Մարտի 29-ին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի նախաձեռնությամբ «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպվել էր 2017 թվականին «Օսկարի» առաջադրված «Թաքնված կերպարներ» ֆիլմի փակ ցուցադրությանը:
«Ուրախ եմ, որ այսօր ցուցադրվում է «Թաքնված կերպարներ» ֆիլմը, որը ոգեշնչող պատմություն է 3 աֆրոամերիկացի կանանց մասին, որոնք մեծ դերակատարություն են ունեցել առաջին ամերիկացու տիեզերք թռչելու գործում: Տարիներ շարունակ այս կանանց ունեցած դերի մասին ամերիկյան հասարակությունը տեղեկացված չի եղել: Նրանց պայքարը այն ժամանակվա Ամերիկայի ռասսիզմի եւ սեքսիզմի դեմ այսօր էլ շատ բան են մեզ սովորեցնում: Այդ պատմությունը ներկայացնելու անհրաժեշտությունը կա, իսկ ֆիլմում այն ուշագրավ է մատուցված»,-ասաց դեսպանը:
Նրա ձեւակերպմամբ, «Թաքնված կերպարները» ազդեցիկ եւ հզոր ֆիլմ է, որի ամերիկյան ցուցադրություններից հետո հանդիսատեսը հուզմունքի արցունքներ է ունեցել:
Կարդացեք նաև
«Ֆիլմի հերոսներից մեկը` Քեթրին Ջոնսոնը դեռեւս ողջ է, 98 տարեկան է,այժմ արդեն անվանի գիտնական, որն ապրում է ԱՄՆ-ում: 2015-ին նախագահ Օբաման հատուկ պարգեւ շնորհեց նրան: Երբ Քեթրինն իր մրցանակն էր ստանում, մեկը հարցրել էր, թե ինչ կցանկանա ասել մյուսներին, Քեթրինը պատասխանել էր` փոքրիկ աղջնակի ձեռքից բռնեք եւ նրան ներշնչեք, որ աղջիկները կարող են անել ամեն ինչ, նույնիսկ տղաներից շատ ավելի լավ: Սա ազդեցիկ ուղերձ է, ինչը հատկապես նշանավորվում է նրանով, որ այս ամիսը ԱՄՆ-ում կանանց պատմության նշանավորման միամսյակ է եւ կանանց միամսյակ Հայաստանում»,-ասաց դեսպանը:
Նա նաեւ հավելեց, որ NASA-ում (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն ) աշխատող կանանց թեման հոգեհարազատ է իրեն, քանի որ իր քույրը եւս աշխատում է այդ կառույցում:
Ֆիլմն իսկապես հուզիչ էր, իսկ ամենակարեւոր շեշտադրումն էլ այն էր, որ մարդ անկախ ռասսայից ու մաշկի գույնից, կարող է կարծրատիպեր փշրել, իսկ կանայք ավելի խելացի լինել, քան տղամարդիկ: Ասելիքը նուրբ հումորով մատուցելը էլ ավելի գրավիչ էր դարձնում «Թաքնված կերպարներ» ֆիլմը, որը դիտվեց մեկ շնչով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ