Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման վերաբերյալ:
Վարչապետի խոսքերով՝ «Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են մարզերում բնակվող բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների վերաբերյալ խնդիրները: Առկա են հիմնավոր բողոքներ նաեւ մարզերում բնակվող երիտասարդ ընտանիքների կողմից բնակարան ձեռք բերելու ֆինանսական բեռի վերաբերյալ»:
Վարչապետը դիմելով քաղաքաշինական պետական կոմիտեի նախագահին՝ հանձնարարեց երկու ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել արդեն իսկ ուսումնասիրված եւ մարզերում տեղակայված անավարտ շինություններն ավարտին հասցնելու հստակ ու իրատեսական ժամանակացույց, եւ այդ շենքերում բազմազավակ ընտանիքներին բնակարան ձեռք բերելու սոցիալական աջակցության տրամադրման առաջարկություն»:
Մարզպետներին էլ հանձնարարեց մեկ ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքների վերաբերյալ տվյալներ: Իսկ ֆինանսների, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարներին էլ հանձնարարվեց երկու ամսյա ժամկետում համատեղ քննարկել եւ գնահատելով ռիսկերը, ապա կառավարության աշխատակազմ ներկայացնել կարծիք Եկամտային հարկի մասին օրենքով նախատեսված պետության կողմից բնակարան ձեռք բերելու հիպոթեքային վարկերի սպասարկման տոկոսների մարման մեխանիզմները՝ մարզերում հաշվառված եւ փաստացի բնակվող երիտասարդ ընտանիքներին մարզերում բնակարան ձեռք բերելու հնարավորության վերաբերյալ:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ