Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ եկել էին, ջղայնացած, գրգռված, ես անձամբ մի կերպ եմ հանգստացրել». (Տեսանյութ)

Մարտ 30,2017 21:30

Այսօր, «Մոսկվա» կինոթատրոնում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման էին եկել «գերակա շահ» հայտարարված տարածքների`Բյուզանդի, Արամի փողոցի բնակիչները, «Ֆիրդուսի» շուկա կոչվող տարածքի բնակիչները: Մի կին վարչապետին բողոքելով ասաց, որ ինքը նաեւ ՀՀԿ-ի շտաբի պետ է, հազիվ է հաջողել ժողովրդին համոզել, որ ընտրեն Գագիկ Բեգլարյանի եղբոր`ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրված Հակոբ Բեգլարյանի օգտին:

«Մարդիկ եկել էին, ջղայնացած, գրգռված, ես անձամբ մի կերպ եմ հանգստացրել, ուղարկել եմ պարոն Սադոյանի մոտ»,- ասաց կինը`զուգահեռ գովելով Բեգլարյան եղբայրներին, ՀՀԿ-ին: Կնոջ խոսքից հետո, վարչապետը զարմացած հարցրեց. «Ես հիմա՞ պիտի պատասխան տամ»:

Կինը համաձայնեց`հետո պատասխան ստանալու տարբերակին: Իսկ այդ ընթացքում նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն իր թիկնապահին կանչեց եւ հանձնարարական տվեց:

Մանրամասները`տեսանյութում

Մինչ այդ, Արամի փողոցի նախկին բնակիչ մի կին բողոքել էր, որ իրենք ութ-ինը տարի վարձով են ապրում: Նախկին վարչապետը փոխհատուցման գրաֆիկ էր սահմանել, ըստ որի, մինչեւ անցած տարվա դեկտեմբեր այդ մարդկանց գումարները պետք է փոխհատուցվեին: Բայց գրաֆիկը չկատարվեց, փոխհատուցման գումարն էլ 1000 դոլարին համարժեք գումարից իջեցվել է 620 դոլարի: Ավելին, հիմա իրենց տներ են առաջարկում Նորք-Մարաշում. «Ինչ-որ չոլի մեջ, ոչ դուռ կա, ոչ լուսամուտ, ոչ հոսանք, ոչ էլ գաջած ա»:

Վարչապետին հարցրեցին նաեւ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարությունից, Իրան-Հայաստան ոռոգման ջրատարից, արագաչափերի արձանագրած խախտումների տուգանքներից:

Վերջին հարցին պատասխանեց արդարադատության նախարարը:

Հյուսիս-Հարավի մասին հարցին`վարչապետն ասաց, որ առայժմ նոր վարկ չեն նախատեսում վերցնել, տարբերակներ են քննարկում`պետություն-մասնավոր հնարավորություններով ավտոճանապարհի որոշ, առավել կարեւոր հատվածների շինարարությունն ավարտին հասցնեն: Իրան-Հայաստան ոռոգման համակարգը նա հնարավոր է համարում, բայց մինչ բանակցությունների ավարտը ձեռնպահ կմնա այդ մասին խոսել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031