«Կոնգրես-ՀԺԿ»-ն խաղաղության երթը բացման խոսքով սկսեց դաշինքի անդամ, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը: Նա հավաքված քաղաքացիներին ասաց, որ այսօր խոսելու է միայն դրական, ոգեւորող բաների մասին.
«Ոչ մեկի այգին քար չենք ուզում գցել, որովհետեւ մենք ուրախ ենք, որովհետեւ Հայաստանում կա կամք, ուժ, սեր, պայքար ունեցող հազարավոր մարտիկներ, որոնք ազատության սիրահարներ են: Մենք քանի դեռ կանք, ոչ մի փող, ոչ մի կաշառք, ոչ մի ծախված ուսուցիչ ու ստրուկ չի որոշելու՝ մենք ենք որոշելու, մենք ենք որոշելու մեր երեխաների ճակատագիրը»:
Նա նաեւ ասաց, որ առաջին անգամ այս 30 տարիների իրենց պայքարի մեջ կազմակերպել են խաղաղության երթ. «Այն սերունդը, որ հաղթանակ է տարել Ղարաբաղում, որը ընդարձակել է Հայաստանը, այսօր ասում է՝ Հայաստանը պետք է գնա խաղաղության ճանապարհով: Ովքեր վաստակել են, նրանք էլ կբերեն Հայաստանին խաղաղություն եւ մեր ցանկությունը, կամքը այս առումով՝ անկոտրում է»:
Կարդացեք նաև
Արամ Մանուկյանը ժողովրդին հիշեցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցի մասին եւ ասաց, որ դրանից հետո, ուղղակի ոչինչ ասել հնարավոր չէ, որին ի պատասխան ամբոխը բացականչեց «Լեւոն, Լեւոն»:
Այնուհետեւ պարոն Մանուկյանը խոսելով Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին՝ նշեց. «Ունենք քաղաքական գործիչ, որը համաշխարհային մակարդակի է, որը Հայաստանի ամենաազնիվ, ամենամտահոգ, ամենատեղեկացված, ամենահեռատես, ամենաիմաստուն քաղաքական գործիչն է եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ դեռեւս շատ հաղթանակներ ենք արձանագրելու»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ