Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ և Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ համագործակցությամբ Բրիտանական խորհուրդն ավելի քան հինգ ամիս դասընթացներ է անցկացրել ռազմական հաստատությունների ուսանողների և ուսուցիչների համար:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ուսուցիչների, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ուսանողների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների համար անցկացվել են 120-ական ժամ տևողությամբ անգլերենի դասընթացներ:
«Դասընթացների ավարտից հետո նրանք հանձնել են Aptis անգլերենի ստուգման թեստ և ուրախությամբ պետք է նշեմ, որ ծրագրի մասնակիցների մոտ լեզվի մակարդակի որակական փոփոխություն է եղել»,-ասաց ծրագրի ղեկավար Ադդեհ Հովասափյանը:
Մարտի 30-ին ծրագրի ավարտի կապակցությամբ ռազմական համալսարաններ և արտակարգ իրավիճակների նախարարություն էր այցելել Հայաստանում ՄԹ պաշտպանության գծով կցորդի օգնական Թրեյսի Փալմերը:
Կարդացեք նաև
Այս դասընթացների նպատակներից էր հնարավորություն տալ հայ զինվորականներին մասնակցել միջազգային ծրագրերին և փրկարարական նախաձեռնություններին:
Ընդհանուր առմամբ ծրագրին մասնակցել է 36 ուսանող և ուսուցիչ, և ծրագրի արժեքը կազմել է 14.000 ֆունտ ստեռլինգ:
Ռազմական հաստատությունների համար անցկացվող դասընթացները շարունակական են լինելու: Ապրիլից անգլերենի դասընթացներ են անցկացվելու էքսպեդիցիոն բժշկական արագ արձագանքման դաշտային հոսպիտալի 24 աշխատակցի համար :
Բրիտանական խորհուրդ