարհը, քաղաքական հարց պիտի լուծվի ՌԴ-ի եւ Վրաստանի միջեւ. Ռուսաստանը Հարավային Օսիայի կարգավիճակի հարցն է բարձրացնում: Մյուս այլընտրանքային ճանապարհը աբխազական երկաթուղին է, որից օգտվելն էլ անիրատեսական է, այստեղ էլ վրաց-ռուսական քաղաքական շահերն են, որոնք հանուն Հայաստանի տնտեսության կողմերը չեն զոհաբերի:

Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ նախարար Մարտիրոսյանը երեկ ասել է. «Լարսին այլընտրանք, դուք միշտ փորձում եք ուղղությունը տանել երկրորդ ճանապարհին, բայց Լարսին այլընտրանք կարող է լինել ե՛ւ լաստանավը, ե՛ւ ավիափոխադրումը: Այսօր կազմակերպված է լաստանավով փոխադրում, որով Հարավկովկասյան երկաթուղին ստացել է բավականին լավ պայմաններ լաստանավի: Այսօր Հայաստանից Ռուսաստան լաստանավով տեղափոխվող բեռների արժեքը, նույնիսկ կոնկրետ բեռների դեպքում, շատ ավելի էժան է, քան մեքենայով՝ Լարսով»:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստան պաշտոնական այցից հետո հայտարարել էր, որ Լարսին այլընտրանքային ճանապարհ լինելու է, եւ վրացի գործընկերների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել այդ հարցի լուծման վերաբերյալ: Եվ, ըստ էության, այս հայտարարությունից մեկ ամիս անց դեռ որեւէ լուծում չի գտնվել:

Մինչդեռ կարճ ժամանակ անց կբացվի գյուղմթերքների արտահանման ակտիվ սեզոնը, իսկ Լարսի ճանապարհն անհուսալի է արտահանողների համար: Նրանք պարբերաբար խնդիրների առջեւ են կանգնում, բեռներով լցված մեքենաները օրերով Լարսի ճանապարհի փակ լինելու պատճառով կանգնած են մնում անցակետում: Օրինակ՝ անցյալ տարի ամռանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Վրաստանի Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետեւանքով առաջացել էր ջրածածկման վտանգ, հնարավոր արտակարգ դեպքերից եւ պատահարներից խուսափելու նպատակով ժամանակավորապես փակվել էր Վերին Լարսի անցակետը: 2015 թվականի հուլիսին էլ մի քանի օր երկկողմանի փակ էր Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը սողանքի վտանգի պատճառով: Եվ բնականաբար, ճանապարհի փակ լինելու պատճառով գործարարները վնասներ են կրում ու պարբերաբար դժգոհում են: Ձմռան ամիսներին էլ լինում են օրեր՝ ձյան առատ տեղումների պատճառով Լարսը փակ է լինում բեռնատար մեքենաների համար:
Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնը ստանձնելու օրվանից ներդրումներ ներգրավելու մասին է խոսում եւ արդեն հայտարարել է, որ 3.2 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրի մեկնարկը տրված է, այս գումարից 840 միլիոնի ներդրումն այս տարի է լինելու: Պարզ է, որ խոշոր ներդրում կատարող գործարարը դժվար թե սահմանափակվի միայն Հայաստանի շուկայում ապրանքն իրացնելով, այսինքն՝ պիտի որ արտահանման մասին էլ ծրագրեն: Եվ ուրեմն արտահանելու համար հուսալի եւ անխափան ճանապարհ է հարկավոր, իսկ Լարսը հեռու է հուսալի ճանապարհ համարվելուց:

Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը մշտապես հայտարարում է, թե արտահանողներն ինչ խնդիրների առաջ են կանգնում, սակայն կառավարությունը դրանք լուծելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում: Վերջերս էլ Մխչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Այսօր տրանսպորտային տրամաբանություն Հայաստանում չի գործում: Պատկերացնենք, մենք օգտվում ենք Սեւ ծովից եւ Փոթիի նավահանգստից, ու մի կոնտեյներ պետք է բերել Երեւան, այն 1500-1600 դոլար է մեզ վրա նստում: Այդ նույն կոնտեյները արտահանել հնարավոր է 400 դոլարով, բայց քանի որ նավային ընկերությունները՝ համաշխարհային գլոբալ լոգիստիկ ընկերությունները հաշվի չեն առնում Հայաստանը որպես իրենց գործընկեր, ստիպողաբար կոնտեյների վրա հավելյալ ծախսեր են գումարում՝ մի հատ էլ իրենց հետադարձ գինն են վերցնում: Այս խնդիրը պետք է պետական մակարդակով լուծվի»: Մխչյանը մեզ հետ զրույցում երեկ ասաց, որ նոր է վերադարձել Լարսից եւ առաջիկայում հայտարարություն կանի այս ճանապարհի սարսափելի վիճակի մասին:

Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանն էլ կարծում է, որ Լարսին այլընտրանքային ճանապարհ մեզ պետք չէ: Մեզ հետ զրույցում նա ասում է՝ ամենալավ ճանապարհը Լարսն է. «Լարսից լավ ճանապարհ հնարավոր չէ գտնել: Խոսքը ֆորսմաժորային իրավիճակի ժամանակ փոխարինող ճանապարհ ունենալն է: Տա Աստված, որ Լարսը չփակվի, ֆորսմաժորային վիճակ չլինի»: Մեր դիտարկմանն ի պատասխան, որ գործարարները Աստծու հույսով չեն բիզնես դնում ու արտահանում կազմակերպում, պարոն Համբարձումյանն ասում է. «Մի անգամ եղանակային պայմանների պատճառով 10 օր այնտեղ կանգնեցին, մի անգամ էլ ամռանը ծիրանով բեռնատարները կանգնեցին 10 օր, էս երկու դեպքն էր՝ ֆորսմաժորային վիճակ էր: Մի անգամ էլ շատ ձյուն եղավ, մաքրելու խնդիր կար, ձյունը որ մաքրեն, խնդիր չի լինի: Միակ նորմալ օգտակար ու կարճ եւ ամենացանկալի ճանապարհը Վերին Լարսի ճանապարհն է՝ 4 օր է տեւում: Իսկ երկաթուղով Հայաստանից Մոսկվա բեռները 40 օրում են հասնում»:

Պարոն Համբարձումյանը նաեւ վստահեցնում է, որ ինքը Լարսի ճանապարհից գործարարներից դժգոհություն չի լսել:
Եթե դժգոհություն չկա, եւ Լարսն ամենալավ ճանապարհն է, այս դեպքում կառավարությունն իզո՞ւր է բանակցում, մեր այս հարցին էլ ի պատասխան՝ Համբարձումյանն ասում է. «Իզուր չի, տա Աստված՝ վարչապետը կարողանա այնպես անել, որ այդ քաղաքական խնդիրը լուծվի, ու ֆորսմաժորային վիճակում Հարավային Օսիայի Ցխինվալիով բեռները տեղափոխվեն»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

30,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել