Այսօր Վանաձորում կայացած հանրահավաքի ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորության թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հիշեց երբեմնի արդյունաբերական քաղաք համարվող Վանաձորի անցյալը: Միաժամանակ ասաց, որ իրենց կուսակցությունը գիտի, թե ինչպես կարելի է զարգացնել Վանաձորը:
«Ինձ համար պարզ է թե ինչ պետք է անել Վանաձորում: Դա բյուջետային ինքնաբավությունն է, ինքնաբավ դարձնել տեղական բյուջեն: Զարգացնել գիտելիքային փոքր արտադրությունը եւ դրանց շեմը բարձրացնել շուրջ 3 անգամ… Ես տեսնում եմ, թե ինչպես կարելի է տեղից շարժել Վանաձորը: Այն, ինչ ես տեսնում եմ այս քաղաքում, դա շոկ է՝ քաղաքի վիճակը, ճանապարհները»:
Նրա կարծիքով Վանաձորում տիրող իրավիճակի միակ մեղավորը գործող իշխանությունն է: «Էդ մարդկանց նպատակը ոնց որ լինի ձեզ աղքատացնել, հետո ասել, քանի որ աղքատ եք մեզնից փող՝ կաշառք խնդրեք, հետո կաշառվեք, որ ձայն տաք, դուք ձայն եք տալիս, հետո իրենք գալիս են կառավարություն են ձեւավորում: Հետո մտածում են, ըհն, սրանց նենց անենք, որ կյանքում լավ չապրեն, եթե լավ ապրեցին մեր կաշառքներին թամահ չեն անելու Էս շղթան կրկնվում է»:
Կարդացեք նաև
Հրանտ Բագրատյանն ասաց, որ իր հետ դեբատի չի ցանկանում մասնակցել որեւէ կուսակցության ներկայացուցիչ: «Կառավարության ծրագրի շուրջ ոչ մեկ բանավեճի չի գալիս»:
-Իրանք էլ ասում են մենք ենք կանչում նրանք չեն գալիս,- բարձրաձայնեց հավաքվածներից մեկը:
-Մենք պատրաստ ենք, բայց տեսնում ենք, որ չեն ուզում գալ մասնակցեն այդ բանավեճին: Եթե իշխանությունը, երբեմն, խուսափում է բանավեճից, ես դա հասկանում եմ: Բայց, երբ որ ընդդիմադիրներն են խուսափում, դա քիչ եմ հասկանում: Հետեւությունները թողնում եմ ձեզ, -կուսակցի խոսքը լրացրեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը:
Հանդիպման ժամանակ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ իրենց կուսակցությունը պատրաստ է Վանաձորում տարեկան կատարել 20-22 մլդ. դրամի ներդրում:
Մանրամասները ավելի ուշ՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ