Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա դրա համար ենք ընկել փողոցները». «Ելքի» անդամների բանավեճը` գորիսեցիների հետ

Մարտ 29,2017 20:32

«Ելք» դաշինքի անդամներն այսօր Գորիսի, Սիսիանի և Եղեգնաձորի բնակիչներին էին հավաստիացնում, որ ստեղծված իրավիճակից ելք կա: «Ելք»-ի համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը բոլոր համայնքներում նույն կերպ էր սկսում իր հանդիպումները. «Եկել ենք ձեզ ասելու, որ Հայաստանը համակած հուսահատության ճգնաժամի, հուսահատության փոսից ելք կա»: Գորիսում «Ելքի» անդամներին ողջունեցին նաև զինվորները:

«Ելքի» համամասնական ցուցակի 2-րդ և 3-րդ հորիզոնականներում ընդգրկված Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը մի պահ բանավեճի մեջ մտան գորիսեցիների հետ: Երբ քննադատություններ էին հնչում երկրում գոյություն ունեցող վիճակից, իշխանությունների հասցեին, մի գորիսեցի կին հայտարարեց` բա հո հայը հայի դեմ դուրս չի՞ գա, ուստի եթե դուրս չեն գալիս իրար դեմ, ուրեմն պիտի միանան:

Արամ Սարգսյանն էլ հեգնեց, թե ճիշտ է հայ է, թալանում է երկիրը. «Նրանք վեց-յոթ ընտանիքով ավելի շատ հարստություն ունեն, քան ամբողջ ժողովուրդը»: Գորիսեցիներից մեկն էլ ռեպլիկի կարգով նետեց. «Անունը Սերժ ա, ազգանունը Ծառուկյան»:

Նիկոլ Փաշինյանն էլ փոքր-ինչ նեղսրտած ասաց. «Փոխանակ մտածեք` ինչ անենք, որ հարցը լուծվի, բոլորն իրար համոզում են, թե չի լինի: Դե ուրեմն այդպես էլ ապրեք: Ժողովուրդ, եթե մեզ պիտի լավություն անեք` մեզ ընտրելով, մեզ մի ընտրեք»:

Գորիսեցիների մեկ այլ խմբի հետ զրույց ծավալվեց հասարակության մտածողության փոփոխության անհրաժեշտության մասին: Արամ Սարգսյանը վստահեցրեց ընտրողներին, թե եվրոպական մոդելի պետություն են ստեղծելու մեր ազգային ավանդույթների հիման վրա ու մանրամասնեց. «Եվրոպական կրթական համակարգ, եվրոպական առողջապահական համակարգ ենք ստեղծելու»:

Գորիսեցիները հետաքրքրվեցին` առաջարկում եք դո՞ւրս գալ Եվրասիական միությունից, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Մենք նախ ասոցացման համաձայնագիրն ենք գնում ստորագրելու, քանի որ համարում ենք, որ այնտեղ 500 միլիոնանոց շուկա է, իսկ Եվրասիական շուկան ավելի փոքր է. այնտեղ համ մենք, համ ռուսները, համ բելառուսները, համ ղազախները տուժում են: Մեզ այդ շուկայի մեկ տոկոսն են տալիս, որը մենք չենք աշխատել: Դրա համար էլ, երբ եվրասիական շուկա չէինք մտել, մեր ու ռուսների առևտրային բալանսն ավելի մեծ էր, քան այսօր»:

Գորիսեցի մի պապիկ բանավեճի ընթացքում հորդորեց. «Ժողովրդի ուղեղը փոխեք»: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Բա դրա համար ենք փողոցներն ընկած: Ուղեղը կա, ուղղակի քնած է, պետք է արթնացնենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031