Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն անդրադարձել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին:
«Տեր-Պետրոսյանին գիտեմ որպես պրագմատիկ մարդ, և եթե նա նման հայտարարություններ է անում, նշանակում է՝ հասկանում է, որ Հայաստանի զարգացման ուղին անցնում է Ադրբեջանի հետ խաղաղության միջով»,-ասել է Մութալիբովը haqqin.az-ին տված հարցազրույցին:
Ադրբեջանի նախկին նախագահի խոսքով՝ «խաղաղություն պետք է երկու կողմերին էլ և զուր չէ, որ Տեր-Պետրոսյանը նման մեսիջ է ուղարկում հայ ժողովրդին»:
«Եթե նա մեզ ձեռք է մեկնում, չպետք է մերժենք այն»,-ասել է Մութալիբովը և նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները պետք է առաջ նայեն, մտածեն երկրների, տարածաշրջանի բարօրության մասին: «Այլընտրանք մենք չունենն. կամ մենք հավետ թշնամություն ենք անելու, կամ պետք է ուժ գտնենք՝ խաղաղության շուրջ պայմանավորվելու համար»,-հավելել է նա:
Կարդացեք նաև
«Միշտ կարծել եմ և կարծում եմ, որ խաղաղ գոյակցությունն այլընտրանք չունի: Այստեղ քաղաքական կամք է պետք և՛ մեր կողմից, և՛ հայկական կողմից, որպեսզի այս ցավոտ խնդիրը լուծենք: Ոչ մեկ չի լուծի այս խնդիրը մեր փոխարեն. ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ո՛չ ուրիշ մի խումբ: Մենք բոլորս պետք է մեր ժողովուրդներին խաղաղության պատրաստենք»-ասել է Ադրբեջանի նախկին նախագահը: