Հայաստանում նախընտրական քարոզարշավը մոտենում է վերջնագծին: Կուսակցություններն ու թեկնածուները վերջին հանրահավաքներն են կազմակերպում: Գաղտնիք չէ, որ նման նախընտրական հանդիպումները մի քանի հստակ ընդգծված նպատակներ են հետապնդում. 1. քարոզչական նպատակ, երբ որոշակի նախընտրական ուղերձներ են բարձրաձայնվում եւ շրջանառության մեջ դրվում, 2. «Մկանների ցուցադրություն», երբ հանրահավաքների կազմակերպիչները փորձում են հնարավորինս բազմամարդ եւ ազդեցիկ միջոցառումներ կազմակերպել, 3. Ընտրողների վարքագծի եւ նրանց քաղաքական նախապատվությունների վրա ազդեցություն:
Այդ առումով անցած կիրակի Նոր Նորք համայնքում տեղի ունեցած քարոզչական հանդիպումները խորհրդանշական կարելի է համարել: Գրեթե զուգահեռաբար, նույն վայրում, Գայի արձանին հարող հրապարակում եւ Նանսենի անվան այգում ընթանում էին իշխանական եւ ընդդիմադիր ճամբարի կազմակերպած մի քանի հանրահավաքներ:
Էլ ավելի տպավորիչ եւ ցայտուն էր համեմատության առումով ՀՀԿ-ից առաջադրված թեկնածու Միհրան Պողոսյանի եւ ընդդիմադիր դաշինքներից մեկի կազմակերպած հանրահավաքների տարբերությունը: Մի կողմում` հազարավոր մարդիկ, ովքեր եկել էին աջակցելու վարկանիշային թեկնածուին, մասնակից դառնալու ճոխ կազմակերպած համերգին, իսկ մյուս կողմում` մի քանի տասնյակ արմատական ընդդիմության ներկայացուցիչներ, ովքեր իշխանափոխության կոչեր են հնչեցնում, սակայն կարողանում են ընդամենը մի քանի տասնյակ մարդ հավաքել, որոնք էլ ակնհայտ գնում էին պրովոկացիայի, վիրավորում էին երգիչներին, հավաքի մասնակիցներին` փորձելով գոնե այդպես իրենց վրա ուշադրություն հրավիրել:
Ակնհայտ է, որ Միհրան Պողոսյանին հաջողվեց ե՛ւ իր հստակ քաղաքական ուղերձերը հնչեցնել, ե՛ւ բազմամարդ հանրահավաքով իր հավանական մրցակիցներին «մկանները» ցուցադրել, իսկ թե ինչպիսի աջակցություն կստանա Նոր Նորքից՝ կերեւա արդեն ապրիլի 2-ի քվեարկության արդյունքում: Անկախ ամեն ինչից՝ Միհրան Պողոսյանը կարողանում է իր շուրջն այնքան մարդ հավաքել, որ շատ կուսակցությունների համար մնում է անհաղթահարելի ընտրական դիլեմա: Պետք է փաստել, որ այս ընտրություններում եւս իշխանության եւ ընդդիմության միջեւ իրական մրցակցություն տեղի չունեցավ: Սակայն, միաժամանակ, չի կարելի նաեւ այս ընտրությունները մրցակցային չանվանել: Ռեյտինգային ընտրակարգը, ըստ էության, մրցակցությունը տեղափոխեց իշխանության ներս, իշխող կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների միջեւ կոշտ պայքարի դաշտ, որը լուրջ խթան հանդիսացավ իշխանության ներսում վերադասավորումների եւ նոր որակի անցման համար:
Կարդացեք նաև
ՄԱՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
«Առավոտ»
30,03.2017