Թիվ 9 ընտրատարածքում, որն ընդգրկում է Լոռու մարզը, Հանրապետական կուսակցությունը տարածքային ցուցակով 7 թեկնածու է առաջադրել: Քարոզարշավը դեռ չսկսած, լուրեր տարածվեցին այն մասին, որ մրցակցություն է լինելու հատկապես թեկնածուներից Վահրամ Բաղդասարյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ:
Սակայն, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հերքեց շրջանառվող լուրերը, ասելով, որ իրենք թիմով են պայքարում:
«Եթե կոնկուրենցիան համարում են 2 թեկնածուների մեջ, ուրեմն իրենց մեջ ուժ են տեսնում, բայց մերը թիմային պայքար է: Մենք ընկերներ ենք, նաեւ իմ ընդդիմադիր գործընկերներն են իմ ընկերները, որեւէ մեկի հետ լարված հարաբերություն չունեմ: Ես կոչ եմ անում մեր հանրությանը, որ հասարակությունը չբեւեռացվի եւ իրենք իրար հետ վատ չլինեն, մենք իրար հետ լավ ենք լինելու:
Թիմի մեջ էլ բնականաբար հնարավոր է շահագրգռվածություն: Հայկական բնավորություն է չէ՞, ով պետք է շատ ձայն ունենա, նաեւ կա այդ խնդիրը: Բայց նման կոնկուրենցիա, նման կենաց եւ մահու կռիվ, ես այդպիսի բան չեմ պատկերացնում, մերը թիմային պայքար է»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ