Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հասարակության ուղեղների լվացումը նա եւ իր շրջապատն է փորձում անել». Բագրատ Եսայանը՝ Տեր-Պետրոսյանին

Մարտ 30,2017 13:33

Այսօր «Հայացք» ակումբում ՀՅԴ ընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու Բագրատ Եսայանն անդրադարձավ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քննադատությանը իրենց ծրագրային դրույթների վերաբերյալ՝ ԼՂ հարցով: Նա հիշեցրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պնդում էր, թե իր գնալուց հետո տնտեսությունը թուլանալու է, բայց նրա հրաժարականից ընդամենը 2-3 տարի հետո ՀՀ-ում սկսվեց տնտեսական զարգացման փուլը, որը շարունակվեց մինչեւ 2007-2008-ը, երբ համաշխարհային ճգնաժամը սկսվեց. «Այդ ընթացքում նա մոռանում է իր ասածը, որ մեր տնտեսությունը գնալով թուլանալու է, որովհետեւ շրջափակման մեջ ենք, ԼՂ հարցը լուծված չի: Նա այդ զարգացման 7-8 տարիները ջնջել է իր հիշողությունից ու փորձում է ժողովրդի հիշողությունից ջնջել: Մենք 3 տարի ունեինք ներգաղթ, ոչ թե արտագաղթ: Իր ասածն ակնհայտ սուտ է»:

Մեր դիտարկմանը, որ ըստ Տեր-Պետրոսյանի, այսպիսի ուղեղների լվացումը կործանարար է լինելու ազգի համար՝ Բագրատ Եսայանն արձագանքեց. «Ինձ թվում է՝ իր ուղեղի լվացումն է արդեն վերջնական փուլի հասել: Ինքը իր ուղեղը լվացել է 91-ից մինչեւ հիմա եւ որեւէ այլ մոտեցում իր ուղեղը չի մտնում: Մանավանդ տնտեսության մեջ մարդն ակնհայտ ասում է՝ ես տնտեսության մասին պատկերացում չունեմ եւ իր նախագահության օրոք էլ ով կհիշի՝ մարդը ուղղակի չէր միջամտում տնտեսական զարգացմանը: Տնտեսությունը հանձնել էր վարչապետներին, որոնք փոխվում էին թաշկինակի նման՝ օրը մեջ, եւ տնտեսական զարգացումն իր համար հարյուրերորդ պլանում էր: Ինքը իրեն աշխարհակարգին համարժեք գործիչ էր համարում՝ հայկական իրականությունից շատ բարձր եւ փորձում էր համաշխարհային վերլուծություններ անել՝ իրականությունից, Հայաստանի հողից կտրված: Փորձում էր վերլուծություն անել, թե որ ուժն է ավելի հիմնական դառնում աշխարհում, որն է երկրորդը դառնում, Հայաստանն ինչ վիճակում կլինի եւ այլն: Այս օդի մեջ կատարվող վերլուծությունները թող ինքը փորձի անել իր համախոհների շրջանակում: Ուղեղների լվացումը հասարակության նա եւ իր շրջապատն է փորձում անել: Մեր ասածը մենք փաստով ապացուցել ենք: Երբ որ մենք տնտեսության մեջ զարգացում էինք արձանագրում, միջազգային հանրության առաջարկը շատ ավելի լավն էր դառնում, քան 97-ին իր կործանած տնտեսության արդյունքում 97-ի դեկտեմբերին իրեն եւ ՀՀ-ին արված փուլային առաջարկը: Նա լղոզված անցնում է դրա կողքով: Կարգավիճակի հարցը հետաձգվում էր: Մենք ուղղակի հանձնում էինք ամեն ինչ՝ անվտանգության գոտին հանձնում էինք, ազատագրված տարածքները հանձնում էինք, Լաչինի հարցը հարցական էր մնում եւ ոչինչ չէինք ստանում: Արդյունքում ստանում էինք այն, որ ադրբեջանցի փախստականները վերադառնում էին եւ ստանում էինք ինչ-որ խոստում ինչ-որ մի ժամանակ կարգավիճակի հարցին անդրադառնալ: Սա՞ էր լուծումը: Նա Քի Վեսթյան, Միացյալ պետության կամ մադրիդյան սկզբունքները, որ ասում է՝ փորձեք կարդալ բոլոր առաջարկները եւ համեմատեք 97-ի փուլային տարբերակի հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031