Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեյրան Օհանյանը մարտի 1-ին զորք չէր կարող մտցնել Երևան, քանի որ նա դրա իրավունքը չուներ»

Մարտ 30,2017 17:43

«Սամվել Բաբայանին ընտրությունների ավարտից երկու շաբաթ առաջ ազատազրկել ու մեղադրել ինչ-ինչ բաներում, ամենևին էլ մեզ համար գովազդ չէր»,- հայտարարեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ընտրացուցակով պատգամավորի թեկնածու Ազատ Արշակյանը:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Արշակյանը մտահոգություն հայտնեց. «Չէր կարելի Սամվել Բաբայանի հետ այդպես վարվել այն դեպքում, երբ նա ազատամարտիկի, ղարաբաղյան պատերազմի խորհրդանիշ էր: Եթե դաշինքի լիդերը Սեյրան Օհանյանն է, ազատամարտը չի կարելի անտեսել: Եվ Սամվել Բաբայանի ձերբակալությունն ամենևին գովազդ չէ: Մարդիկ հասկանում են, որ եթե Սամվել Բաբայանին չեն խնայում, գեներալը զինված հարձակվում է ակտիվիստների վրա ու նա ազատ շրջում է, դեռ զենք է կուտակում, այ դա, բոլորովին էլ գովազդ չէ, այլ մեծ վնաս է ոչ միայն մեր դաշինքին, այլև ստվերում է ամբողջ ընտրական գործընթացը: «Ծառուկյան» դաշինքի համակիրները նույնպես վախեցան, որ իրենց վրա էլ կկրակեն: Նրանք ուզում են ասել, որ մենք բոլորի համար ենք կոկորդիլոս»:

Անդրադարձ կատարվեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Սեյրան Օհանյանի հասցեին հնչած հետևյալ հայտարարությանը. «Իր՝ իշխանության մեջ լինելու ժամանակ նորից Սերժն ու Նալբանդյանը քննարկել են, համաձայնվել են, հայտարարեցին էլ, որ Կազանյան փաստաթուղթը ստորագրել ենք, իսկ Ադրբեջանը չստորագրեց։ Որևէ մեկը արտահայտվե՞ց դրա մասին: Նույն Օհանյանը, որ կառավարության մաս էր, ամենակարևորագույն ոլորտի պատասխանատուն էր։ 1998 թվականին Վազգեն Սարգսյանի ոլորտին վերաբերո՞ւմ էր, որ վեր կացավ դեմ դուրս եկավ այս ծրագրին։ Վազգենը արեց, դո՞ւ ինչու չկարողացար անել, պարոն Օհանյան։ Դու էլ վեր կենայիր ասեիր՝ ես համաձայն չեմ, հրաժարական տայիր, կամ Սերժ Սարգսյանին հեռացնեիր իշխանությունից»։

Այս առիթով պարոն Արշակյանն արձագանքեց. «Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք հանրաքվեի արդյունքում հռչակվեց անկախությունը: Այնքան մեծ գործ է արված, որ միշտ պատկառանքով եմ հիշում Լևոն Տեր-Պետրոսյանին»:

Դառնալով Սեյրան Օհանյանի հետ կապված դիտարկմանը՝ պարոն Արշակյանն ասաց. «Զինվորականը պետք է կատարի հրամանը: Վազգեն Սարգսյանը, երբ չկատարեց, դա Հայաստանի համար ծանր հարված էր: Վազգեն Սարգսյանը գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը չկատարելու բացասական օրինակ է տվել: Նա պարտավոր էր բանակից դուրս գալ: Զինվորականը երդմանը պետք է հավատարիմ մնա, հակառակ դեպքում դա բանակ չէ, երդում չէ: Սեյրան Օհանյանը մարտի մեկին զորք չէր կարող մտցնել Երևան, քանի որ նա գլխավոր շտաբի պետն էր և դրա իրավունքը չուներ: Բայց ով որ մտցրել է, շատ վատ է արել»:

Այն դիտարկմանը, թե իր տրամաբանությամբ հրաման է կատարել, հետևաբար ինչպե՞ս է ասում, որ շատ վատ է արել, պարոն Արշակյանն արձագանքեց. «Եթե բանակը հրամանը չի կատարում, բանդա է: Բանակը մեղավոր չէ. գերագույն գլխավոր հրամանատարն է հրամայում, բանակը մտնում է քաղաք»:

Ազատ Արշակյանի համոզմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը դառը փորձ ունի, երբ չեն կատարում գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը: Ամփոփելով այս հարցի վերաբերյալ պարզաբանումը՝ պարոն Արշակյանն ասաց. «Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է մտնի ընդդիմության կարգավիճակի մեջ և ասի, որ իշխանությունից մենք ավելին ենք ուզում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031