Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրիտցիների աշխատավարձը «Նաիրիտ 2-ը» տվել է պայմանով, որ տույժ տուգանքները չուզեն

Մարտ 29,2017 18:15

Այսօր մի խումբ նաիրիտցիներ դատարանով փորձում են հետ ստանալ իրենց հասանելիք գումարները, որոնք տարիների ընթացքում գոյացել են պարտք աշխատավարձերի տույժ ու տուգանքներից: «Նաիրիտ 2-ը» նաիրիտցիներին պարտք մնացած աշխատավարձերը վճարել է պայմանով, որ տույժ-տուգանքների գումարները չեն ուզի: Սակայն այսօր արդեն նաիրիտցիները գտնում են, որ անօրինական են վարվել իրենց հետ եւ տուգանքների գումարներն էլ ստանալը իրենց իրավունքն է:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նրանք վիճարկում են պայմանագրերի այն կետը, համաձայն որի հրաժարվել են  աշխատավարձերի ուշացման հետեւանքով  գոյացած տույժերից։

Այսօր կայացած նիստում, սակայն, որեւէ էական տեղաշարժ չի եղել այդ առումով: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց, Նաիրիտի ցույցերը համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը, դատավորն ավելի շատ թվերի մասին է խոսել, քան` բուն գործի:

Հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է աշխատակիցների պայմանագրերի վրա մի ամսաթիվ է գրված, գործարանի ղեկավարության մոտ եղած պայմանագրերում այլ, բայց բուն գործից` ոչ մի խոսք: Տիկին Շահվերդյանն ասաց, որ նաիրիտցիների շահերը պաշտպանող փաստաբանը հնարավոր է ինքնաբացարկ հայտարարի դատավորին:

«Դատավորին ասացինք, որ պայմանագրերում տարբեր ամսաթվեր են նշված, քանի որ 15 օր է տեւել, մինչեւ նաիրիտցիները ստորագրել են աշխատավարձերի պայմանագրերը: Բայց էականն այստեղ այն է, որ հակաօրինական է եղել գործարանի ղեկավարության պահանջը մեր նկատմամբ: Այդ ժամանակ մարդիկ ծայրահեղ վիճակում էին, ապրելու համար մեկը տունն էր գրավադրել, մյուսը` ոսկի եւ այդ ժամանակը լրանում էր, մարդիկ այդ ամենը կորցնելու վախից ստորագրել են նման պայմանագիր, սակայն այսօր պահանջում են իրենց հասանելիք գումարները»,-ասաց Կարինե Շահվերդյանը:

Ի դեպ, «Նաիրիտ 2» գործարանի ղեկավարությունը  պատրաստակամ է աշխատավարձի եւ տույժ տուգանքի վճարման  նոր պայմանագրեր կնքել նախկին աշխատակիցների հետ, եթե նրանք  վերադարձնեն  մեկ ու կես տարի առաջ ստացած իրենց գումարները։ Ինչը նաիրիտցիների շահերը պաշտպանող Տիգրան Սարգսյանի կարծիքով ոչ իրավաչափ պահանջ է:

«Այո, ստորագրել ենք, բայց այդ գումարներն էլ այնքան ուշացրեցին, որ չկարողացանք անգամ այդ պարտքերը մարել, պարտքի վրա պարտք կուտակվեց եւ հիմի պահանջում ենք մեզ հասանելիք գումարները»,-նշեց տիկին Շահվերդյանը:
Այսօր նիստը հետաձգվեց նաիրիտցիներից մեկի բացակայության պատճառով: Դատական նիստը նշանակվեց ապրիլի 14-ին: Դատարան պետք է ներկայացվեն պայմանագրերի բնօրինակները։

Ըստ նաիրիտցիների այդպիսի պայմանագիր ստորագրել են տվել 2700 նաիրիտցու, որոնք բոլորն էլ ճարահատյալ են գնացել այդ քայլին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031