Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԲՈՒԺԵԼԻ

Մարտ 31,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ յոթանասունութերորդ

ԱՆԲՈՒԺԵԼԻ

Եվ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «թատրոնն անբուժելի հիվանդություն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ մտել ա Ֆելոյի գլուխը, էլ դժվար թե դուս գա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ես էլ եմ թատրոնի անբուժելիներից» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կարեւորն էն ա, որ Հրաչյա Ներսիսյանը խոստացել ա օգնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ինքը հենց ընենց՝ օդի մեջ խոստացողներից չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մենք էլ մեր կարեցածի չափով կաշխատենք օգնենք», եւ հայրս Ֆրունզիկին ասաց՝ «բայց Ֆելոյին չասես, որ էդ թեմայով հետդ խոսացել եմ», եւ Ֆրունզիկը հարցրեց՝ «ո՞ր թեմայով», եւ հայրս պատասխանեց ու ասաց՝ «էդ թատերական ինստիտուտի», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ինչի՞ չասեմ», եւ հայրս  մի քիչ մտածեց ու ասաց՝ «պետք չի», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ պետք չի, չեմ ասի» եւ մի քիչ էլ մտածեց, ձեռքը տարավ գրպանն ու գրպանից մի երեքանոց հանելով՝ մեկնեց հորս, եւ հայրս ապշահար նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «էս ի՞նչ ա», եւ Ֆրունզիկը պատասխանեց ու ասաց՝ «ավտոյիս համարների փողն ա», եւ հայրս զարմացած նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «Ֆելոյին հինգանոց չես տվե՞լ», եւ Ֆրունզիկը պատասխանեց ու ասաց՝ «տվել եմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդ հինգանոցն ավտոյի համարների հետ ոչ մի կապ չունի», եւ հայրս Ֆրունզիկի ձեռքից երեքանոցն  առավ, մտցրեց Ֆրունզիկի պիջակի գրպանն ու ասաց՝ «ամեն ինչն էլ ամեն ինչի հետ կապ ունի» եւ մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին վրդովված հարցրեց՝ «կարող ա՞ էդ ավտոյիդ համարները վրեդ ութ մանեթ նստացնենք», եւ երբ Ֆրունզիկը պիջակի գրպանից երեքանոցը հանեց, հայրս նեղսրտած ասաց՝ «արդեն վիրավորում ես, Ֆրունզ ջան», եւ երբ հայրս էդ ասաց, եւ երբ Ֆրունզիկը երեքանոցը շալվարի գրպանը դրեց, էդ պահին արհեստանոցի դուռը բացվեց, եւ դռան մեջ հայտնվեց Ֆելոն՝ երկու  լիքը տոպրակներով, եւ Ֆրունզիկը Ֆելոյին տեսնելով՝ զարմացած ասաց՝ «էս լավ էլ շուտ էկար» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդտեղ սովորաբար միշտ հերթ ա լինում», եւ Ֆելոն ասաց՝ «էսօր էլ էր շատ մեծ հերթ», եւ հայրս ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «Ֆելոյին ամեն տեղ ճանաչում են» եւ փռթկացնելով ավելացրեց՝ «մանավանդ՝ քյաբաբնոցներում», եւ Ֆելոն ժպտալով ասաց՝ «բայց Ֆրունզիկ Մկրտչյանին ավելի լավ են ճանաչում» եւ ժպտալով ավելացրեց՝ «հենց Ռաֆոյին ասեցի, որ Ֆրունզիկ Մկրտչյանի համար ա, ինքը ներս գնաց, հետո դուրս էկավ ու աչքովունքով ինձ հասկացրեց, որ գնամ՝ հետեւի դռնից վերցնեմ», եւ հայրս Ֆելոյին հարցրեց՝ «Ռաֆոն քեզ չի ճանաչո՞ւմ», եւ Ֆելոն տոպրակները սեղանին դնելով ասաց՝ «շատ լավ ա ճանաչում» եւ Ֆրունզիկին նայելով ավելացրեց՝ «Ռաֆոն էլ ա իրա ավտոյի համարները մեր մոտ բերում» եւ հորս նայելով ասաց՝ «բայց որ ասեցի՝ Ֆրունզիկ Մկրտչյանի համար ա, միանգամից ձեռուոտ ընկավ», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին հարցրեց՝ «էս սաղ քյաբաբներն իմ համար ա՞», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմնականում՝ հա» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆրունզիկին ասաց՝ «դուք որ էկաք, մենք արդեն պերերիվ էինք արել», եւ Ֆրունզիկը Ֆելոյին հարցրեց՝ «ձեր պերերիվից քանի՞ ժամ ա անցել», եւ Ֆելոն ժամացույցին նայելով պատասխանեց ու ասաց՝ «էրկու ժամից մի քիչ ավել», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «էրկու  ժամ մենակ Ստանիսլավսկուց ենք խոսացել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ մի քիչ էլ Ստանիսլավսկուց խոսանք, լրիվ կսովածանաք», եւ Ֆելոն զարմացած նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «Ստանիսլավսկուց ի՞նչ խոսանք», եւ Ֆրունզիկը ժպտալով հարցրեց՝ «էրկու ժամ ի՞նչ էինք խոսում», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն ինչից խոսացել ենք՝ բացի Ստանիսլավսկուց»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031