ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այցելել են Բաքու (մարտի 11), Երևան (մարտի 27) և Արցախ (մարտի 28):
Տարածաշրջան համանախագահների այցի հիմնական նպատակն էր թարմ տեղեկություն ստանալ զորքերի շփման գծում, հայ-ադրբեջանական սահմանում սիրող քաղաքական և ռազմական իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Համանախագահները հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների և Արցախի իշխանությունների հետ: Նրանք նաև այցելել են սահմանամերձ շրջաններ: Բանակցությունների ընթացքում համանախագահները վերահաստատել են իրենց խորը մտահոգությունը՝ կապված շփման գծում վերջին միջադեպերի հետ, և կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել հռետորաբանությունում և գործողություններում:
Կարդացեք նաև
Նախագահներն իրենց դիրքորոշումներն են հայտնել համանախագահների առաջարկների վերաբերյալ, որոնք հորդորել են ամրապնդել հրադադարի ռեժիմը, խուսափել հետագա բախումներից, մասնավորապես Նովրուզի և Սուրբ Զատիկի տոներին: Նրանք պատրաստակամություն են հայտնել շարունակել բանակցությունները՝ քաղաքական լուծում գտնելու նպատակով:
Բանակցությունների ընթացքում համանախագահները շեշտել են դեսպան Կասպրշիկի առաքելությանն աջակցելու կարևորությունը: Համանախագահները ընդգծել են նաև, որ հրադադարի պահպանումը առաջնային նշանակություն ունի վստահության մթնոլորտ ստեղծելու գործում՝ հետագա բանակցությունները շարունակելու համար:
Համանախագահները մոտ ժամանակներս կմեկնեն Վիեննա՝ Մինսկի խմբի անդամներին զեկուցելու համար: