Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ մեկ առ մեկ անդրադարձավ առաջադրված քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում ԼՂ հարցի կարգավորմանն ու լուծումներին:
Խոսելով «Հայկական վերածնունդ» կուսակցության ծրագրի մասին՝ նա ասաց. «Ամենահետաքրքիրը «Հայկական վերածնունդի» ծրագիրն է՝ ֆանտաստիկայի ժանրից, այդ ծրագրում ընդհանրապես Ղարաբաղ գոյություն չունի, չկա: Ղարաբաղի հարց գոյություն չունի: Կամ պետք է ենթադրել՝ էդ մարդիկ արդեն լուծել են Ղարաբաղի հարցը, կամ Ղարաբաղն արդեն նվիրել են Ադրբեջանին: Եվ սա զարմանալի է այն տեսանկյունից, որ այդ կուսակցությունը ղեկավարում է մի մարդ, որը 8 տարի եղել է Անվտանգության խորհրդի քարտուղարը, որի գործունեության հիմնական մասը եղել է հենց Արցախի հարցը: Ես թողնում եմ սա ձեզ, ընթերցողին, ինչպես ուզում եք՝ մեկնաբանեք կամ էլ իրենց հարցրեք»:
Aravot.am-ը հետեւեց առաջին նախագահի խորհրդին եւ հարցրեց «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանին, թե ինչու ձեր ծրագրում Ղարաբաղի հարցի մասին որեւէ բան չկա:
Կարդացեք նաև
Նա պատասխանեց. «Մենք ունենք ընդհանուր ծրագիր, որտեղ լրջագույն տեղ է գրավում Ղարաբաղի հարցը, իսկ 30 քայլը վերաբերում է ՀՀ տնտեսության զարգացմանը: Ղարաբաղի խնդիրները ներառված են մեր ընդհանուր մեծ ծրագրում: Այնպես որ, կարծում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ էժանագին քայլ է արել՝ փորձելով իրեն դնել չգիտեմ ինչի տեղ կամ քննադատել այլոց ծրագրերը, որը նախընտրական շրջանում սեւ PR է համարվում:
Ինձ համար էլ իր մոտեցումները Ղարաբաղի հարցով կամ այլ հարցերով գուցե եւ անընդունելի են կամ հետաքրքիր չեն, թե ինչպիսի մոտեցումներ ունի: Ընդամենը պետք է կարդար մեր ընդհանուր ծրագիրը, 30 քայլը միայն տնտեսության զարգացման մասին է եղել, եթե հետաքրքիր էր, թող կարդար ընդհանուր ծրագիրը: Չկա որեւէ խնդիր, որն առնչվում է Հայաստանին՝ ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին քաղաքականությանը, որ այնտեղ չլինի: Լավ կլիներ, որ իրենք իմանային»:
Մեր հարցին՝ ձեր այդ ընդհանուր ծրագրում, որտեղ ԼՂ հարցը ներառված է, լուծում կա՞, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ որեւէ ուժ լուծում չի առաջարկում՝ Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Ես մի քիչ ցավ եմ ապրում, որ իր նման մարդը, որը քաղաքական գործիչ է եւ տասնյակ տարիներ շարունակ հրապարակավ խոսող Արթուր Բաղդասարյանի տեսակետները մինչեւ հիմա չի տեսել, չի լսել եւ հիմա մի բան է ասում, որն անընդունելի է: Արթուր Բաղդասարյանը հրապարակային քաղաքական գործիչ է, մշտապես խոսել է ցանկացած խնդրի շուրջ, այդ թվում՝ ԼՂՀ խնդրի լուծման մասին: Այնպես որ, նրանք, ովքեր խոսում են չխոսելու կամ չասելու մասին, ընդամենը այս պահի դրությամբ անիմաստ ինչ-որ PR են անում եւ փորձում են անիմաստ մեկնաբանություն անել»:
Իսկ այն, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ծրագիրը ֆանտաստիկայի ժանրից է՝ Բիշարյանը չի ընդունում. «Ինքն է ֆանտաստիկայի ժանրից, որը առանց ընդհանուր ծրագիրը կարդալու՝ խոսել է ֆանտաստիկայի ժանրից: Ցանկալի կլիներ, որ ուսումնասիրեր, հետո նոր մեկնաբաներ: Եվ ընդհանրապես ծիծաղելի է, որ որեւէ մեկը կարող է քննադատել Արթուր Բաղդասարյանին: Չկա որեւէ խնդիր, որեւէ հարց, որի շուրջ նա չունենա իր տեսակետն ու մոտեցումը եւ հրապարակային մեկնաբանած չլինի, ծիծաղելի է ընդամենը, որ խոսում են, թե Արթուր Բաղդասարյանն ինչ-որ մի բան ասել է, կամ չի ասել: Դա ընդամենը զավեշտ եմ համարում: Ֆանտաստիկայի ժանրից է, որ կգտնվի ինչ-որ մեկը, որ իրեն կարող է համարել քննադատող եւ քննադատի»:
Հեղինե Բիշարյանն ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին հարիր չէր իր ասածը, իր նման քաղաքական գործիչը պետք է նման բան իրեն թույլ չտար. «Բոլորն էլ, իրեն, իր կարծիքին, կարծում եմ, վերաբերել են անլուրջ՝ ճանաչելով Արթուր Բաղդասարյանին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ