Ռուս վիրաբույժ, բնաբույժ Գալինա Շատալովան իր աշխատանքային պրակտիկայում ամեն ինչ արել է, որ իր հիվանդները վիրահատական միջոցներից որքան հնարավոր է՝ հեռու մնան: Բերելով սրտանոթային ծանր հիվանդությունների բուժման դեպքերը՝ բժշկուհին հույս է հայտնել ավելացնել բնական ապաքինման համակարգի կողմնակիցների թիվը։
«Իմ հիվանդներից մեկին կոչում էին Բոգատիրեւ։ Նա լիովին համապատասխանում էր իր ազգանվանը` դյուցազն եւ մինչեւ 40 տարեկանը չէր հիվանդացել։ Բայց 1986 թվականին, ծանր անգինայից հետո, նրա մոտ ի հայտ էին եկել նախկինում երբեք չնկատված երեւույթներ` հոգնածություն, գրգռվածություն, ծակոցներ սրտի շրջանում։ Այդպես շարունակվել էր գրեթե ութ տարի։ Սրտի ծակոցները գնալով սաստկացել էին, հայտնվել էր սրտի աղմուկ։ 1994 թվականին նա ստիպված է լինում հիվանդանոց գնալ եւ դառնում է 2-րդ կարգի հաշմանդամ։ Պյատիգորսկի սրտաբանական ինստիտուտը նրան գործուղում է Մոսկվա` Բակալեւի անվան սիրտ-անոթային վիրաբուժության ինստիտուտ` սրտի երեք փականների փոխարեն պրոթեզներ դնելու համար։ Ինստիտուտի ընդունարանում նա իմանում է, որ նման վիրահատությունների մեծ մասը մահով է ավարտվում, հրաժարվում է վիրահատությունից եւ գալիս է ինձ մոտ: Ռենտգեն նկարները ցույց տվեցին, որ Բոգատիրեւի սիրտը խիստ մեծացած է եւ զբաղեցնում է կրծքավանդակի զգալի մասը։ Մայր շնչերակն (աորտան) ընդարձակվել էր վերեւի մասում»,-նշել է տիկին Շատալովան։
Նա այդպիսի հիվանդի համար սննդակարգ խիստ դժվար է ընտրել, որի պատճառը միայն հիվանդության ծանր բնույթը չէ, որ եղել է։ Շատ բան հաշվի է առել հիվանդի վիճակից, նրա օրգանիզմի առանձնահատկություններից, բուժման ժամանակից եւ նույնիսկ այն տեղից, որտեղ կատարվում է բուժումը։ Ինչ վերաբերում է Բոգատիրեւին, ապա նրա ստամոքսը, ենթաստամոքսային գեղձը, լյարդը եւ աղիները, ըստ բնաբույժի, այն վիճակում են եղել, որ բժշկուհին ստիպված է եղել միայն ծլեցրած ցորեն նշանակել (օրական երեք անգամ, ամեն անգամ` 40-45 գրամ). «Բուժումն սկսեցինք փետրվարին, իսկ արդեն գարնանը նրա վիճակը թեթեւացավ։ Շուտով Բոգատիրեւն անցավ իր մասնագիտական աշխատանքին։ Նա կրկին իրեն դյուցազն էր զգում։ Էխոգրաֆիական հետազոտությունը նրա մոտ հայտնաբերեց միայն միտրալային փականի աննշան շեղում` սրտի նորմալ չափերի պայմաններում»։
Սիրտ-անոթային հիվանդությամբ տառապող մեկ ուրիշ հիվանդի մասին օրինակ բերելով՝ նշում է. «Ծանոթներից մեկի խորհրդով եկել էր ինձ մոտ։ Բժիշկները, ախտորոշող հետազոտություններ կատարելով, նրա արյունատար, սրտասնույց անոթների բոլոր երեք ճյուղավորումների հիմքի մոտ հայտնաբերել էին կարծրախտային (սկլերոտիկ) վահանիկներ եւ հիվանդին ասել էին, որ նրա կյանքը կփրկի միայն շտապ վիրահատությունը։ Մտածելու համար 10 օր ժամանակ էին տվել։ Պետք է ասեմ, որ վիրաբույժ լինելով հանդերձ, ես վատ եմ վերաբերվում վիրահատությանը, մանավանդ՝ եթե խոսքը սրտի մասին է։ Տվյալ դեպքում ես համոզված էի, որ վիրահատական միջամտությունն անթույլատրելի է։ Հաճախ ֆիզիկական աննշան ծանրաբեռնվածության դեպքում սրտի շրջանի ցավերը ոչ թե իշեմիկ հիվանդության ախտանշաններ են, այլ գլխուղեղի ֆունկցիայի խանգարում, որին նպաստում են գլխուղեղի անոթների սկլերոտիկ փոփոխությունները։ Ստենոկարդիայի սպառնալից ախտանիշները, որ վկայում են աթերոսկլերոզի ընդհանուր գործընթացի մասին, վիրահատական միջամտությամբ չեն կարող վերացվել։ Դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, որ իմ ախտորոշումը ճիշտ էր։ Ինձ հետ հանդիպելուց հետո, արդեն հինգերորդ օրը, հիվանդը կարողանում էր մրգերի ծանր տոպրակը ձեռքին բարձրանալ չորրորդ հարկ: Այդ նույն մրգերից պատրաստված հյութերն արել էին իրենց բարի գործը։ Նրա շուտափույթ ապաքինմանը նպաստեց նաեւ այն հանգամանքը, որ հիվանդն իմ նշանակումները կատարում էր ժամանակին եւ հանգամանորեն»։
Բնաբույժը ներկայացնելով հիվանդության բուժման երկու դեպք, որտեղ, նրա խոսքերով, իրար են բախվել բժշկական երկու տեսակետ, երկու հայացք, երկու մոտեցում, մի կողմից՝ գերազանց սարքավորումներով զինված բուժագիտական հաստատությունը, որտեղ աշխատում են համաշխարհային հռչակ ունեցող տաղանդավոր վիրաբույժներ, մյուս կողմից՝ բժշկուհու՝ բնական ապաքինման համակարգը։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
29,03.2017