Ապրիլի 2-ը խորհրդարանական ընտրությունների օր նշանակելու փաստը ժողովրդի շրջանում լայն քննարկումների առիթ դարձավ։ Այս մասին զրուցել ենք ապրիլյան հերոսների հարազատների հետ։
«Իհարկե, չեմ մասնակցելու ընտրություններին,- նշում է Ռոբերտ Աբաջյանի պապիկը՝ Գեւորգը, հավելելով,- մեր կարծիքն այդ հարցի շուրջ ո՞վ հաշվի առավ։ Ազգային ժողովում ասացին, որ պետք են դեպուտատների ստորագրություններ՝ ընտրությունների օրը փոխելու համար, սակայն դեպուտատներից եւ ոչ մեկը ձայն չհանեց, ոչ էլ ինչ-որ մեկն ինձ երբեւէ հարցրել է, թե ինչ կարծիքի եմ։ Ամոթ էն մարդկանց, ովքեր կազմակերպեցին եւ ամսի 2-ը դարձրին ընտրությունների օր։ Ես թքեմ դրանց բոլորի երեսին։ Անգլուխ ձիավորները նստել են պետության գլխին ու անգլուխ էլ ղեկավարում են։ Քիչ բողոքողներ կային՝ էլի բողոքողներ ավելացրին։ Մեր ընտանիքով՝ շուրջ 6-7 անդամներով, ընտրության չենք մասնակցելու, մենք այդ օրը գերեզմանատուն ենք գնալու։ Կարծում եմ՝ այդ օրը զոհվածների հարազատներից ոչ մեկն էլ չի գնա ընտրության»։
Ապրիլի 2-ի ընտրություններին չեն մասնակցելու նաեւ Անդրանիկ Զոհրաբյանի հայրն ու նրա ընտանիքի մյուս անդամները։ «Այդ ամբողջ օրը ես իմ երեխու հետ եմ լինելու։ Այդ օրն ինձ համար նվիրված է իմ երեխուն ու նրա հիշատակին, մյուս բաները՝ այդ օրվա հետ կապված, ինձ համար երկրորդական են։ Ճիշտ կլիներ ու ցանկալի կլիներ, որ ընտրությունների օրը փոխվեր։ Այդ օրը հիշատակի օր է, բոլորս էլ հասկանում ենք, թե մեր երեխեքն էդ օրն ինչ արեցին, իրենց կյանքի գնով էդ օրն ինչ պահեցին, դրա համար ճիշտ կլիներ, որ ապրիլի 2-ը նվիրված լիներ նրանց հիշատակին»,- կարծում է Անդրանիկի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը։ «Ինձ համար բարձրագույն արժեքն իմ երեխեն է. եւ իմ պատգամավորը, եւ իմ ամեն ինչն իմ Անդրանիկն է։ Մենք ո՞նց էդ օրն ընտրության գնանք, մենք եկեղեցի ենք գնալու, գերեզմանատուն ենք գնալու, մենք մեր երեխու հետ ենք անցկացնելու։ Այդ օրը մեզ համար ուխտագնացության ու մեր երեխեքի հիշատակի օրն է»,- նշում է Անդրանիկի հայրը։
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում