Տավուշի մարզկենտրոն Իջեւանի բնակիչները բողոքում են, որ 3 օր առաջ քաղաքում վաճառվող բենզինը թանկացել է: Եթե նախկինում մեկ լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում է ր 360 դրամով, այժմ այն իրացվում է 390 դրամով: 30 դրամով թանկացել է նաեւ «Պրեմիում» տեսակի բենզինը: Եթե նախկինում այդ տեսակի բենզինի մեկ լիտրի գինը Իջեւանի բենզալցակայաններում 380 դրամ էր , հիմա 410 դրամ է:
Նոյեմբերյան քաղաքի մթերային խանութներում մեկ կիլոգրամ շաքարավազի գինը 430- 450 դրամ է: Վաճառողն ասաց, որ շաքարավազը դեռեւս 2016թ. դեկտեմբերին է թանկացել: Իջեւանի սուպերմարկետում շաքարավազի գինը այժմ 405 դրամ է: Իջեւանի բնակիչները հայտնեցին, որ 2016թ. ամռանը մարզկենտրոնի խանութներում շաքարավազի գինը 330, աշնանը` 350-360 դրամ էր: Նոյեմբերյանի մթերային խանութների վաճառողներն ասացին, որ գների թանկացումը կատարվում է պարբերաբար, փոքր չափով:
Ամեն անգամ խանութներում սննդամթերք հանձնելիս ապրանքների առաքիչները հայտնում են նոր գներ,որոնք նախկինից 5-10 դրամով թանկ են լինում: Այդպես է արվում, որպեսզի ապրանքների կտրուկ թանկացում չլինի, գնորդները դժգոհություն չհայտնեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ