Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տեր-Պետրոսյանը երեւի վախեցած է եղել փոքր ժամանակ ու վախեցնում է բոբոյով, թե գալու են ձեզ ուտեն». Բագրատ Եսայան

Մարտ 30,2017 12:39

Այսօր «Հայացք» ակումբում ՀՅԴ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բագրատ Եսայանը ամփոփելով քարոզարշավը՝ ասաց, որ բոլորը նախընտրական շրջանում ականատես եղան բռնությունների, դանակահարության, նույն կուսակցության ներսում հաճախ ընդհարումներ եղան. «Սա ապացույց է այն հանգամանքի, որ կուսակցությունները չունեն թիմային զգացողություն, քաղաքական մեկ ծրագրի, մեկ գաղափարախոսության շուրջ լինելու զգացողությունը: Սա ամենաբացասականն էր, որ այս քարոզարշավին նկատվում էր»:

Բագրատ Եսայանն ասաց, որ գաղափարական պայքարը փոխարինվեց ընդդիմություն-իշխանություն սարքովի հարցով: Նա անդրադարձավ մյուս քաղաքական ուժերի խոստումներին, ընդգծելով., որ մեկը 3 մլրդ-ի ներդրում է խոստանում, մյուսը՝ 3 անգամ ավելի ու ստացվում է, որ ով ավելի շատ սկզբունքն է գործում:

Խոսելով առաջին նախագահի քննադատությունների մասին՝ Բագրատ Եսայանն ասաց՝ ՀՅԴ-ն պայքարելու է Ղարաբաղի անկախության համար, անկախության միջազգային ճանաչման համար: Սա է ԼՂ հարցի լուծման միակ ընդունելի ճանապարհը: Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը իր մոտեցումը փորձում էր ամեն կերպ հիմնավորել՝ հաճախ նույնիսկ խեղաթյուրելով փաստերը:

Առաջին խեղաթյուրումն այն էր, որ 1997-ի դեկտեմբերին փուլային լուծումն ավելի լավ առաջարկ է, քան հետագա բոլոր լուծումները՝ Քի Վեսթի, մադրիդյան լուծումները: Ըստ Եսայանի, դա շահարկում է, որովհետեւ այն ժամանակվա լուծումը ուղղակի հանձնել էր նշանակում Ղարաբաղը: Ղարաբաղը հանձնելու Լեւոն Տեր-Պետրոսյանի ցանկությունը ի հայտ է եկել 1997-ի Ժելեզնովոդսկից: Ըստ նրա՝ առաջին նախագահը ամեն գնով պատրաստ է ստորագրել ամեն առաջարկ:

Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «Ուրվագիծ» հաղորդմանը հայտնած քննադատությունը ՀՅԴ-ի՝ ԼՂ հարցով ծրագրային դրույթների վերաբերյալ. «Եկեք պատկերացնենք, որ Արմեն Ռոստոմյանը կամ Աղվան Վարդանյանը ՀՀ ԱԳ նախարարն է, նա գնում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից արտասանում է այս արտահայտությունը, ինչ է լինում դրանից հետո։ Մի սցենար կարող եմ ասել՝ Գլխավոր ասամբլեայի նախագահողը ասում է՝ երիտասարդ, խնդրում եմ, անցեք բեմի հետեւում իմ աշխատասենյակը ՄԱԿ-ի կանոնադրությունն է դրված, ուսումնասիրեք և հետո եկեք ձեր ելույթը շարունակեք։ Սա ինչ է։ Լավ ավելի բան չասեմ, ով ինչ մտածում է, թող ասի»:

Բագրատ Եսայանը պատասխանեց. «Գիտեք, այդ միջազգային բոբոյով, համաշխարհային հանրության բոբոյով այդ մարդը 26 տարի շարունակ վախեցնում է մեր հասարակությանը: Ասում է՝ հենց հիմա եթե չստորագրեք կապիտուլյացիան, եթե ուշադիր կարդաք նրա ժամանակվա բոլոր փաստաթղթերը, Ժելեզնովոդսկից սկսած՝ այդ մարդը երեւի վախեցած է եղել փոքր ժամանակ եւ հիմա էլ իր մանկության հիշողությունը փորձում է փոխանցել ժողովրդին, որ եթե հանկարծ չանեք, տեսեք՝ գալու են ձեզ ուտեն: Չկա այդպիսի բան: Չկա համաշխարհային հանրություն միակուռ մի պատ, որ եթե հաջորդ օրը չանենք՝ ամբողջ ծանրությունն ընկնելու է մեր վրա: Նենգափոխվում է նրա բոլոր ելույթների ընթացքում, որ մեր բոլոր պրոբլեմները խաղաղության համաձայնագիր չունենալու պատճառով են: Նրա ասածը, թե 97-ից սկսած՝ հաջորդ ամեն փաստաթուղթ ավելի վատն է լինելու, քան 97-ի դեկտեմբերին եւ հրամցրած եւ բոլորի կողմից՝ նույնիսկ իր թիմի կողմից մերժված, որովհետեւ բոլորը հասկացան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածն անկեղծ ցանկություն է Ղարաբաղը հանձնելու, նրան ուղղակի ասացին հեռացիր, նա ասաց, թե հաջորդ ամեն փաստաթուղթ ավելի վատն է լինելու: Կյանքը ցույց տվեց, որ հաջորդ ամեն փաստաթուղթ նախ կարող է ավելի լավը լինել, երկրորդ՝ եթե մենք միահամուռ ենք, հանդես ենք գալիս հստակ մոտեցումով, բանակցությունների ընթացքում մեր դիրքը ավելի պինդ է, մեր տնտեսությունը զարգանում է, համանախագահները փորձում են ավելի շատ զիջումներ անել ՀՀ-ին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031