Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու մենակ չես». (Ֆոտոշարք)

Մարտ 30,2017 23:55

Մարտի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ «Դու մենակ չես» խորագրով բարեգործական համերգը, որի ստացված ողջ հասույթը կուղղվի սահմանամերձ բնակավայրերում ապրող, սոցիալապես անապահով այն կանանց, որոնց մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ: Նախաձեռնությունը «Եվրոպա Դոննա Արմենիա» քաղցկեղի դեմ պայքարի կազմակերպությանն է:

«Եվրոպա Դոննա» ընկերությունը համախմբել է աշխարհի 47 երկրները, որոնց թիվը 2015 թվականից համալրել է նաեւ Հայաստանը։ Համերգը նվիրված էր կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելմանը եւ հասարակության շրջանում հիվանդության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

«Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպության նպատակը ոչ միայն օգնելն է անապահով կանանց կրծքագեղձի քաղցկեղի հաղթահարման փուլում, այլ նաեւ տեղեկացնել հանրությանը, որ վաղ հայտնաբերման դեպքում այն լիարժեք բուժվում է, պետք է ուղղակի ճիշտ ժամանակին հետազոտվել:

Բարեգործական համերգը երկրորդ տարին է, ինչ անցկացվում է: Անցյալ տարվա ողջ հասույթը եւս տրամադրվել է անապահով կանանց կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար: Կազմակերպությունը գործունեության 2 տարիների ընթացքում տարբեր միջոցառումներ է իրականացրել, ունեցել է մարզային այցելություններ, որոնց շրջանակներում անվճար բժշկական հետազոտություններ են կատարվել:

«Եվրոպա Դոննա Արմենիա» կազմակերպության ներկայացուցիչ Նվարդ Քոչարյանի խոսքերով՝ մարզային այցելություններն այս տարի եւս կշարունակվեն՝ ընդլայնված բժշկական կազմով. ոչ միայն կրծքագեղձի հետազոտություն կանցկացվի, այլ նաեւ կլինեն այլ ոլորտի մասնագետներ եւս:

Համերգի ընթացքում ցուցադրվեց տեսահոլովակ, թե ինչպես է կինը տնտղում այն պայուսակը, որը ցանկանում է գնել, որին հաջորդեց կոչը՝ ձեր առողջությունը եւս արժանի է նման ուշադրության: Պարբերաբար կատարեք բուժզննում եւ կանխեք հնարավոր քաղցկեղը:

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, որը, Արմեն Հայրապետյանի հետ վարում էր համերգային ծրագիրը, կոչ արեց կանանց հետեւել սեփական առողջությանը եւ հետազոտվել ճիշտ ժամանակին, ասելով, որ վաղ հայտնաբերման դեպքում ամեն բան կկանխարգելվի. «Ամեն ինչի վրա ժամանակ եւ գումար ենք ծախսում, բացի առողջությանը հետեւելուց, քանի դեռ դանակը ոսկորին չի հասնում, մտածում ենք` դեռ ժամանակը չէ: Հենց սկզբում ցանկացած հիվանդություն, այդ թվում եւ քաղցկեղը՝ իր բոլոր տարատեսակներով, ճիշտ ժամանակին ախտորոշվելու դեպքում, առանց որեւիցե խնդրի բուժվում է»:

Համերգի ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան հայկական շոու-բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ: Երգիչ Արամ MP3-ն իր ելույթն ավարտեց համերգի խորագրին համահունչ երգով` “Not alone”-ով, ընդգծելով, որ ոչ ոք այս աշխարհում մենակ չէ:

Մերի ԻՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031