Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) մարտի 5-ից 24-ժամյա մոնիթորինգ է ենթարկում 31 հեռուստաընկերություն եւ 13 ռադիոընկերություն: Մարտի 29-ին Երեւանի մամուլի ակումբի կազմակերպած «ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի լուսաբանումը Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում» թեմայով կոնֆերանսի ընթացքում ասաց ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը:
«Մշտադիտարկման արդյունքում մենք պարզեցինք, որ մարտի 5-ից մինչեւ մարտի 23-ը բոլոր հեռուստա եւ ռադիոընկերությունները մոտ 62 հազար րոպե հատկացրել են քարոզարշավին: Եթե բաժանում ենք օրերի քանակին՝ 18 օր, ստացվում է, որ այդ բոլոր լրատվամիջոցներով օրական 57 ժամ գնացել է քարոզարշավ տարբեր ձեւերով՝ ե՛ւ վճարովի գովազդն է, ե՛ւ անվճարը՝ Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, ե՛ւ լրատվական թողարկումներում տարբեր սյուժեներ են եւ այլ ձեւաչափեր են: 57 ժամ օրական բավականին մեծ ծավալ է, եւ թույլ է տալիս, որ Հայաստանի շարքային քաղաքացին կարողանա հետեւել այս քարոզարշավին եւ իր համար հետեւություններ անի»,- ասաց նա:
Տիգրան Հակոբյանը նշեց, որ ե՛ւ ՀՌԱՀ-ը, ե՛ւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քարոզարշավի ընթացքում վերգետնյա հեռարձակողների մոտ որեւէ խախտում չեն արձանագրել. «Մնացածը արդեն այլ ոլորտից է՝ էթիկայի, բարոյականության, որի հետեւությունները մենք չենք կարող անել»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ