Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը սահմանեց հարկային նոր արտոնություններ

Մարտ 30,2017 18:20

Կառավարությունն ընդունել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մի շարք որոշումներ: Ինչպես նշել է  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, նախորդ շաբաթ հասարակությանն է  ներկայացվել հարկային, մաքսային բարեփոխումների առաջին  փուլը:

«Գործարար աշխարհի կողմից այն շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել,  և Ձեր հանձնարարականով մենք արդեն ձեռնամուխ ենք եղել երկրորդ փուլի աշխատանքներին: Այսօր երեք նախագիծ արդեն ներկայացնում ենք կառավարության քննարկմանն ու հաստատմանը»,-նշել է Վ.Հարությունյանը:

Եվ այսպես՝ գործադիրը սահմանել է ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները միասնական hաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար hարկ վճարողների չափանիշները, ԱԱՀ  զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ  փոխհատուցվող գումարների՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգը և ժամկետները: Համապատասխան որոշման ընդունման նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է: Խնդիրն այն է, որ  արտահանումը խթանելու համար անհրաժեշտ է աստիճանաբար պարզեցնել արտահանողներին ԱԱՀ-ի գումարների վերադարձման ընթացակարգը և կրճատել ժամկետները: Որոշմամբ առաջարկվում է սահմանված  չափանիշներին բավարարող հարկ վճարողներին ԱԱՀ-ի գումարները վերադարձնել էականորեն պարզեցված ընթացակարգով և անհամեմատ ավելի կարճ ժամկետներում: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշիվ մուտքագրումը, իսկ 2017թ. ընթացքում՝ վերադարձը իրականացվում է՝ առանց հարկային մարմնի կողմից ուսումնասիրություն կամ ստուգում կատարելու, ընդամենը 4 աշխատանքային օրվա ընթացքում՝ ներկայումս սահմանված 90 օրվա փոխարեն:

Գործադիրը հավանություն է տվել նաև ՊԵԿ-ի ներկայացրած   «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի նպատակը ՀՀ ներդրումային միջավայրի բարելավումն ու տնտեսվարող սուբյեկտների ներդրումային ակտիվության բարձրացումն է: Նախագծերով առաջարկվում է սահմանել, որ ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից բոլոր տեսակի մեքենաների, սարքավորումների և հումքային ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից: Միաժամանակ, նախագծերով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրի և գործարար ծրագրերի շրջանակում ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը, ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, սահմանվում է մեկ տարի, ինչը ներդրողներին հնարավորություն կընձեռի էականորեն կրճատել իրենց կողմից կատարված ներդրումների հետ գնման ժամկետը՝ դրանով իսկ բարձրացնելով մեր երկրի ներդրումային գրավչությունը:

Կառավարությունը հաստատել է էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ ՄՄԱՏՀ մուտք գործելու կարգը:  Արդյունքում ակնկալվում է դյուրացնել էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրումը և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ ՄՄԱՏՀ մուտք գործելը:

Կարեն Կարապետյանը կարևորել է  ընդունված որոշումները և նշել. «Պետք է այդպես համարձակ գնալ առաջ: Մենք այս տարի նախատեսում ենք պլանավորածից ավելի շատ սեփական եկամուտներ, և գտնում ենք, որ բիզնեսի համար  ստեղծում ենք ավելի բարենպաստ պայմաններ»:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031