Լրահոս
Օրվա լրահոսը

«Անելիք բանկի» իրավաբանական բաժնի պետի սպանության գործով մեկ վկա էր եկել

Մարտ 30,2017 14:00

Գյումրեցի վկան իր հերթին դժգոհեց, ասելով. «Ընձի կթվա, թե բառախաղ կէնեք»

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կալանավոր Մկրտիչ Պողոսյանն իր պաշտպանի հետ էր:
Նրա հարազատներից դահլիճում չկային: Տուժողի իրավահաջորդ Արուսյակ Աթանյանն էլ իր ներկայացուցիչն ուներ: Սպանության գործերով նման դատարկ դահլիճները բազմաթիվ են:

Ամբաստանյալը մեղադրվում էր սպանության համար:

Դեպքը տեղի էր ունեցել 2015թ. նոյեմբերի 24-ին, Երեւանի Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի մոտ: Ամբաստանյալն իր հետ նախապես վերցրած կոտորակային փամփուշտով լիցքավորված հրազենից կրակոց է արձակել «Անելիք բանկ» ՓԲ ընկերության իրավաբանական եւ խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետ Հովհաննես Աթանյանի աջ թիկունքային շրջանին, որի հետեւանքով վերջինս ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից տեղում մահացել էր: Նշենք, որ ամբաստանյալը «Վազ» տաքսի մեքենայով ուղեւորվել էր «Անելիք բանկի» մոտակայք, կայանել ավտոմեքենան, փորձել է հանդիպել Հայկ Գրիգորյանի հետ:
Ըստ գործի նյութերի, նա նկատել է, որ ժամը 20.30-ին բանկից դուրս է գալիս Հովհաննեսը, լույսերն անջատած մեքենայով հետապնդել է վերջինիս: Երբ Հովհաննեսը մոտեցել է իր «Մերսեդես» մակնիշի մեքենային, տաքսիով հարվածել է մեքենայի հետեւի թափարգելին:
Երբ նա դուրս է եկել մեքենայից, նկատել է նաեւ բանկի վարկավորման վարչության պետին, սակայն բացել է իր մեքենայի բեռնախցիկը, հանել որսորդական հրացանը եւ կրակել Հովհաննեսի ուղղությամբ:

Ի դեպ, սպանությունից երկու օր հետո ամբաստանյալին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, ապա անցյալ տարվա ապրիլի 15-ին՝ 104 հոդվածի 2-րդ մասով:

Երեկ դատարանում վկայություն տվեց «Նաիրյան» ՍՊ ընկերության խոհարարը՝ Կարապետ Գյոդակյանը: Նա ասաց, թե 2015թ. աշնանն իր մոտ է եկել ամբաստանյալը, տվել հարցեր, որոնց պատասխանները չգիտեր, եւ քանի որ ընկերությունը բանկինն էր, նա տվել էր պետի՝ Հովհաննես Աթանյանի հեռախոսահամարը, որպեսզի այցելուն նրան զանգի:

Հարցին, թե ինչո՞ւ էր հեռախոսի համարը տվել այցելուին, վկան պատասխանեց. «Որովհետեւ Հովհաննեսն ասել էր՝ հարց ծագելու դեպքում թող դիմեն իրեն»:
«Այցելուն» նաեւ ասել էր, թե նա նախկինում այս օբյեկտի տերն է եղել:
Վկայի, որը հստակ պատասխանում էր հարցերին, նաեւ առանց փաստաբանի էր ներկայացել դատարան, պատասխանները չէին գոհացնում ամբաստանյալի պաշտպանին, որը միջնորդեց, որպեսզի հրապարակվի նախաքննության ժամանակ տրված նրա ցուցմունքը: Հրապարակվածի եւ դատարանում տվածի միջեւ էական հակասություններ չկային, կոնկրետ թվեր, կոնկրետ պատասխաններ, սակայն պաշտպանական կողմի գնահատմամբ, վկան տեղյակ էր ընկերության վարկից ու գործող բիզնեսից: Գյումրեցի վկան իր հերթին դժգոհեց, ասելով. «Ընձի կթվա, թե բառախաղ կէնեք»:
Ըստ մեղադրական եզրակացության՝ «Ամբաստանյալն իմանալով «Անգելինա» հարսանյաց սրահը «Նաիրյան» ՍՊ ընկերությանը վաճառելու հանգամանքի մասին, ենթադրելով, որ Հովհաննես Աթանյանն անօրինական գործողություններով տիրացել է հարսանյաց սրահին, ներսի շարժական գույքին, թշնամանքով է լցվել, նպատակադրվել է նրան զրկել կյանքից»:

Նշենք, որ աշտարակցի ամբաստանյալը գտնվել է մտերիմ հարաբերությունների մեջ վկա, «Գիտի Souտo» ՍՊ ընկերության տնօրեն Գրիգոր Ոսկանյանի հետ, փաստացի իրեն պատկանող շարժական գույքը հինգ տարի առաջ անհատույց օգտագործման պայմանագրով տրամադրում է ընկերությանը: Շարժական գույքն, ըստ գործի նյութերի, Գ. Ոսկանյանը տեղափոխել եւ որոշ ժամանակ օգտագործել է ընկերությանը պատկանող Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գտնվող, անշարժ գույք հանդիսացող «Անգելինա» հարսանյաց սրահում:

2012թ. դեկտեմբերի 25-ին Ոսկանյանը՝ ի դեմս «Գիտի Souտo» ընկերության, «Անելիք բանկի» հետ կնքում է «Գույքը պարտքի դիմաց հանձնելու մասին» պայմանագիր: Համաձայն որի՝ կողմերի միջեւ անշարժ գույքի գրավի հիփոթեքի պայմանագրով ստացված վարկի մի մասի՝ 377.280.000 դրամի մարման նպատակով բանկին է հանձնվում իր սեփականությունը՝ անշարժ գույք հանդիսացող «Անգելինա» հարսանյաց սրահը եւ շարժական գույքը:

Անհատույց օգտագործման պայմանագրի կողմ դարձած Մկրտիչ Պողոսյանը հետագայում դիմում է «Անելիք բանկ», իր շարժական գույքը հետ ստանալու պահանջով: Բանկը մերժում է: Ոսկանյանի որդին 2013թ. փետրվարին դիմում է մարզի ընդհանուր իրավասության դատարան, շարժական գույքը «Գիտի Souտo»-ից ստանալու պահանջով: Որպես երրորդ անձ ներգրավված էր «Անելիք բանկը»:

Տուժողը 2013թ. նոյեմբերի 1-ին նշանակվելով «Անելիք բանկի» իրավաբանական եւ խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետ, իր լիազորությունների սահմաններում իրականացրել է բանկի կանոնադրությամբ սահմանված իր գործառույթները, դատական նիստի ժամանակ ներկայացրել բանկի շահերը, իսկ բանկի աշխատակիցներն էլ հայտնել էին, թե վիճարկվող շարժական գույքը հանդիսացել է գրավադրված անշարժ գույքի մաս:

Բանկին ֆինանսական վնաս չտալու, հարսանյաց սրահը նպատակային օգտագործելու համար, այն հետագայում որպես գործող հիմնարկություն վաճառելու նպատակով Հովհաննես Աթանյանը եւ նույն բանկի խնդրահարույց ակտիվների կառավարման դեպարտամենտի պետ, վկա Հայկ Գրիգորյանը ստեղծում են «Նաիրյան» ընկերությունը: Այս ամենին տեղյակ էր եւ հավանությունն էր տվել բանկի ղեկավարությունը: Ի դեպ, քաղգործով չկա վերջնական դատական ակտ:

Մ. Պողոսյանի գործով ութ վկա է:

Դատական նիստի օրը նշանակելիս, ամբաստանյալը դիմեց դատավոր Արմեն Բեկթաշյանին՝ խնդրելով հաշվի առնել այն հանգամանքը, որ իր սրտի վիրահատությունը նշանակվել է ապրիլի 4-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.- «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգում նշված չէր այսօրվա նիստի օրը, բացելով այն, տեղեկանում ենք, որ նիստի օրը՝ 16.03.2017 է, իսկ տուժողի ազգանունն էլ գրված էր ոչ ճիշտ:

Լուսանկարում` 
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գեորգի Մելիքյան:

«Առավոտ»

28,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել