Լրահոս
Օրվա լրահոսը

 «Կրթական ծառայությունների ընդլայնումը ռազմավարական խնդիր է»

Մարտ 31,2017 13:30

Հարցազրույց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գիտության եւ միջազգային կապերի գծով պրոռեկտոր, «Էրազմուս Պլյուս» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Լուսինե Ֆլջյանի հետ:

– Տիկին Ֆլջյան, ի՞նչ նպատակ ունի մարտի 29-31-ին Ձեր կողմից նախաձեռնած «Օտար լեզուների ծրագրերի համապատասխանեցումը Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի մակարդակներին» թեմայով միջազգային սեմինար- վերապատրաստումը:

– Քանի որ վերապատրաստումը ֆինանսավորում է Եվրամիությունը՝ Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի հետ համատեղ, դրա նպատակն է խթանել բարեփոխումները լեզվական եւ միջմշակութային կրթության ասպարեզում եւ ներդաշնակեցնել դրանք եվրոպական պահանջներին համապատասխան՝ հեռավար նպատակ ունենալով խթանել սովորողների շարժունությունը: Եվրոպական հանձնաժողովն իր վերջին հետազոտություններում նշել է, որ լեզուների իմացությունը խթանում է աշխատունակությունը, շարժունությունը եւ տնտեսական աճը: Սակայն ներկայումս լուրջ խնդիրներ կան Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

Ըստ կատարված ուսումնասիրությունների, 10 ուսանողից միայն 4-ն են տիրապետում երկրորդ օտար լեզվին Ս1 մակարդակի վրա, որն ունի անկախ կիրառողի կարգավիճակ: Երկրները տարբերվում են օտար լեզուների դասավանդման տեւողությամբ, ծավալով եւ խթանի չափով, սակայն բոլոր տեսակի հայեցակարգերը պետք է ձգտեն առանց ծավալը ծանրաբեռնելու եւ տեւողությունը երկարացնելու բարելավել օտար լեզուների դասավանդումը եւ նպաստել սովորողների լեզվական հմտությունների ու կարողությունների ձեւավորմանը կրթության տարբեր աստիճաններում, սկսած նախադպրոցական եւ վերջացրած լրացուցիչ կրթության մակարդակներում այն անձանց համար, ովքեր արդեն վերջացրել են իրենց ֆորմալ կրթությունը:

Սա է վերապատրաստման նպատակը՝ օգնել վերապատրաստվողներին համապատասխանեցնել կրթական ծրագրերը Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի մակարդակներին, որը դիտարկվում է Լեզվական կրթության ոլորտում կարեւորագույն գործիք սովորողների լեզվական հաջողությունները չափելի դարձնելու նպատակով: Վերապատրաստմանը մասնակցում է շուրջ 40 մասնագետ, որոնք օտար լեզու են դասավանդում կրթական տարբեր մակարդակներում: Այս տարվա ընթացքում արդեն համաձայնություն է ձեռք բերվել, եւ Եվրամիությունը՝ ԺԼԵԿ-ի հետ համատեղ, ֆինանսավորելու է եւս երկու վերապատրաստման ծրագիր.

1. Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը լեզվի ուսուցման եւ դասավանդման գործընթացում, մայիսի 4-5, 2017-03-27: Այս վերապատրաստմանը հիմնականում կընդգրկվեն հանրակրթական դպրոցների եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների լեզվի մասնագետները:

2. «Բազմալեզու եւ բազմամշակութային կրթություն՝ շարժունության միջոցով» խորագրով միջազգային սեմինար-վերապատրաստմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 4-5-ին, 2017: Վերջինիս կընդգրկվեն հանրակրթական եւ ավագ դպրոցների, ինչպես նաեւ բուհերի լեզվի մասնագետները: Միայն այս տարի պլանավորվող միջոցառումների ընթացքում կվերապատրաստվեն եւ միջազգային փորձագետների կողմից խորհրդատվություն կստանան շուրջ 120 լեզվի մասնագետ եւ քաղաքականություն մշակող: ՀՀ-ի համար տվյալ ծրագրի շրջանակներում ցուցաբերած խորհրդատվական եւ վերապատրաստման գործընթացի ֆինանսական աջակցությունը ԵՄ եւ ԵԽ կողմից կազմում է շուրջ 20 մլն դրամ: Ընդհանուր առմամբ 33 անդամ-երկրների համար ֆինանսավորվել է 39 ծրագիր, որից երեքը Հայաստանի համար:

– Նմանատիպ միջոցառումների կազմակերպումը նպաստո՞ւմ է Ձեր բուհի միջազգային վարկանիշի բարձրացմանը:

– Ցանկացած միջազգային ծրագիր, որը ենթադրում է ինչ-որ մի հանրային միջոցառում, անպայման դիտարկում եմ որպես բուհը գովազդելու լավագույն միջոց: Միջազգային ծրագրերի միջոցով մենք կարողանում ենք ապահովել համալսարանի ակադեմիական վարկանիշի բարձրացումը, քանի որ այս տեսակի միջոցառումները նպաստում են նախ եւ առաջ ճանաչելիության ընդլայնմանը: Որպես «Էրազմուս Պլյուս» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող երկու ծրագրեր եմ կարողացել իրականացնել մեր բուհում՝ ներգրավելով ՀՀ այլ բուհերի ներկայացուցիչների:

Դրանք առաջինը վերաբերում էր համատեղ դիպլոմներով ծրագրերի մշակմանը եւ արտասահմանյան գործընկեր համալսարանների հետ համատեղ կրթական ծրագրերի ներդրմանը, իսկ երկրորդը՝ ուսանողակենտրոն կրթությանը եւ կրթական վերջնարդյունքներին: Որակյալ կրթության կազմակերպումն այլեւս հնարավոր չէ իրականացնել հին մեթոդներով եւ ձեւերով, եւ խիստ հրատապ ու կարեւոր եմ համարում լավագույն միջազգային փորձի ուսումնասիրումն ու տեղայնացումը մեր համալսարանի համատեքստում: Բուհի միջազգային գործունեությունն առանցքային դերակատարություն ունի ո՛չ միայն տվյալ բուհի, այլեւ տարածաշրջանի եւ երկրի զարգացման համար: Ցանկացած բուհի հաջողությունը կախված է դրա միջազգայնացման զարգացման մակարդակից:

Ներկայումս միջազգայնացման տարբեր հայեցակերպեր են ներառված միջազգայնացման տարբեր վարկանիշներում, որոնց միջոցով գնահատվում է բուհերի գրավչությունը եւ արդյունավետությունը: Բարձրագույն կրթության միջազգայնացումը դա որակյալ կրթության տրամադրման նպատակով բուհի միջազգային եւ միջմշակութային հայեցակերպերի ինտեգրումն է: Երբ ասում եմ բուհի միջազգայնացում, ի նկատի ունեմ այդ գործընթացի երկու կողմերը: Առաջինը՝ ներքին, այսինքն, բուհի ներսում այնպիսի մշակույթի ստեղծում, որի շնորհիվ հնարավոր բոլոր ձեւերով խրախուսվում է միջազգային ծրագրերի մշակումը եւ իրականացումը: Ընդ որում, ցանկացած միջազգային ծրագրի իրականացում ենթադրում է միջազգային չափում, մասնավորապես, արդյոք համապատասխանո՞ւմ են դրանք միջազգային չափանիշներին, ներառում եւ հաշվի առնո՞ւմ են միջազգային զարգացումները, իրականացվո՞ւմ են, արդյոք, դրանք միջազգային գործընկերների հետ համատեղ: Երկրորդ հայեցակերպը դա արտաքին միջազգայնացումն է: Դա երկկողմ եւ բազմակողմ պայմանագրերի հիման վրա միջազգային կրթական ծառայությունների մատուցումն է: Եվ ցանկալի կլինի, որ միջազգային նախաձեռնությունների կազմակերպիչը լինի ոչ միայն բուհի վարչակազմը, այլեւ յուրաքանչյուր դասախոս:

Ներքին միջազգայնացումն իրականացվում է գործընկեր համալսարանների հետ: Սակայն նշեմ, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ գործընկեր համալսարանների հետ համատեղ ծրագրեր իրականացնելը դեռ բավարար չէ միջազգային կապերի ընդլայնման տեսանկյունից: Ավելի ճիշտ ռազմավարությունն աշխարհի լավագույն համալսարանների ներգրավումն է բուհի առաջնային ուղղությունների զարգացման գործընթացի մեջ: Անարդյունավետ պայմանագրերը պետք է փոխարինվեն նորերով, որոնք կբարձրացնեն միջազգային համագործակցության արդյունավետությունը եւ բուհի միջազգայնացման վարկանիշը: Միայն այս եղանակով է հնարավոր հասնել բարձր արդյունքների մի քանի կարեւոր ուղղություններով. նորարարական գործունեություն, հեռավար կրթություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ: Եվ, իհարկե, չի կարելի կանգ առնել եղածի վրա, պետք է փնտրել, ինչպես նաեւ ինքնուրույն մշակել միջազգայնացման նոր ձեւեր: Շատ տրամաբանական է ցանցային համալսարանների ստեղծումը: Մի խոսքով, միջազգային գործունեությունը պետք է նպաստի բուհի կրթական գործունեության զարգացմանը, որակյալ կրթական ծրագրերի մշակմանը, այն պետք է հնարավորինս խթանի լրացուցիչ կրթությունը, գիտության ինֆրակառուցվածքի զարգացումը: Ցանցային համալսարանների առավելությունն այն է, որ հնարավորություն ես ստանում օգտվել անդամ բուհերի կրթական, հետազոտական, մտավոր, ինչպես նաեւ աշխարհագրական ռեսուրսներից:

– Ո՞րն է բուհի միջազգայնացման գլխավոր նպատակը Հայաստանի բուհերի համար:

– Բազմաթիվ նպատակներ կան, բայց ես կկարեւորեմ դրանցից երեքն այս պահին՝ շահույթ ստանալը՝ օտարերկրյա ուսանողների միջոցով, արդյունավետ միջազգային համագործակցության իրականացումը բազմաթիվ նախագծերի եւ ծրագրերի շրջանակներում, որը հնարավորություններ է ստեղծում ուժեղացնել բարձրագույն կրթական համակարգի կարողությունները եւ, ընդհանրապես, նպաստում է կրթության եւ գիտության որակի բարձրացմանը, եւ երրորդը՝ երկրի տնտեսական աճի խթանումը: Օտարերկրյա ուսանողների ներգրավումը բուհի եւ պետության համար հավելյալ արժեք ստեղծելու լավագույն հնարավորություններից մեկն է: Հարկավոր է ընդլայնել օտարալեզու կրթական ծրագրերի շրջանակը, որպեսզի կարողանանք ուսանողներ ներգրավել արտասահմանյան երկրներից:

Այսինքն, կրթական ծառայությունների շրջանակի ընդլայնումը կարեւորագույն ռազմավարական խնդիր է, որի արդյունավետ իրականացումը նախ եւ առաջ կախված է կրթության որակից, շրջանավարտների մասնագիտական եւ ընդհանրական կարողությունների համապատասխանեցումից միջազգային չափանիշներին: Բոլոնիայի գործընթացները եւ Եվրոպական միասնական կրթական տարածքին ինտեգրվելը, ԱՊՀ եւ Եվրասիական միության, ասիական երկրների հետ, ինչպես նաեւ ՀՀ միջպետական համաձայնագրերի շրջանակում միջազգային համագործակցության խթանումը համարում եմ բարձրագույն կրթության համակարգի միջազգայնացման եւ շարժունության ծրագրերի զարգացման հիմնական ուղղությունները, որոնք հնարավորություն են տալիս բազմազանեցնել բուհերի ֆինանսական ներհոսքերը արտաքին աղբյուրներից: Երրորդ կարեւորագույն նպատակն է միջազգային շուկայի պահանջներին համապատասխան կրթական ծրագրերի մշակումը եւ ներդնումը, որի շնորհիվ մենք կպատրաստենք որակյալ մրցունակ աշխատուժ մեր տնտեսության համար: Այստեղ կարեւոր է նաեւ միջազգային հաջող փորձի ուսումնասիրությունը եւ տեղայնացումը: Այն սերունդը, որն այսօր բարձրագույն կրթություն է ստանում մեր բուհերում, ենթադրվում է, որ ինտեգրված կլինի տնտեսության մեջ մինչեւ 2050 թվականը, եւ հարկավոր է այնպես պլանավորել բարձրագույն կրթական ծրագրերի վերջնարդյունքները, որպեսզի դրանք ապահովեն շրջանավարտներին երկարաժամկետ եւ կայուն աշխատունակություն:

– Արդյո՞ք իրատեսական եք համարում օտարերկրյա ուսանողների թվի զգալի ավելացումը մոտ ապագայում Ձեր բուհում:

– Միանշանակ՝ հիմնվելով բուհի կարողությունների եւ հնարավորությունների վրա: Օրինակ, Չինաստանն արտասահման ուղարկող ուսանողների թվով առաջատարն է: Նրանց քանակը տարեցտարի ավելանում է բոլոր երկրներում, եւ մենք էլ պետք է հաշվի առնենք այս հանգամանքը եւ աշխատենք Չինաստանից ուսանող ներգրավելու ուղղությամբ, հատկապես, որ մենք դրա համար ունենք բոլոր նախապայմանները: 2009 թվականից մեր համալսարանում գործում է Կոնֆուցիոսի ինստիտուտը, այդ լեզուն տիրապետողների թիվը ֆորմալ կրթության ծրագրերի շրջանակներում տարեցտարի ավելանում է, ունենք նաեւ հրավիրված դասախոսներ ՉԺՀ-ից, ուստի հնարավոր է ինչպես ներգրավել ուսանողներ այդ երկրից ինչպես առկա կրթական ծրագրերով սովորելու նպատակով, այնպես էլ հետազոտության միջոցով պարզաբանել, թե լեզվաբանական եւ հասարակական գիտությունների որ ոլորտներն են առավել հետաքրքիր չինացի ուսանողների համար եւ աշխատել ծրագրեր մշակել՝ հաշվի առնելով նրանց հետաքրքրությունները:

– Որո՞նք են օտարերկրյա ուսանողներ ներգրավելու հիմնական մարտահրավերները:

– Իմ կարծիքով, բուհի միջազգայնացումը երկու հիմնական մարտահրավեր ունի: Օտարերկրյա ուսանողների ներգրավումն այնքան է պետք զարգացնել, որ այն վերածվի պետության տնտեսության արտահանման ձեւերից մեկի: Ավստրալիայում օտարերկրյա ուսանողներից ստացած եկամուտը ծավալով երրորդն է արտահանման եկամուտների չափով: Երկրորդ մարտահրավերը եւս կարեւոր է եւ ոչ պակաս իրատեսական՝ դա մարդկային կապիտալի ներգրավումն է եւ կապիտալացումը: Հարկավոր է, որ բուհը միջոցներ գտնի, որպեսզի ներգրավի լավագույն տաղանդավոր ուսանողների տարբեր երկրներից եւ հետագայում նաեւ աշխատունակության խնդիր լուծի նրանց համար մեր երկրում: Հատկապես կարեւոր եմ համարում հետբուհական ծրագրերում սփյուռքի ուսանողների ներգրավումը, որպեսզի նրանք ուսման ընթացքում ապրեն եւ աշխատեն մեր երկրում, եւ այս եղանակով մենք կարողանանք նրանց գիտական ներուժն օգտագործել հօգուտ մեր բուհի եւ մեր պետության շահերի:

– Ի՞նչ այլ դրական ազդեցություն ունի օտարերկրյա ուսանողների թվի ավելացումը բուհի համար, բացի ֆինանսականից:

– Ենթադրվում է, որ օտարերկրյա ուսանողն այլ ակադեմիական մշակույթի ներկայացուցիչ է, նրա մտածելակերպը տարբերվում է տեղի ուսանողներից, նա սովորել է այլ մեթոդներով մինչեւ մեր բուհն ընդունվելը: Նա մեր համալսարան է բերում նոր մտածելակերպ, ընդլայնում բազմազանությունը, եւ այդպիսով նպաստում իր կողքին սովորող այլ ուսանողների ակադեմիական հաջողությանը եւ առաջընթացին:

– Որո՞նք եք համարում Ձեր բուհի հիմնական խնդիրները միջազգայնացման ասպարեզում:

– Մենք ավելի ակտիվ ներգրավվածություն պետք է ունենանք միջազգային ծրագրերում, հնարավորություններ ստեղծենք ընդլայնելու միջազգային գիտահետազոտական գործունեությունը, խթանման ձեւեր գտնենք, որպեսզի մեր դասախոսները որակյալ հոդվածներ տպագրեն միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական պարբերականներում, արդյունավետ դարձնենք միջազգայնացման գործընթացների կառավարումը՝ շեշտը դնելով ամբիոնների եւ ֆակուլտետների միջազգային գործունեության ընդլայնման վրա, կարողանանք մշակել եւ ներդնել ավելի շատ համատեղ եւ կրկնակի դիպլոմով ծրագրեր, փորձենք արդյունավետ ձեւեր գտնել միջազգային կազմակերպություններից արտաքին ֆինանսական հոսքերի ընդլայնելու եւ հաստատության ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով: Բոլոր խնդիրները հարկավոր է լուծել համալիր եղանակով՝ հաշվի առնելով մերօրյա կյանքի տեմպը եւ երկրին աջակից լինելու անհրաժեշտությունը եւ կարեւորությունը բոլոր առումներով:

 

Զրուցեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ»

30,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031