Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող ծրագրերը

Մարտ 30,2017 16:49

Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող աշխատանքները և պատասխանել լրատվամիջոցների հարցերին:

Անդրադառնալով պարարտանյութերի սուբսիդավորման ծրագրին` նախարարը նշել է, որ պարարտանյութն արդեն ներմուծվել է հանրապետություն, բաշխումն իրականացվում է ըստ պահանջարկի և կատարված վճարումների: Միաժամանակ նախարարը հավելել է, որ հետագայում նախատեսվում է անցնել պարարտանյութերի շուկայի ազատականացմանը:

Խոսելով վնասատուների դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումների մասին` Իգնատի Առաքելյանը նշել է, որ ընթացիկ տարում այս ուղղությամբ հատկացվել են ավելի շատ ֆինանսական միջոցներ` մոտ 106 մլն դրամ:

Սերմացուների տրամադրման ծրագրի վերաբերյալ նախարարը մասնավորապես նշել է, որ այս տարի գարնանացանի աշխատանքների կատարման համար 587 մլն դրամի չափով 1710 տոննա սերմ է ներմուծվել, որից մոտ 280 մլն դրամը սուբսիդավորվել է պետության կողմից, քանակը ձևավորվել է մարզերի կողմից ներկայացված պահանջարկի համաձայն, սերմացուների բաշխման գործընթացն արդեն մեկնարկել է:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղեկացմամբ` «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի հետ համատեղ սկսվել է և բոլոր մարզերում ընթացքի մեջ է գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների ծրագիրը, որի ընդհանուր արժողությունը 1 մլրդ դրամ է, որից 456 մլն դրամ կազմում է պատվաստանյութերի արժեքը և 593 մլն դրամն ուղղվելու է աշխատանքների կազմակերպմանը:

Նախարարը կարևորել է նաև վերջերս մեկնարկած Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագիրը, որի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել գյուղատնտեսական տեխնիկա տարեկան ընդամենը 2% լիզինգային տոկոսադրույքով: Նախարարը տեղեկացրել է, որ այս պահին ծրագրի շրջանակներում վարկային միջոցներ տրամադրում է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ն, որպես գյուղտեխնիկայի մատակարար հանդես է գալիս «Սպեցմաշ» ընկերությունը: Ընդհանուր առմամբ, արդեն ներկայացվել է 33 հայտ մարզերից, որոնք քննարկման փուլում են:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը նաև տեղեկացրել է, որ այսօր ՀՀ կառավարության նիստում հաստատվել է գյուղացիական վարկերի սուբսիդավորման ծրագիրը, որի շրջանակում գյուղացիական տնտեսությունների տրամադրվող մինչև 14 տոկոս վարկերը կսուբսիդավորվեն 6 տոկոսային կետով: Ծրագրի իրականացման ողջ ժամանակահատվածում տրամադրվել են մոտ 99 մլրդ դրամի 119 հազար միավոր վարկ:

Իր խոսքում նախարարն անդրադարձել է նաև «Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման» ծրագրին, որը նույնպես հաստատվել է այսօր կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ:

«Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգային ծրագրով մենք կկարողանանք ապահովել խոշոր տնտեսություններին, իսկ այն գյուղացիական տնտեսությունները, որոնք չունեն միջոցներ գյուղտեխնիկայի ձեռքբերման համար, կկարողանան օգտվել գյուղտեխնիկայի կայանի ծառայություններից», – նշել է նախարարը: Միաժամանակ նախարարը վստահություն է հայտնել, որ պիլոտային ծրագրով կազմակերպվող կայանը հետագայում կարող է խթան հանդիսանալ այլ կայանների ստեղծման համար:

Ծրագիրն իրականացվելու է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի միջոցով գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի բարձրացման նպատակով, իրականացման համար պետության կողմից հատկացվելու է մինչև 700 մլն ՀՀ դրամ: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կազմակերպելու է մրցույթ:

Նախարարը վստահություն է հայտնել, որ «Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման» ծրագրի իրականացումը նախապայմաններ կստեղծի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների արդյունավետության բարձրացման, մշակվող հողատարածքների քանակի ավելացման, գյուղացիական տնտեսությունների բարեկեցության բարձրացման և գյուղական համայնքների զարգացման համար:

Նախարարն անդրադարձ է կատարել նաև միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերին, այդ թվում` բնածին աղետների դեմ պիլոտային ծրագրերին, հանրապետության մի շարք մարզերում կաթիլային ոռոգման համակարգերի ներդրմանը, օրգանական գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրմանը, հանրապետության ամբողջ տարածքում քարտեզագրման և զոնավորման աշխատանքների իրականացմանը, և այլն:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031