Մեկուկես ժամվա ընդմիջումից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ-ն) վերսկսեց նիստը: Ընդմիջման ժամանակ ՕՐՕ եւ «Ելք» դաշինքների ներկայացուցիչները հասցրին մասամբ ծանոթանալ 114 դպրոցների տնօրենների սկանդալային ձայնագրությունների վերաբերյալ տնօրենների տված բացատրություններին:
«Այս բացատրությունները տվող անձինք վարույթի շրջանակում կարգավիճակ ունեցե՞լ են»,- հետաքրքրվեց «Ելք» դաշինքից Արտակ Զեյնալյանը, ի պատասխան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց՝ որոշման նախագիծը կհրապարակեն, հարցերի պատասխանը կտրվի. «Այս վարչական վարույթի ժամանակ հարց տալու իրավունք չունեք»՝ հավելելով, որ ԿԸՀ-ն իրազեկել է բոլորին ու ստացել բացատրությունները:
Թե որտեղ են բացատրությունները տվել տնօրենները՝ ԿԸՀ-ո՞ւմ, թե՞ այլ տեղ, պարոն Մուկուչյանը պատասխանեց՝ էական չէ: Պարոն Զեյնալյանը պնդեց՝ իրենց համար էական է:
«Դե, իմ այս պատասխանն ընդունեք որպես ձեր հարցի պատասխան»,- ասաց պարոն Մուկուչյանը:
Կարդացեք նաև
«Ակնկալում ենք արդյունավետ քննություն անցկացվի: Մենք իրավունք ունենք մեր դիմումն ամրապնդել լրացուցիչ ապացույցներով, տպավորություն է, որ մեզ ցրում եք: Հարցեր ունենք, որոնց պատասխանը պետք է ստանանք»,- հակադարձեց պարոն Զեյնալյանը:
Պարոն Մուկուչյանը խնդրեց հարցերը դադարեցնել՝ ասելով, որ որեւէ հարցի այլեւս չի պատասխանելու:
Պարոն Զեյնալյանը շարունակեց հարցերը՝ արդյոք ԿԸՀ-ն դիմել՞ է դատարան որեւէ թեկնածուի գրանցումը կասեցնելու պահանջով:
Ի պատասխան պարոն Մուկուչյանն ասաց՝ այս հարցը առարկայի հետ առնչություն չունի, դրա համար չի պատասխանում այդ հարցին:
Պարոն Զեյնալյանն էլ արձանագրեց, որ ԿԸՀ գործողությունն անկողմնակալության ու անաչառության առումով տարակուսանք է առաջացնում. «Հորդորում եմ ԿԸՀ-ին փոխել իր վարքագիծը կամ ինքնաբացարկ հայտնել»:
Ըստ նրա, այս վարչական վարույթի շրջանակում, եթե ԿԸՀ-ն լսեր այս ձայնագրությունները հրապարակած կազմակերպությանը, ապա իրենց օգտին կբացահայտվեին մի շարք ապացույցներ. «Այս հեռախոսային զրույցները իրականացվել են աշխատանքային ժամին, այսինքն, այն բացատրությունները, որ տրվում են կեղծ են ու չեն համապատասխանում իրականությանը, կպարզվեր, որ ՀՀ մանկապարտեզների ու դպրոցների տնօրենների գերակշռող մեծամասնությունը ՀՀԿ-ական են, այն դեպքում, երբ հասարակության մեջ ՀՀԿ-ականների տեսակարար կշիռը անհամադրելի ցածր է, հայտնի է՝ նրանք վերջին վեց ամիսների ընթացքում են անդամագրվել ՀՀԿ-ին: Մեր վերլուծությունը թույլ է տալիս ընդհանրացնել, որ մարզպետներն են ներքաշված այս գործընթացում, վարչական շրջանի աշխատակազմերը, գյուղապետարաններն ու քաղաքապետարանները եւ ընտրական շտաբերը:
Ձայնագրությունների համար դպրոցները եւ մանկապարտեզները ընտրվել են պատահական սկզբունքով, որեւէ ընտրանք չի արվել, ԿԸՀ-ն փոխանակ պարզի արդյոք այն ավելի մեծ ընդգրկվածություն ունի, թե՞ ոչ, ստանձնել է ՀՀԿ-ի պաշտպանի դերակատարությունը, առարկում ենք ԿԸՀ-ի այս անգործության դեմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ