«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմից կազմակերպած «Խաղաղության երթի» ավարտին Լեւոն Զուրաբյանը դիմելով հավաքվածներին՝ ասաց, որ բարձրացնեն աջ ձեռքը, որի բացված մատները խորհրդանշում է 5-րդ քվեաթերթիկը, եւ ժողովուրդը պետք է քվեարկի հաղթանակ, խաղաղություն եւ զարգացում ապահովելու համար:
Պարոն Զուրաբյանը նշեց՝ խաղաղության ծրագիրը աշխատում է. «Հիշո՞ւմ եք, երբ սկսում էինք, մեր քաղաքական ընդդիմախոսները ասում էին՝ որ ես մարդիկ գժվել են, ինչ է, գնում են քաղաքական ինքնասպանության, էս ինչ բաներ են ասում: Մենք շատ ավելի լավ կարծիքի ենք ժողովրդի մասին եւ մենք ճիշտ դուրս եկանք, որովհետեւ տրամաբանող, ռացիոնալ մտածող ցանկացած մարդ այլ բան, քան մեր այս ընտրական պլատֆորմը, չի կարող ընդունել»:
Կարդացեք նաև
Որպես երկրորդ արդյունք Լեւոն Զուրաբյանը նշեց. «Մենք՝ 1988 թվականի շարժման ծնունդ քաղաքական ուժը, որը միշտ իր առջեւ դրել է ամենակարեւոր խնդիրը՝ հասել է Ղարաբաղի ազատագրման, Հայաստանի անկախության հաստատման, Ղարաբաղյան պատերազմում՝ հաղթանակի, շուկայական տնտեսության եւ ժողովրդավարության հաստատմանը: Մենք միշտ ժողովրդի առջեւ դրել ենք ամենակարեւոր հարցը»:
Արամ Մանուկյանն էլ ասաց, որ ազատության կողմնակիցները հզոր են եւ կա քաղաքական հզոր ուժ, դաշինք, որը կարող է ստիպել իշխանություններին, որ գնան խաղաղության գործընթացին. «Այն քաղաքական սերունդը, որը բերել է հաղթանակ Արցախին, այդ քաղաքական ուժը պետք է այն ամրագրի միջազգային օրենքներով: Հայաստանում կա այդ խաղաղության ուժը եւ այդ ուժը սկսում է խաղաղության շարժում: Այս խաղաղության ուժը տարածվելու է նաեւ Ադրբեջանում: Մենք ստիպելու ենք, Հայաստանը եռանախագահների, գերտերությունների հետ համատեղ կստիպի Ադրբեջանին գնալ եւ ստորագրել մեր ուզած արժանապատիվ խաղաղության ծրագիրը: Մենք ի վիճակի ենք այդ անել»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ