«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց նոր կայքը, որի միջոցով կարելի է վերահսկել ընտրությունները: Մասնավորապես՝ գրանցվելով կայքում հնարավորություն եք ունենալու փնտրել Հայաստանի Հանրապետության քաղաքացի ցանկացած անձի, եւ եթե տեղյակ եք, որ նա չի մասնակցելու ընտրություններին՝ կայքի միջոցով հայտնել այդ մասին:
Նմանատիպ ծրագիր ունի նաեւ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, ԱԺ պատգամավոր, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորության թեկնածու Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրենք պայմանավորվել են համագործակցել եւ համադրել իրենց ցուցակները. «Սա ընդամենը գործիք է տեղեկությունների հավաքման համար, որը ունի շատ կարեւոր նշանակություն՝ շնորհիվ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների այսուհետեւ նման տեղեկությունների տրամադրման դեպքում գործում է հավաստիության վարկածը»:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք անձնական տվյալների պաշտպանության խնդիր չի առաջանա, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Նախեւառաջ, եթե խոսքը գնում է այն տվյալների մասին, որոնք մենք բացահայտում ենք՝ անուն, ազգանուն, հայրանուն եւ հասցե, այդ տվյալները մենք չենք բացահայտում, այդ տվյալները բացահայտում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը, օրենքի պահանջ է: Այդ համակարգը գործում է արդեն տարիներ շարունակ, այսինքն՝ մենք նոր բան չենք ավելացրել՝ տվյալների պահպանման գաղտնիքի առումով»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչքան ժամանակ է հասանելի լինելու տվյալների այդ բազան, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ կանենք, որ այս տվյալները մշտապես բաց լինեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ