Լրահոս
Օրվա լրահոսը

Առավել կարեւոր է Արցախի անվտանգությունը, քան կարգավիճակը

Մարտ 30,2017 12:00

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի համոզմամբ` հակամարտության կարգավորման այսօր քննարկվող տարբերակը չի բերելու լիարժեք անվտանգության երաշխիքներ

– Պարոն Հարությունյան, Դուք 2007թ.-ից Արցախի վարչապետն եք: Կցանկանայի, որ նախ՝ խոսեինք Արցախի տնտեսական վիճակի, գյուղատնտեսության, զբոսաշրջության մասին, 10 տարիների ընթացքում ի՞նչ ցուցանիշներ կան:

– Տնտեսության գնահատման տնտեսագիտությանը հայտնի հիմնական ցուցանիշը համախառն ներքին արդյունքն է մեկ բնակչի հաշվով, դա արտացոլում է երկրի սոցիալական վիճակը, իսկ ընդհանուր ՀՆԱ-ի չափը` տվյալ երկրի հնարավորությունները: Մեզ հաջողվել է վերջին 9 տարիներին փաստացի միջինը շուրջ 10 տոկոս ՀՆԱ-ի աճ ապահովել, իսկ 10-րդ տարվա ցուցանիշներն արդեն նախանշած են: Արդյունքում` դոլարային արժեքով, 10 տարիների ընթացքում մեկ բնակչի հաշվով երկուսուկես անգամ ավելին է լինելու համախառն ներքին արդյունքը: Մեզ հաջողվել է դիվերսիֆիկացնել տնտեսությունը: Եթե 2007թ. բյուջեի կեսը պայմանավորված էր մեկ հարկատուով` «Բեյզ Մեթըլս»-ով, որը արդյունահանում է ոսկի եւ պղինձ, ապա «Բեյզ Մեթըլս»-ի փոխանցումները 2016-ին կազմել են սեփական եկամուտների 10 տոկոսից ցածր, իսկ 2017-ին սպասվում է մոտ 20 տոկոսի չափով, քանի որ այս տարի ավելացվում են պղնձի արտադրության ծավալները, ինչի արդյունքում նաեւ հարկերն են ավելանալու:

Կառավարությանը հաջողվել է տնտեսական աճ արձանագրել էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության բնագավառներում, ծառայությունների ոլորտներում: Էներգետիկայի ոլորտում մեզ հաջողվել է դառնալ ինքնաբավ` վերականգնվող էլեկտրաէներգիայի արտադրության, հիդրոէլեկտրակայանների հաշվին: Փոքր ՀԷԿ-երի քաղաքականությունը համարում եմ ամենահաջողվածը, արդեն 2018-ին էլեկտրաէներգիայի արտահանում ենք սկսելու դեպի Հայաստանի Հանրապետություն:

Գյուղատնտեսությունում զարգացում ենք արձանագրել ե՛ւ որակական, ե՛ւ քանակական առումով, ինչպես նաեւ մշակվող կուլտուրաների դիվերսիֆիկացիայի հարցում առաջընթաց ունենք: Իհարկե, անելիքներ դեռ շատ ունենք: Այժմ մշակում ենք գյուղատնտեսության զարգացման հայեցակարգ, որն ընդունելուց հետո հստակ կիմանանք` 10-15 տարվա ընթացքում ինչ հաջողություններ ենք արձանագրել եւ ինչ ծրագրեր պետք է իրականացնել, որպեսզի դրանք պահպանվեն ու զարգացվեն:

Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, հյուրանոցներ, ռեստորաններ, ենթակառուցվածքներ են կառուցվել, այդ թվում՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, Արցախի ընդհանուր ճանապարհների ցանցը, աշխատանքներ ենք տարել նաեւ զբոսաշրջային նշանակության հիմնական վայրերի բարեկարգման եւ գրավչության բարձրացման ուղղությամբ:

– Արցախում կենսամակարդակի մասին ի՞նչ կասեք: Ասում են՝ բնակչությունը նաեւ Արցախից է արտագաղթում:

– Նախ` մենք ժողովրդագրական աճ ունենք, ամենակարեւոր ձեռքբերումը ծնելիության ցուցանիշներն են, վիճակագրական տվյալներին կարելի է նայել` 1995-2007թթ. եւ 2007-2017թթ.-ինը, ծնունդների տարեկան քանակի առումով մոտ 20 տոկոս աճ ենք արձանագրել: Սա սոցիալական, պետական, ժողովրդագրական քաղաքականության արդյունք է, ինչպես նաեւ երկրի ընդհանուր սոցիալական վիճակի բարելավման մասին է փաստում՝ սկսած հիփոթեկային վարկերի ձեռք բերման համար արտոնյալ պայմանների ապահովումից, մինչեւ այլ միջոցառումների իրականացում, օրինակ` չորրորդ երեխայի ծննդի դեպքում «Տաշիր» հիմնադրամի կողմից տրամադրվող դրամական օգնությունը եւ վեց երեխա ունեցող ընտանիքներին պետության կողմից տան տրամադրումը:

Ինչ վերաբերում է արտագաղթի հարցին, ապա մենք ունենք միգրացիոն երեւույթներ, բայց մենք բացասական մեխանիկական ցուցանիշ չենք արձանագրել, միշտ աճ ենք ունեցել, դա է փաստում աշակերտների թվաքանակը: Հիմնականում արտագնա աշխատանքի են մեկնում երիտասարդները: Իհարկե, միգրացիան բնական երեւույթ է, որը բնորոշ է բոլոր երկրներին, բայց մենք վարում ենք վերաբնակեցման քաղաքականություն, որը լրացնում է այդ բացը: Օրինակ` Քաշաթաղի շրջանի բնակչության թիվը 2007-ի վերջին 7500 էր, այսօր 11000-ից ավելի է: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Արցախում այսօր թիվ մեկ խնդիրը բնակարանայինն է, ապա դա արդեն վկայում է այն մասին, որ Արցախից մեծ չափի արտագաղթ չկա:

– Պարոն Հարությունյան, լրանում է ապրիլյան քառօրյա պատերազմի մեկ տարին: Շատ խոսվեց այս ընթացքում բացերի, թույլ տված սխալների մասին: Հաճախ ենք լսում, որ առաջնագիծն արդեն ամրացվել է, կցանկանայի խոսեինք, իհարկե՝ որքան հնարավոր է հրապարակայնացնել, թե ի՞նչ աշխատանքներ են իրականացվել, ի՞նչ աշխատանքներ դեռ պետք է տարվեն:

– Մինչեւ անցյալ տարվա ապրիլը եւս բանակն ուշադրության կենտրոնում ենք պահել, դրանք հիմնականում սոցիալական խնդիրներն էին: Մենք կարողացանք, շնորհիվ մեր զինվորների, մեր կամքի ու միասնականության, կանգնեցնել հակառակորդին եւ փայլուն հաղթանակ արձանագրել: Միանշանակ, դա հաղթանակ եմ համարում` չնայած դիրքային փոքր կորուստներին, առջեւում հակառակորդն էր, որը տասնյակ միլիարդներ է ուղղել բանակին: Նրանց ստիպեցինք երկրորդ-երրորդ օրը զինադադարի վերաբերյալ հայտարարություն անել` հիշենք միակողմանի զինադադար հաստատելու մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը:

Ապրիլից հետո առաջնագծում իրականացվել է այն, ինչ անհրաժեշտ էր: Այսօր մեր սահմանը մի քանի անգամ ավելի պաշտպանված է, ավելի հագեցած, արդիականացած, մեր զինվորներն ավելի հանգիստ են, այսինքն` ամենօրյա ռեժիմով ուշադրություն ենք դարձնում բանակի մարտունակությանը: «Եթե ցանկանում ես խաղաղություն` պատերազմի պատրաստվիր» ասացվածքին, կարծես, փոքր-ինչ թերահավատորեն էինք մոտենում, կասկածում էինք, թե արդյոք կարո՞ղ է պատերազմ բռնկվել… Ապրիլը ցույց տվեց, որ պատերազմ կարող է սկսվել ամեն օր, այդ իսկ պատճառով Արցախի ու Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են այդ ուղղությամբ:

– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս ԼՂ ՊԲ զորամասերից մեկում զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների առջեւ ունեցած ելույթում նշեց, որ «այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու հարկ եղած դեպքում «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս»: Մարտի սկզբին Ս. Սարգսյանը նաեւ հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը իրավիճակը հասցնի պատերազմականի, կկիրառենք մեր զինանոցի բոլոր հնարավորությունները: Կարո՞ղ ենք արձանագրել, որ թե հայկական կողմը, թե Ադրբեջանը պատրաստվում են պատերազմի, այն անխուսափելի է:

– 20-րդ դարի վերջում, հավանաբար, շատերն էին վստահ, որ 21-րդ դարը կլինի խաղաղության դար, բայց մենք ականատես ենք, թե ինչ է կատարվում այսօր ամբողջ աշխարհում: Անվտանգությանը, պաշտպանությանը մեծ ուշադրություն են դարձնում այսօր ամբողջ աշխարհում: Մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ խաղաղությունը մշտապես վտանգված է, եւ երկրորդ՝ մենք ունենք հակառակորդ, որը գրեթե ամեն օր ռազմատենչ հայտարարություններով է հանդես գալիս: Հետեւաբար ոչ միայն երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, այլեւ բոլոր քաղաքացիները պետք է ամեն օր մտածեն, որ եթե ցանկանում են ապրել խաղաղ` պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնեն պաշտպանությանը:

– Պարոն Հարությունյան, ի՞նչ կասեք Սամվել Բաբայանի կալանավորման վերաբերյալ:

– Իրավապահները կտան գնահատական: Իրավապահների գործունեությանը կասկածելու հիմքեր չկան, իսկ թե ինչ նպատակով, ինչ շարժառիթներով է տեղի ունեցել այդ ամենը` կպարզվի հետագայում, իրավապահները կատարում են իրենց աշխատանքը, նրանց հետագա պարզաբանումներն ավելի ճշգրիտ մեկնաբանություններ ներկայացնելու հիմք կդառնան:

– Այժմ դառնանք ՀՀ առաջին նախագահի` Հանրային հեռուստատեսության եթերում ելույթին: Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացնելով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի խաղաղության ծրագիրը՝ նշեց. «Եթե Հայաստանը վճռականորեն հայտարարի, որ հենց այսօր պատրաստ է ստորագրել փաստաթուղթը, Ադրբեջանը չի կարող մերժել: Հայաստանի այդ պատրաստակամությունից հետո միջազգային ողջ ճնշումն ուղղվելու է նրա դեմ»: Պարոն Հարությունյան, Դուք կարծում եք, որ Հայաստա՞նն է մեղավոր, որ բանակցություններում առաջընթաց չկա, Հայաստանի պատճառո՞վ է, որ այսօր հնարավոր չէ խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները շարունակել:

– Հարգանք ունենալով Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի նկատմամբ, որը ղեկավարել է Հայաստանը ծանր պայմաններում` անկախության վաղ շրջանում եւ պատերազմի տարիներին, ցավում եմ, որ այսօր նա նման տեսակետով է առաջնորդվում: Արցախում այսպիսի խոսք կա` կովը կաթ է տալիս, հետո խփում, թափում…
Մենք հաղթել ենք մեզ պարտադրված պատերազմում, ինչո՞ւ պետք է այդ ձեռքբերումները կորցնենք: Հասկանում եմ, որ միջազգային ճնշումներ կան, բայց Ղարաբաղյան հիմնախնդիրն աշխարհում միակ խնդիրը չէ, կան բազմաթիվ այլ հակամարտություններ: Խաղաղություն, այո՛, պետք է, բայց նման զիջումները բերելո՞ւ են իրական խաղաղություն:

Որպես Արցախի քաղաքացի՝ ուզում եմ շեշտել, որ ինձ համար առավել կարեւոր է Արցախի անվտանգությունը, քան կարգավիճակը, որովհետեւ առաջին փուլում կարող ենք ստանալ կարգավիճակ, բայց հետո կորցնենք այն: Սակայն կարող ենք ապրել այսօրվա կարգավիճակով, բայց լինենք ավելի անվտանգ: Արցախցիների համար առավել առաջնայինն անվտանգությունն է, քան ձեւական կարգավիճակն ու կայունությունը:

– Պարոն Հարությունյան, բայց ՀԱԿ առաջնորդն ասաց, որ «տարաձայնությունները մեկ-երկուսն են» մնացել, դրանք ինքը գիտի, բայց չհրապարակեց, թե որոնք են: Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ մարտի 6-ին Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Լավրովն էլ ընդգծեց, որ «դեռ չեն համաձայնեցվել երկու-երեք առանցքային թեմա, դրանք քննարկվում են»: Փաստորեն, մի քանի հարց է մնում համաձայնեցնել: Դուք, որպես Արցախի վարչապետ, տեղյա՞կ եք, թե որ հարցերն են մնացել համաձայնեցնելու:

– Ես չգիտեմ, թե որոնք են այդ «մեկ-երկու» կամ «երկու-երեք» հարցերը: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Արցախի համար այսօր առաջնային է բանակի մարտունակության աստիճանի բարձրացումը՝ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման հետ զուգահեռ: Երբ Ադրբեջանը գիտակցի եւ ընդունի, որ մենք ապրելու իրավունք ունենք՝ որպես անկախ միավոր, այն ժամանակ մենք ժողովրդի հետ կքննարկենք հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակները:

Կարգավորման այսօր քննարկվող տարբերակը չի բերելու անվտանգության երաշխիքներ: Մենք «միջազգային խաղաղապահների» բացասական փորձ ունեցել ենք. խորհրդային կայսրության, խորհրդային բանակի միջոցով է տեղի ունեցել Արցախի հայաթափումը, մենք մոռացե՞լ ենք Գետաշենը, Շահումյանը, Հադրութի շրջանի գյուղերը… Այսինքն` կարգավորման հիմքում պետք է լինի Արցախի անվտանգությունը, որը նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն է:

Ապրիլյան պատերազմը շատ բան է փոխել մեր մոտեցումներում կարգավորման նկատմամբ: Ներկայացվող սկզբունքները համահունչ չեն իրականությանն ու մեր կարիքներին, առավել եւս՝ Արցախի նկատմամբ ագրեսիայի պայմաններում միջազգային հանրության իներտության ֆոնին: Սա առանցքային հարց է Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար: Պատերազմը ցույց տվեց, որ հույսը միայն մեր, Հայաստանի ու Սփյուռքի վրա պետք է դնենք: Ակնհայտ է, որ կարգավորման գործընթացը լուրջ վերափոխման կարիք ունի, եւ առանց Արցախի մասնակցության այն կորցնում է իր իմաստը:

Իմ կարծիքով՝ հակամարտության կարգավորմանը միտված ցանկացած փաստաթղթում պետք է առաջնային լինեն Արցախի անկախության ճանաչումը եւ անվտանգության երաշխիքները: Իսկ մնացյալ հումանիտար հարցերը, որոնք բխել են հակամարտությունից, կարելի է քննարկել հիմնական հարցերը լուծելուց հետո:

– Իսկ համաձա՞յն եք ՀԱԿ առաջնորդի այն պնդմանը, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է:

– Իհարկե, ոչ: Ես համաձայն եմ, որ Ռուսաստանը կարեւոր դերակատարություն ունի հակամարտության կարգավորման գործընթացում, մեծ ազդեցություն ունի այս տարածաշրջանում, սակայն Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը կախված է երկու ժողովուրդների կամքից:

– Պարոն Հարությունյան, Արցախի հասարակությունը մշտապես համակրանք է ունեցել Ռուսաստանի նկատմամբ: Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում մեծ դժգոհություն, անվստահություն առաջացավ ՌԴ-ի նկատմամբ՝ կապված այն բանի հետ, որ ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող երկիրը 5 միլիարդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին, այդ թվում` հարձակողական: Իսկ Արցախում հասարակական ի՞նչ տրամադրություններ են:

– Իհարկե, ափսոսում ենք, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, բայց մենք Արցախում ավելի հանգիստ ենք վերաբերվում դրան, որովհետեւ Արցախում հասկանում են, որ մեր ապագան պայմանավորված է մեզանով: Երկրորդական է, թե որ երկրներն են Ադրբեջանին զենք վաճառել ու վաճառելու, հակառակորդը միշտ էլ զենք ձեռք է բերելու: Մենք պետք է հզորացնենք Արցախը՝ թե՛ պաշտպանության եւ թե՛ տնտեսության առումով:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 29.03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031