ՀՅԴ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Ռուզաննա Առաքելյանի համոզմամբ, ժողովրդի մի ստվար զանգվածի արդեն չի հետաքրքրում ընտրակաշառքը, դրանով չեն կատարելու իրենց ընտրությունը: Նա այսօր «Հենարան» ակումբում նաեւ հպարտացավ, որ այս ընտրություններին բավականին մեծացել է ՀՅԴ-ի ընտրազանգվածը:
«Մենք ունենք մեր կայուն ընտրազանգվածը, հիմնականում մտավորական մասսան է Դաշնակցության կողմից: Կարծում եմ, որ սա պայմանավորված է նրանով, որ սահմանադրական բարեփոխումների հիմնական առաջարկողն էինք և դրանով էր նաև պայմանավորված, որ մենք իշխանության հետ համագործակցության պայմանագիր կնքեցինք»,- ասաց պատգամավորի թեկնածուն:
«Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ Բաբայանն էլ մտահոգություն հատնեց, որ վարկանիշային ընտրակարգը թույլ չի տալիս ընտրությունները քաղաքական լինել:
Պարոն Բաբայանի խոսքով, հետընտրական գործընթացներ կլինեն, եթե կեղծիքներ լինեն, ու փաստված, որոնց արդյունքում ակնհայտ կլինի՝ իրենց հաղթանակը. «Բայց դուրս գալ փողոց միայն նրա համար, որ դուրս ես եկել փողոց, նրա համար, որ մարդկանց տանես Երևանի փողոցներով էքսկուրսիաների, ասել, որ լավ հիմա չէ, աշնանը կանենք իշխանափոխություն, սխալ է»:
Կարդացեք նաև
Նարեկ Բաբայանը նաեւ հիշեցրեց, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա չեն կազմի ու չեն կիսի ՀՀԿ-ի հետ բոլոր հանցագործությունները:
Ռուզաննա Առաքելյանն էլ ասաց՝ իրենց համար իշխանություն կամ ընդդիմություն լինելն ինքնանպատակ չէ. «Ես չգիտեմ մի ընդդիմադիր ուժ, որ այնքան գործ անի, ինչքան «Դաշնակցությունն» է արել, երբ իշխանություն է եղել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ