Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ում հայտնվել են ՀՀԿ-ի համար ձայներ հավաքած տնօրենների բացատրություններն՝ առանց կնիքի ու նշումների

Մարտ 30,2017 23:33

ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած  տնօրենների ձայնագրությունները քննող կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը մի շարք տարօրինակ զուգադիպություններ արձանագրեց:

Փաստաբանը ուսումնասիրեց այդ ձայնագրությունների վերաբերյալ տնօրենների բացատրությունները ու ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ասաց՝ տպավորություն է, որ ստորագրություններն ու բովանդակությունը չեն համընկնում.

«Անզեն աչքով երեւում է՝ ստորագրությունը եղել է  դատարկ թղթերի վրա, հետո տեքստն է լրացվել, բոլոր տեքստերի տակ, որոնք ուսումնասիրել եմ, բացակայում է որեւէ նշում ամսաթվի վերաբերյալ: Չեմ կարծում, որ ինչպես դուք ներկայացրեցիք տարբեր մարզերում ու քաղաքներում ապրող մարդիկ տեքստ են գրել՝ թույլ տալով նույնանման սխալներ, չեմ հավատում, որ սա մի կենտրոնից կազմակերպված չլինի, որոնց տակ որեւէ մեկը չի գրում ամսաթիվ, այս բացատրություններում որպես փաստաթուղթ բացակայում է նշում մուտքի վերաբերյալ:

Երբ բերել ենք մեր դիմումը ներկայացրել ենք, ձեր հանձնաժողովի աշխատողը թերթել ու տեսել է ՝ամեն ինչ ճիշտ է, նոր միայն մուտքի կնիք է դրել, այս փաստաթղթերի վրա ոչ մի կնքի չկա: Չկա որեւէ նշում, որ սա մուտքագրվել է  ձեր հիմնարկ: Ինչպե՞ս կարելի է ԿԸՀ թուղթ մուտքագրել՝ առանց կնիքի, առանց համապատասխան նշումների:

Ո՞ւր  է մուտքի կնիքը: Տառացի նույն տեքստերն են, ո՞նց  է ստացվել՝ նույն ձեւակերպումներն ու բովանդակությունն է»: Ի դեպ, այս հարցադրումներին, պարոն Մուկուչյանը չարձագանքեց ու չպարզաբանեց:

Փաստաբանն արձանագրեց նաեւ, որ բացատրությունները հակասում են ձայնագրություններին, որտեղ հստակ ասում են, որ ագիտացիա են արել, բացատրություններում՝ հերքում:

Պարոն Բաղդասարյանը միջնորդեց նիստը մի քանի ժամով հետաձգել, որ հասցնի ծանոթանալ բոլոր բացատրություններին ու կարողանա դրանք  համադրել ձայնագրությունների հետ:  Նա պնդեց նաեւ տնօրեններին ԿԸՀ հրավիրելու ու նրանց լսելու իր միջնորդությունը:

ԿԸՀ-ն երկու միջնորդությունն էլ մերժեց, բայց նիստը հետաձգեց մի քանի ժամով՝ որոշման նախագիծը հրապարակելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031