Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա անբարոյականություն է Նիկոլի կողմից, իրենց վարկանիշը մոտ է զրոյի». ՕՐՕ դաշինք

Մարտ 30,2017 14:10

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու, «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին աշխատակից Գեղամ Նազարյանին այսօր «Հայացք» ակումբում Aravot.am-ը փոխանցեց քիչ առաջ նույն ակումբում «Հայկական ժամանակ» օրաթերթի հիմնադիր Նիկոլ Փաշինյանի հայտնած կանխատեսումը, որ խորհրդարան կանցնեն երեք ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը եւ «Ելքը»:

Գեղամ Նազարյանը արձագանքեց. «Միանգամից ասեմ՝ դա անբարոյականություն է Նիկոլի կողմից, իր դաշինքի կողմից նման հայտարարություն անելը: Նման կեղտոտ տեխնոլոգիաներ կիրառում է միայն իշխանությունը: Արդեն քանի շաբաթ է՝ Նիկոլն ու իր ընկերները այս ու այնտեղ հայտարարում են, որ կան երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ իրենք: Իրենց վարկանիշը շատ ցածր է իրականում, մոտ է զրոյի եւ հատկապես Տավուշի մարզում իրենց շատ հետաքրքիր անուն են դրել արդեն, ես չեմ ուզում այդ անունն օգտագործել: Ուղղակի շատ ցավ եմ ապրում, որ մարդկանց խաբում են, թյուրիմացության մեջ են գցում: Եթե իրենք իրոք ընդդիմադիր են, իրենց գործունեության թիրախը փոխանակ իշխանություններին դարձնեն, թիրախ են դարձնում մյուս՝ ոչ կառավարվող ուժերին: Կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը շատ լավ տիրապետում է, թե իրենց վարկանիշը ինչքան է»:

Մենք ճշտեցինք՝ Տավուշում ի՞նչ անուն են դրել իրենց, ոչ եթերային է, դրա՞ համար չեք ասում՝ Գեղամ Նազարյանը պատասխանեց. «Չեմ ուզում վիրավորել, բայց իրենք լավ գիտեն, իրենց կհարցնեք՝ կասեն իրենց ինչ են ասում: Երբ որ գնում են դատարկ գյուղերում կանգնում են ու բարձրախոսներով վանկարկումներ են անում եւ արագ հեռանում են, մարդիկ այդ տեսարաններին գիտեք ինչ ներկայացում են ասում»:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես են վերաբերվում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քննադատությանը, որ Օհանյանը ինչո՞ւ հրաժարականը չպահանջեց Սերժ Սարգսյանի, Վազգենն արեց, ինչո՞վ էր պակաս, կամ Օսկանյանը ինչո՞ւ է հիմա դարձել մադրիդյան սկզբունքների խորթ հայրը, առաջ հայրն էր՝ Գեղամ Նազարյանը պատասխանեց. «Մարդը եղել է առաջին նախագահը, տիրապետում է ԼՂ խնդրի ամբողջ գործընթացին, իրեն համարում է ընդդիմադիր, փոխանակ անդրադառնա իշխանություններին, հիմնական թիրախը դարձնում է մեր դաշինքը: Տարբեր հեռուստաընկերություններով էլ դա նախընտրական հոլովակ են դարձրել եւ այդ հատվածն են տարածում՝ ՕՐՕ դաշինքի հետ կապված»:

Գեղամ Նազարյանը վստահեցրեց, թե Օսկանյանի ժամանակ միայն առաջընթացներ ենք ունեցել, հասավ նրան, որ Լիսաբոնի խայտառակ փաստաթղթից հետո ունեցանք մադրիդյան փաստաթուղթը, որտեղ ամրագրվեց Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ ինչ վերաբերում է Օհանյանի պահանջին, նրա խոսքերով՝ «դա արդեն Օհանյանը որոշեց, թե երբ դուրս գա եւ իր տեսակետները հայտնի, մնացածը ոչ հրապարակման ենթակա հայտարարություններ կլինեն, իրավունք չեմ վերապահում ինձ ասել, թե իր պաշտոնավարման ժամանակ Սեյրան Օհանյանը ինչ բանավեճեր է ունեցել հենց իշխանության ներսում»:

Մեր դիտարկմանը՝ Օսկանյանի ժամանակ միայն առաջընթա՞ց ենք ունեցել, Ղարաբաղը բանակցությունների սեղանից դուրս թողելը նույնպե՞ս առաջընթաց էր՝ նա պատասխանեց. «Նա բազմաթիվ անգամ պարզաբանել է: Գոյություն ունի քաղաքական իշխանություն, առանց որի որեւէ համաձայնություն չի իրականանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031