Կալանավորված անձ Վահան Շիրխանյանի պաշտպանը լրատվամիջոցներին իր պաշտպանյալի առողջական վիճակի և նրան տրամադրվող բժշկական օգնության եղանակների ու բուժման ընթացքի վերաբերյալ տված հարցազրույցում Քրեակատարողական ծառայությանը մեղադրել է կես ճշմարտություն ասելու մեջ` մասնավորապես նշելով, թե իբր «իր պաշտպանյալի նկատմամբ իրոք դեղորայքային բուժում է նշանակվել, չորս պրոֆիլային բժիշկների հսկողության տակ գտնվելու ու երկու հետազոտություն անցկացնելու ցուցումներ են տրվել: Սակայն, քրեակատարողական հիմնարկը ստում է՝ ասելով, թե իբրև կատարվում են բոլոր ցուցումները:
Հայկ Ալումյանը պարզաբանեց, որ Վահան Շիրխանյանին չորս դեղամիջոց է նշանակվել, որից երեքը չի տրվել քրեակատարողական հիմնարկի կողմից, ընդ որում, երկուսն ընդհանրապես չի տրվել, իսկ երրորդը, որը Վ.Շիրխանյանի հարազատներն են բերել, ընթացքում վերջացել է»:
Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում նշել հետևյալը:
Իհարկե, ցանկալի կլիներ, որ այնուամենայնիվ, պաշտպանը կողմնորոշվեր, թե ի վերջո քանի դեղամիջոց է նշանակվել Վ. Շիրխանյանին և ավելացներ, թե ինչու դրանց մի մասը քրեակատարողական հիմնարկի կողմից չի տրվել իր պաշտպանյալին, որովհետև ցանկացած արհեստավարժ փաստաբան շատ լավ գիտի դեղամիջոցների տրման կարգը, համաձայն որի` որոշ դեղամիջոցներ, ընդգրկված չլինելով Ֆինանսների նախարարության կողմից հաստատված գնումների, այդ թվում` դեղորայքի միասնական անվանացանկում, չեն կարող տրամադրվել կալանավորված անձին կամ դատապարտյալին:
Կարդացեք նաև
Այդուհանդերձ, ի գիտություն բոլոր շահագրգիռ անձանց, չենք զլանա ևս մեկ անգամ հանրությանը իրազեկել, որ կալանավորված անձ Վ. Շիրխանյանին նշանակված 7 անուն դեղորայքից տրվել են նրանք, որոնք ընդգրկված են վերոնշյալ անվանացանկում:
Ի դեպ ևս մեկ անգամ տեղեկացնենք, որ կալանավորված անձ Վ. Շիրխանյանը ՀՀ ԱՆ «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու օրվանից մինչ այսօր ընկած ժամանակահատվածում 11 անգամ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում քաղաքացիական տարբեր բժշկական հաստատություններում, այդ թվում` իր նախընտրած կենտրոններում և իր նախընտրած բժիշկ-մասնագետների կողմից ենթարկվել է 20-ից ավելի տարատեսակ հետազոտությունների (ստորին վերջույթների դուպլեքս, համակարգչային, մագնիսա-ռեզոնանսային հետազոտություններ, լաբորատոր տարաբնույթ քննություններ և այլն):
Ինչ վերաբերում է պաշտպանի այն դիտարկմանը, թե « համարյա երեք շաբաթ բացի ՔԿՀ բժշկից ոչ մի նեղ մասնագետ բժիշկ չի գնացել Շիրխանյանի մոտ: Այդ պրոֆիլային բժիշկներն այցելել են միայն այն բանից հետո, երբ պաշտպանը հերթական բողոքներն է ներկայացրել Արդարադատության նախարարություն ու Քրեակատարողական վարչություն», ապա նշենք, որ թերևս ցանկացած բժիշկ կփաստի, որ պրոֆիլակտիկ բժիշկների հսկողության տակ գտնվելու ցուցումը չի ենթադրում նեղ մասնագետների ամենօրյա այցելություն:
Ի դեպ կալանավորված անձ Վ. Շիրխանյանին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ թույլտվությունը տրվել է դեռևս ս/թ մարտի 27-ին, սակայն վերջինս հրաժարվել է տեղափոխվել` պատճառաբանելով, որ համապատասխան որոշում կկայացնի իր փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո միայն:
Հավելենք, որ Քրեակատարողական ծառայությունը 27.03.2017թ. կրկին դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում Վ. Շիրխանյանի հերթական հետազոտությունը (ողնաշարի գոտկա-սրբանային հատվածի ՄՌՏ հետազոտություն) կազմակերպելու նպատակով:
Եվ վերջում. վերոշարադրյալը վկայում է, որ Հ. Ալումյանը Վ. Շիրխանյանի հետ կապված կես ճշմարտությունն է ասել:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին