Այսօր «Հայացք» ակումբում «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր ամբողջ կյանքի քաղաքական գործունեությունը կապված է եղել ռիսկի հետ. «Ես 2 տարի բանտում եմ անցկացրել, 1 տարի 4 ամիս ընդհատակում եմ անցկացրել, իմ մեքենան պայթեցրել են, ինձ երկու անգամ դատապարտել են, իմ վրա բազմահազարանոց դոլարներով տուգանքներ են դրել եւ այլն: Այսինքն, այդ ռիսկը ես վերցրել եմ ինձ վրա: Դուք էլ ձեր վրա այդ փոքրիկ ռիսկը վերցրեք եւ մի օրով կարող է ձեր թաղի քուչի հեղինակությունը ձեզ թարս նայի: Կամ ոնց կլինի, որ դուք ձեր քուչի հեղինակության ասածը չեք կարողանում շրջանցել»:
Նա ասաց, որ եթե մարդիկ քվեախցում ընտրում են իրենց քուչի հեղինակությանը, ուրեմն իրար հետ որեւէ հախ ու հաշիվ չունեն:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ընտրատեղամասերում կարո՞ղ եք վերահսկել: Նա պատասխանեց, որ հիմա բավականին լայն ներգրավվածություն կա եւ սփյուռքից, եւ հայաստանյան դիտորդները. «Մենք վստահված անձինք ունենք բավարար թվով եւ ընտրատեղամասերը, ընդհանուր առմամբ, կլինեն վերահսկողության տակ»:
Մենք հարցրեցինք ՝դուք ամեն ընտրատեղամասում 3 վստահված անձ ունենալո՞ւ եք, որովհետեւ նախկինում ասում էիք, որ քաղաքական ուժերը ընտրատեղամասում 3 վստահված անձ չեն ունենում, հետո ասում են՝ վա՜յ իշխանությունը բիրտ ուժ կիրառեց, բա որ չունեք, ո՞նց եք անելու՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Սփյուռքից ներգրավված են դիտորդական խմբերում, բաց հրավեր ենք ուղղել հանրությանը, որ մեզ աջակցեն, շատ մեծ թվով մարդիկ մեզ արձագանքել են: Կոնկրետ թիվը ես այս պահին չեմ կարող ասել: ՀՀ-ում կան մարդիկ, ովքեր պատրաստ են ընտրակեղծիքների եւ կան մարդիկ, ովքեր պատրաստ են պայքարել ընտրակեղծիքների դեմ: Հիմա նժարի հարցն է, թե որ նժարը կհաջողվի ծանրացնել՝ մեր քաղաքական ակտիվությամբ: Բոլոր այն քաղաքացիները, որոնք պետք է մեղադրանքներ ներկայացնեն, թե ինչի դուք այդ տեղամասում չունեք տասը վստահված անձ, տեղամասից 50 մետր հեռավորության վրա եւս 5 վստահված անձ, այդ քաղաքացուն հարց է տրվում՝ իսկ դուք պատրա՞ստեք լինել վստահված անձանցից մեկը, ասում է՝ չէ, ես ՀՀԿ-ի թիմում եմ, որովհետեւ մամաս դպրոցի տնօրեն է…Ասում ենք՝ վստահված անձ կլինեք, ասում է՝ հա, թե բա՝ քանի՞ անգամ եք հաց տալու: Մենք վստահված անձ ենք առաջարկում լինել, ռեստորան չենք հրավիրում»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ բոլոր ընտրատեղամասերում առնվազն երկու վստահված անձ կլինի :
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ