Լրահոս
Օրվա լրահոսը

Տեխնիկական սարքավորումը «Սեւ թուղթ» էր հանել

Մարտ 31,2017 14:00

Էլեկտրոնային մեթոդով քվեարկությունը ի՞նչ անակնկալ կարող է մատուցել

Առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ-ն նախագահական կառավարման ձեւից անցում է կատարելու պառլամենտական ձեւին, այսինքն՝ երկրի կյանքի կազմակերպման գլխավոր դերը պատկանելու է Ազգային ժողովին, նա է ձեւավորելու կառավարությունը եւ իրավասու է ցրելու, իսկ նախագահը էական լիազորություններ չունի:

Համակարգային այս փոփոխությունները իրականացնելու համար իշխանությունները ընտրել են նոր ընտրական օրենսդրություն, ըստ որի՝ ԱԺ-ն ընտրվելու է համամասնական ընտրակարգով, իսկ քվեարկությունը կատարվելու է էլեկտրոնային եղանակով: Հիմա դիտարկենք հիշյալ հարցերը:

1. Համամասնական ընտրակարգ

Ընտրական օրենսդրությամբ ամրագրված հիշյալ ընտրակարգը, ինչի բացասական լինելու մասին շատ է խոսվել, ինքնին հակասում է միջազգայնորեն ընդունված համամասնական ձեւի պրակտիկային, նա պարունակում է մեծամասնական ընտրակարգի տարրեր եւ ռեժիմը այս հնարքով միտված է խորհրդարանում պահպանել կրիմինալ հեղինակությունների ու օլիգարխների կլանը՝ ստանալով կայուն մեծամասնություն:

2. Էլեկտրոնային քվեարկություն

Այս մեթոդը կամ ընտրողների ինքնության ստուգումը եւ գրանցումը տեխնիկական սարքավորման միջոցով համաշխարհային պրակտիկայում կիրառելի է, Ռուսաստանի Դաշնությունը եւ Բելառուսը այդ ուղղությամբ նույնպես քայլեր են ձեռնարկում, մինչդեռ նրա օպտիմալ իրականացումը կապված է ռիսկերի հետ: Նկատենք, որ 2014թ. Գագաուզիայի ինքնավարությունում եւս ընտրություններն անց են կացվել էլեկտրոնային մեթոդով, որը առաջացրել է ընտրողների արդարացի դժգոհությունը, ըստ որում, քվեարկությունը սկսելու պահին ավելի քան 300 տեխնիկական սարքավորումներ չեն միացել, իսկ քվեարկության ընթացքում բազմաթիվ սարքեր խափանվել են՝ էկրանը չի արտահայտել ընտրողի լուսանկարը ու ազդանշանային գույները, եւ այլն: Ընդդիմությունը բողոքարկել է քվեարկության արդյունքները, պատճառաբանելով, որ տեխնիկական սարքավորումների խափանումներից օգտվելով կեղծվել են ընտրությունների արդյունքները:

Անկասկած, էլեկտրոնային քվեարկության նորամուծության հեղինակը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանն է: Պարոն Դ. Հարությունյանը արդարադատության նախարար աշխատած ժամանակ էլ ՀՀ դատավորների թեկնածուների քննությունների գնահատումը եւս անցկացրեց էլեկտրոնային մեթոդով: Ընկերս, ով հմուտ իրավաբան էր, ասաց, որ մասնակցել է այդ քննություններին, 100 հարց էր առաջադրված, նրանց պատասխանները անցկացրեցի թեստերի համապատասխան քառակուսում եւ հանձնեցի հանձնաժողովին: Մի քանի ժամ հետո բաժանեցին տեխնիկական սարքավորման գնահատականների տեղեկանքը: Սարքավորումն ինձ գնահատել էր 39 միավոր: Նրան առաջարկեցի բողոքարկել:

Հաջորդ օրը եկավ, թե՝ բողոքարկեցի, նույն թեստը ներմուծեցին տեխնիկական սարքավորում, այս անգամ էլ գնահատեց 92 միավոր: Պատմեց, որ բողոքողներ շատ են եղել, իսկ մի քանի թեստեր սարքավորումը ամբողջությամբ փչացրել էր, իսկ գնահատման տեղեկանքի փոխարեն սեւ թուղթ էր հանել, որի պատճառով նրանց համար նոր քննություն էր նշանակվել: Իսկ ծանոթներից մեկն էլ ականջին շշնջացել էր, թե ինքը հարցերին սխալ է պատասխանել, սակայն սարքավորումը գնահատել էր 100-ից 100-ը ճիշտ է, գոհ էր, որ դատավոր է դառնալու:

Վերջերս ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ հայ ժողովուրդը պետք է վստահի նոր ընտրություններին եւ նոր տեխնոլոգիաներին, կոչ անելով՝ գնացեք եւ քվեարկեք:

Հարգելի դեսպան, մենք վստահում ենք նոր տեխնոլոգիաներին, սակայն Հայաստանում անվստահելի են ընտրական տեղամասերի հանձնաժողովները:

Բանը նրանում է, որ օրենսդրությամբ սարքի մասնագետի ժամանակավոր բացակայության դեպքում նրան կարող են փոխարինել հանձնաժողովի նախագահը, քարտուղարը եւ անդամները: Իսկ եթե սարքը խափանվում է, քվեարկության կտրոնները լրացնում է հանձնաժողովի անդամը (Ընտրական օրենսգրքի 65 հոդված): Այս հանգամանքը վտանգավոր է, քանզի սարքը խափանվելու պատրվակը օգտագործելով՝ հանձնաժողովականները լրացնելու են քվեարկության կտրոնները եւ քվեաթերթիկները լցոնելու են քվեատուփը, ինչպես կատարեցին Սահմանադրական հանրաքվեի ժամանակ՝ կեղծելով արդյունքները:

3. Քվեարկության կարգը

Նոր օրենսդրությամբ փոխվել է նախկին օպտիմալ եւ մատչելի քվեարկության կարգը: Ընդ որում, քվեարկողին տրամադրվում է ոչ թե հաշվառված մեկ քվեաթերթիկ, այլեւ ընտրություններին մասնակցող կուսակցությունների թվին համապատասխան չհաշվառված քվեաթերթիկներ (այժմ այդ թիվը 9 է) եւ հաշվառված մեկ քվեարկության ծրար:

Ընտրողը քվեախցում կուսակցություններից որեւէ մեկին ընտրում է այդ քվեաթերթիկը ծրարում դնելու միջոցով, իսկ չօգտագործված մնացած քվեաթերթիկները գցում քվեախցում տեղակայված արկղի մեջ (Ընտրական օրենսգրքի 67 հոդված):

Քվեարկության այս նորամուծությունն աննախադեպ է, որովհետեւ քվեարկության սկզբնական եւ ավարտական փուլերում քվեաթերթիկները, այդ թվում՝ չօգտագործված քվեաթերթիկները, որոնք գցվում են «աղբարկղը», չեն հաշվվում (Ընտրական օրենսգրքի 68 հոդվածի 7-րդ կետ): Ըստ էության այս ընտրակարգը «Կարուսել» հնարքը գործածելու լավագույն նախադրյալ է, այսինքն՝ հանձնաժողովի անդամներին տրամադրված եւ չօգտագործված, չհաշվառված քվեաթերթիկները անարգել դուրս են տարվելու եւ զոռբա կուսակցությունների ու հատկապես վարկանիշային ցուցակով օլիգարխ թեկնածուների քվեարկությունը տեղի է ունենալու քվեասենյակից դուրս՝ կաշառատվությամբ:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Մոսկվա, իրավաբան

Հ.Գ.-Ավելի քան 20 տարի է՝ ժողովրդին մատուցած ռեժիմի ծրագրերն ու կարգախոսներն՝ «Առաջ Հայաստան», «Ապահով Հայաստան» եւ այլն, ձախողվել են, մեր հայրենիքը չի զարգացել եւ կյանքը օր օրի վատանում է՝ համատարած աղքատություն, արտագաղթ: Անվտանգությունն ու առաջընթացը նույնպես հիմնազուրկ են՝ գրված ավազի վրա:
Կարծում եմ՝ Հայաստանը վերահաս կործանումից կփրկվի եւ կորցվածը ետ կբերվի միայն խաղաղության պարագայում: Առաջին նախագահը, ով խաղաղության ջատագովն է, իր ինտելեկտուալ եւ մտավոր կարողություններով, ազնվությամբ եւ հայրենասիրությամբ վեր է կանգնած եւ ունակ է շտկելու այն ամենը, ինչը ապաշնորհները վարանել են:
Ընտրություն կատարելիս վերհիշենք, որ «խաղաղությունը նույն հաղթանակն է, որ հաշտեցնում է երկու կողմերին առանց կորստի» (Վիլյամ Շեքսպիր):

30.03.2017

«Առավոտ» թերթի այս հրապարակմանն արձագանքեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը.

«Հավատամք ունեմ, որ խրոխտ տգիտության դեմ միակ հակաթույնը գիտելիքով կիսվելն է: Եվ ուրեմն՝ կիսվում եմ:

Մի կողմ դնելով հեղինակի քաղաքական գնահատականները, հակառակ նրա պնդումներին ուզում եմ նշել, որ`

ա. Ընտրական օրենսգրքով նախատեսված համամասնական ընտրակարգը միջազգայնորեն ընդունված և լայն տարածում գտած «բաց ցուցակներով համամասնական ընտրակարգ» կոչվածն է: Այդ ընտրակարգի տարատեսակները կիրառվում են բազում երկրներում: Ցանկին կարող եք ծանոթանալ կայքէջում: Ավելի մանրամասն համամասնական ընտրակարգերի վերլուծությունն իրականացվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից: Պրպտող ընթերցողներն այդ վերլուծությանը կարող են ծանոթանալ կայքէջում:

բ. «Կարուսել» կոչված հնարքի հիմքում հատուկ հաշվառում ունեցող քվեաթերթիկներն են, այսինքն` երբ չօգտագործված քվեաթերթիկները ևս հաշվառվում են: Այդ հնարքը հնարավոր չէ օգտագործել Ազգային ժողովի ընտրություններում, քանի որ չօգտագործված քվեաթերթիկները չեն հաշվառվում: Ընթերցողի ժամանակը տնտեսելու համար խորհուրդ եմ տալիս դիտել «Ի՞նչ անել, եթե ձեզ փորձում են վերահսկել» տեսահոլովակը:

Եթե հեղինակի մոտ առնվազն նշված նյութերին ծանոթանալուց հետո մնա որևէ ցանկություն բանավիճելու, ապա պատրաստ եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031