Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունիսի 2-ին իմ ծննդյան օրն է, հուլիսի 1-ին՝ Գալյայինս»

Մարտ 31,2017 13:00

Թատրոնի երախտավոր Երվանդ Ղազանչյանի ուսանողները
տեւական դադարից հետո մասնակցեցին ԳԻՏԻՍ-յան փառատոնին

Շուրջ 25 տարվա դադարից հետո Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողները իրենց պրոֆեսորի՝ անվանի ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի գլխավորությամբ մասնակցել են վերջերս ԳԻՏԻՍ-ում կայացած ուսանողական փառատոնին: Թատերական գործիչները «Առավոտի» հետ զրույցներում կարեւորելով դեռեւս ուսանողական տարիներից սկիզբ առնող ստեղծագործական շփումները, մշտապես հիշատակել են դեռեւս անցյալ դարի կեսերին Մոսկվայում սկիզբ առած այդ փառատոնը, ավելին, նշել, թե ժամանակին ուսանողական տարիներից հիշյալ միջոցառման մասնակիցն են եղել մերօրյա թատերարվեստի նշանավոր դեմքերից շատերը:

Մեզ հետ զրույցում Երվանդ Ղազանչյանը նշեց, թե հայ ուսանողները վերջին շրջանում կղզիացած էին, ինչը մեծ բացթողում էր: Նրա ձեւակերպմամբ, Ռուսաստանը եղել եւ մնում է աշխարհի թատերական արվեստի կենտրոն: Մեր զրուցակիցը հիշեց, որ 1950-ականների սկզբներին գեղարվեստաթատերական ինստիտուտի Վարդան Աճեմյանի եւ Արմեն Գուլակյանի արվեստանոցների ուսանողները, այդ թվում եւ ինքը, մասնակցել են այդ փառատոնին՝ Շիրվանզադեի «Չար ոգի» եւ Սունդուկյանի «Կտակը» ներկայացումներով: Նշեց նաեւ, թե ԳԻՏԻՍ-ի փառատոնին իր 9 ուսանողները հատվածաբար ներկայացրել են Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխությունը»:

Դիտարկմանը, թե ռեժիսորը իր ղեկավարած Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում իսկապես մեծ ուշադրության է առանձնացնում ոչ միայն երիտասարդներին, այլեւ մեր ազգային դասական եւ ժամանակակից դրամատուրգների ստեղծագործություններին, պարոն Ղազանչյանն ասաց. «Այսօր կոմեդիայի թատրոնում նաեւ շուրջ 18 դասական եւ ժամանակակից հեղինակների գործեր են: Այդպես էլ պետք է լինի, չէ՞ որ ազգային թատրոն գոյություն չի կարող ունենալ առանց ազգային դրամատուրգիայի»: Ռեպլիկին՝ ոչ միայն երիտասարդ դերասանների, ռեժիսորների եւ նկարիչների է «երես տալիս», այլեւ նրանցից մեկ-երկուսը արդեն իր կոլեգաներն են՝ հանդիսանալով տարբեր թատրոնների գեղարվեստական ղեկավարներ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ախր այդպես էլ պետք է լինի: Այո, Արցախի Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ուսանողս՝ Ռուզաննա Խաչատրյանը, Գավառի Լեւոն Քալանթարի անվան թատրոնինն էլ՝ Արմեն Սաֆարյանը: Այս պահին կոմեդիայի թատրոն ենք ընդունել երեք շնորհալի դերասանների: Ի վերջո, սերնդափոխությունը բոլոր ոլորտներում պետք է կատարվի, իհարկե՝ աստիճանաբար: Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր երիտասարդ ստեղծագործողի «հիմքը» ամուր լինի, «բարձրահարկ» կառուցելիս հանկարծ չսկսի միանգամից երրորդ հարկից…»:

Ընթացիկ տարին հոբելյանական է Երվանդ Ղազանչյանի եւ նրա տիկնոջ՝ սիրված դերասանուհի Գալյա Նովենցի համար:

Մեր զրուցակցին փոխանցեցինք իր գործընկերների հետաքրքրությունը՝ ինչո՞ւ Հայաստանի բոլոր բարձրագույն պարգեւները՝ ներառյալ ՀՀ նախագահից ու Վեհափառից ստացած, արվեստագետը, որը շուրջ 150 բեմադրություն է իրականացրել Հայաստանում եւ արտասահմանում, 22 տարի էլ ղեկավարում է Կոմեդիայի թատրոնը, մինչ օրս չի արժանացել մշակույթի նախարարության ոսկե մեդալի: Ի պատասխան՝ Երվանդ Ղազանչյանը լիաթոք ծիծաղեց ու ընդամենն ասաց. «Հունիսի 2-ին իմ ծննդյան օրն է, հուլիսի 1-ին՝ Գալյայինս»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

30,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031