Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր վերջին քարոզչական հանդիպումն անցկացրեց: Վարչապետը հանդիպեց Երեւանի Կենտրոն համայնքի բնակիչների հետ: Հանդիպմանը ներկա էին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նաեւ նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը:
Վերջինիս եղբայրը`ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրված թեկնածու Հակոբ Բեգլարյանը, ՀՀԿ-ի մյուս վարկանիշային թեկնածուները եւս ներկա էին հանդիպմանը:
Մի երիտասարդ աղջիկ վարչապետին հարցրեց իր հոբբիների մասին`գիրք կարդալ, բանավիճել, ըմպել: «Գիրք կարդում եմ, բանավիճում եմ, ըմպում եմ»,- եղավ վարչապետի պատասխանը: Մեկ ուրիշին էլ Կարեն Կարապետյանի քաղաքական իդեալն էր հետաքրքրում: «Որեւիցե իդեալ, կումիր չեմ ունեցել»,- ասաց վարչապետը` հավելելով, որ տարբեր գործիչների մեջ իրեն տարբեր հատկանիշներ կամ հատկություններ են դուր եկել, բայց հավաքական կերպար չի ունեցել:
Կարդացեք նաև
Մանրամասները`տեսանյութում
Ամփոփելով Կենտրոն Համայնքի բնակիչների հետ հանդիպումը՝ վարչապետն ասաց, որ իրենք մոտ հարյուր հանդիպումներ են ունեցել այս ընթացքում: Վստահեցրեց, որ ժողովրդի հետ խոսել են անկեղծ, ազնիվ, հաճախ այնքան անկեղծ են եղել, որ դա մարդկանց դուր չի եկել: Միևնույն է, չեն ցանկացել լղոզված եւ ականջահաճո բաներ ասել: Վարչապետը կոչ արեց ապրիլի երկուսին անպայման մասնակցել ընտրություններին, քվեարկել խղճի մտոք: Ու ասաց, որ լավ երկիր կառուցելու համար բոլորս պետք է քրտնաջան աշխատենք:
Ի դեպ, ՀՀԿ-ի քարոզչական վերջին միջոցառումը կկայանա վաղը`մարզահամերգային համալիրում: Բայց այն, ինչպես քարոզչական մեկնարկի միջոցառումն էր, փակ կլինի լրատվամիջոցների համար: Նախատեսված է ներկուսակցական միջոցառում, որին կմասնակցի նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ