Ով-ով, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաշալի գիտի, թե նախընտրական քարոզչությունն ինչ կարող է փոխել հայաստանյան ընտրությունների արդյունքներում։ Այդ համակարգի հիմնադիրն ինքն է, եւ վաղուց է, ինչ մեր հավատացած հրաշքներին ինքը չի հավատում։ Տեսեք, թե ինչ քարոզարշավ է իրականացնում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը։ Համարյա ոչ մի քարոզչություն չկա, եթե հաշվի չառնենք նրանց ռեյտինգայիններից մի քանիսի թռվռոցը։ Այսպիսի քարոզչությամբ ԱԺ չեն գնում։ Այսպիսի քարոզչություն անում են կամ նրանք, որ ոչ մի հույս չունեն, կամ էլ նրանք, որ արդեն գիտեն ԱԺ-ում իրենց հատկացված տեղերի քանակը։
Տեր-Պետրոսյանն էլ շատ հստակ ասաց, թե ինչի համար են իրենց տրվել այդ տեղերը։ Նա մի քանի անգամ շեշտեց, որ Ղարաբաղի հարցում ինքը միշտ լինելու է Սերժ Սարգսյանի եւ ՀՀ իշխանությունների կողքին։ Իսկ երբ մի հարցով արդեն իշխանությունների հետ ես, կողքին ես, այլեւս հնարավոր չէ մյուս հարցերով առաջվա նման դուրս գալ փողոց ու հայտարարել՝ սա լեգիտիմ իշխանություն չէ, մոնղոլ են, թաթար են, չգիտեմ ինչ են։
Երկրորդ. Տեր-Պետրոսյանը ողջ հաղորդման ընթացքում ջանում էր հասկացնել, որ Հայաստանն իրենից ոչինչ չի ներկայացնում, եւ Ղարաբաղի հարցի կարգավորման մանդատ ունեցող կենտրոններն են որոշելու ամեն ինչ։ Իսկ այդ կենտրոններն արդեն որոշել են, որ ազատագրված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Փոխարենը, ըստ Տեր-Պետրոսյանի, մենք կունենանք ոչ թե զինադադարի, այլ հաշտության պայմանագիր, իսկ դա արդեն խաղաղություն է։ Միամիտ մարդու համար դա շատ լավ տարբերակ է, մանավանդ, որ միջազգային խաղաղապահներ էլ տեղակայվեն ԼՂԻՄ նախկին սահմաններով։ Սակայն աշխարհում դեռ երբեք նման բան չի եղել, եւ մենք ենք լինելու առաջինը, ում վրա փորձելու են դա։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում