Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ. ԿԸՀ անդամը նետեց հանձնաժողովի որոշումը՝ ասելով «Գլուխս տարար»

Մարտ 30,2017 21:40

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այս պահին քննում է Օսկանյան-Օհանյան-Րաֆֆի դաշինքի կողմից ներկայացված դիմումը՝ 114 դպրոցների տնօրենների սկանդալային ձայնագրություններին առնչվող: Դաշինքը պնդում է, որ տնօրենները չարաշահել են իրենց պաշտոնական լիազորությունները՝ աշխատելով ՀՀԿ-ականների օգտին՝ պահանջելով կասեցնել ՀՀԿ-ի գրանցումը խորհրդարանական ընտրություններին:

Հիշեցնենք, որ, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հրապարակած ձայնագրությունների, դպրոցների տնօրենները պատմում են՝ ՀՀԿ-ի օգտին ձայներ են հավաքագրել, ցուցակներով ներկայացրել մարզպետարաններ, թաղապետարաններ:

Նման մի դիմում՝ ՕՐՕ դաշինքի կողմից ներկայացված, ԿԸՀ-ն նախօրեին մերժել էր՝ հիմնավորելով, որ դիմումի մեջ չկան փաստեր ու իրավական հիմնավորումներ, այսօր ԿԸՀ-ն քննում է «Ելք» դաշինքի նույն պահանջով դիմումը՝ լրացուցիչ հիմնավորումներով:

Դաշինքի ներկայացուցիչ՝ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ասաց, որ համամիտ չէ հանձնաժողովի որոշման հետ, թե դպրոցի տնօրենները կուսակցական աշխատանքով զբաղվել են իրենց մանկավարժական լիազորություններից դուրս եւ իրենց արածը քարոզչություն չէ, այլ պարզապես նախապես իմանալով՝ տվյալ մարդիկ ընտրելու են ՀՀԿ-ին,  գրանցել են նրանց անունները:

«Մեր դիմումը հիմնվում է  ձայնագրությունների վրա: Դուք ասում եք, որ տվյալ անձինք ընդամենը հավաքագրել են իրենց ընտրող մարդկանց ձայներն ու ներկայացրել շտաբեր, ձայնագրությունում լրիվ այլ զրույց է գնում»,- ասաց փաստաբանը:

Պարոն Բաղդասարյանը նաեւ միջնորդեց նշված դպրոցների գոնե հինգ տնօրենի հարցաքննել ու խոստացավ ապացուցել, որ ԿԸՀ որոշման մեջ ներկայացված փաստերը չեն համընկնում իրականությանը:

Նա նաեւ թվարկեց բոլոր այն տնօրենների անունները, որոնք, ըստ ձայնագրության, պատմում էին, թե ինչպես են աշխատում ՀՀԿ-ի ու նաեւ ՀՀԿ-ական վարկանիշային թեկնածուների համար՝ ցուցակներ ներկայացնելով շտաբներ, մարզպետարաններ, թաղապետարաններ.

«Իրենք խոսում են իրենց առանձնասենյակից, հստակ ասում են՝ ցուցակները գտնվում են իրենց  համակարգիչների մեջ, իսկ համակարգիչները գտնվում են դպրոցի կամ մանկապարտեզի տարածքում: Այսինքն, ձեր որոշման մեջ, որ գրել եք՝ նրանք լիազորություններից դուրս են գործել, համամիտ չեմ, եթե ասում է համակարգչիս մեջ է, իսկ համակարգիչը դպրոցում ու մանկապարտեզում է, արդյոք սա այն դե՞պքն է, որ լիազորությունից դուրս է»:

Պարոն Մուկուչյանը նկատեց, որ ձայնագրություններում հստակ լսվում էր, որ կան տնօրեններ, որոնք խոսել են դրսում՝ բջջային հեռախոսով, ըստ նրա, մեկն էլ նույնիսկ գազելում էր այդ պահին:

«Նրանք օգտագործել են իրենց պաշտոնական դիրքը, աշխատողների ցուցակը ներկայացրել են ՏԻՄ-երին, որոնք էլ կոորդինացրել են: Եթե նրանցից գոնե հինգ հոգու հրավիրենք բաց լսումների, ես կապացուցեմ, որ չարաշահել են իրենց լիազորությունները, ցուցակներում նույնիսկ երեխաների ծնողներին են ներգրավել»:

«ԵԼՔ» դաշինքի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ փաստական հանգամանքների ամբողջական քննարկում է պարտավոր ապահովել, ապա հետաքրքրվեց՝ որեւէ ապացույց ձեռք բերվե՞լ է մեր օգտին:

Պարոն Մուկուչյանն ասաց՝ տնօրեններից բացատրություններ էին ստացել նախորդ նիստին, դա էլ նշված է  որոշման մեջ:

«Որեւէ ապացույց ձեռք բերվե՞լ է մեր դիմումի շրջանակներում»,-նորից հարցրեց պարոն Զեյնալյանը:

Ի պատասխան պարոն Մուկուչյանն ասաց, որ ձեռք բերված ապացույցները վերաբերում են նաեւ այդ գործին:

Ի դեպ, այսօր միջադեպ գրանցվեց ԿԸՀ-ում: ԿԸՀ անդամներից Սեյրան Շահսուվարյանը Նիկոլայ Բաղդասարյանի՝ փաստեր ներկայացնելու ընթացքում ձեռքերով շարժումներ էր անում, պարոն Բաղդասարյանը հարցրեց՝ «ինչու եք ձեռքերի շարժումներ անում իմ ելույթի ժամանակ, ես իմ ասածը հիմնավորում եմ որոշմամբ» եւ ԿԸՀ որոշումը դրեց կողքին, ինչը պարոն Շախսուվարյանը մի կողմ նետեց՝ ասելով. «Գլուխս տարար»:

Միջամտեց պարոն Մուկուչյանը՝ «Սեյրան, Սեյրան», ինչից հետո միջադեպն ավարտվեց: ԿԸՀ-ն մեկուկես ժամ ընդմիջում հայտարարեց, որից հետո կանդրադառնան տնօրենների բացատրություններին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Ինչպես ասում են փորձված աղվեսն էլ է թակարդն ընկնում: Հիմա սրանց ջղաձգումներն անտեղի է … Բոլորն էլ տեսան, լսեցին, թէ ինչ է կատարվել` ներառյալ արտասահմանյան երկրները: Այն որ ՀՀԿ կոչվածը թվեր է նկարելու ոչ ոք չի կասկածում, բայց լեգիտիմության հարցն արդեն կասկածի տակ է… Այնպես որ ” գուլյայ Վասյա ՀՀԿ”

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031