Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոնգրե՞սն էլ մարդկանց ցուցակագրում

Մարտ 29,2017 17:45

Aravot.am-ի տեղեկություններով Կոնգրես-ՀԺԿ դաշինքի վարկանիշային թեկնածու, «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Գրիգորի Գրիգորյանը (լուսանկարում) հորդորել է հիվանդանոցի բժիշկներին Կոնգրեսի եւ իր օգտին քվեարկողների ցուցակներ կազմել եւ ներկայացնել: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ բժիշկներն էլ լծվել են այդ գործին եւ պացիենտների հետ քաղաքական աշխատանք են տանում. հարցուփորձ են անում, թե ո՞ւմ են ընտրելու: Ով միանգամից Կոնգրեսի անունն է տալիս կամ Գրիգորի Գրիգորյանի, համապատասխան ցուցակում անուն ազգանունը գրառում են: Ով էլ կողմնորոշված չէ, բժիշկները հորդորում են ձայնը տալ Գրիգորի Գրիգորյանին:

Aravot.am-ը 2 օր է փորձում էր այս տեղեկությունը ճշտել Գրիգորի Գրիգորյանից, սակայն նրա հեռախոսահամարը անհասանելի է մինչ այս նյութի հրապարակումը:

Մեր հարցերին պատասխանեց բուժկենտրոնի վիրաբուժության գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ ինքը իրավասու է այդ խնդրին անդրադառնալ, իսկ Գրիգորյանը վատառողջ է. «Տանը հիվանդ պառկած է, չի կարող պատասխանել»:

Ինչ վերաբերում է ցուցակագրելուն, Արսեն Գրիգորյանը բացառեց, որ մարդկանց պարտադրանքով ցուցակագրում են, պարտադրում Կոնգրեսի կամ Գրիգորի Գրիգորյանին ձայն տալ:

Արսեն Գրիգորյանն ասաց, որ հնարավոր է աշխատակիցներից մեկը գուցե հարցում է արել, գուցե դա սոցհարցում է եղել. «Բայց Գրիգորյանը ոչ մեկին չի հանձնարարել կամ պարտադրել ցուցակագրել: Պարտադրանք չկա, Գրիգորյանը ոչ մեկին չի հանդիպել, ու նման հորդոր չի արել: Բայց նույն մայրապետը, բաժնի վարիչը կարող էին ասել՝ տեսեք մենք կազմակերպում ենք ձեր բուժումը, մեր տնօրենը՝ Գարիկն է Գրիգորյան, ինքն էլ է դրել թեկնածությունը, ի՞նչ կարծիք ունեք, կընտրե՞ք իրեն, թե ոչ: Մարդկանց հետ կարող են խոսել, ի՞նչ կա դրա մեջ»:

Արսեն Գրիգորյանը նաեւ ասաց, որ Գրիգորի Գրիգորյանի նախընտրական բուկլետում անգամ կուսակցության կամ դաշինքի մասին որեւէ բան չկա գրված. «Գրված է՝ հիվանդի կողքին եմ, բժշկի հետ, առողջ հասարակություն, կուսակցական թեզ չկա: Հիմա իմ սեղանին դրված է բուկլետը, ես էլ գործող վիրաբույժ եմ, ոնց որ ասեմ՝ մեր տնօրենը թեկնածությունն է դրել, սա էլ իր ծրագիրն է: Սա եղավ պարտադրա՞նք: Ես 1000 % բացառում եմ, որ Գրիգորի Գրիգորյանը պարտադրի կամ պահանջի մարդկանց ցուցակագրել»:

Գրիգորյանի խոսքերով՝ Ընտրական օրենսգրքի պահանջով իրենք ընտրողների ցուցակ են կազմում, բայց այն ընտրողների, որոնք հիվանդանոցում ստացիոնար բուժում են ստանում. «Ես էլ բազմաթիվ ցուցակներ ունեմ, 600 հոգուց մի քիչ պակաս, հիվանդների ցուցակ է, որոնք ստացիոնար բուժման մեջ են, հիվանդանոցում են ընտրելու, մենք խնամողների ցուցակներ ունենք, ցուցակ, թե ով է այդ օրը հերթապահելու, ովքեր այստեղ են ընտրելու, դա չի նշանակում, որ պարտադրում ենք: Այս ցուցակներն ուղարկելու ենք նախարարություն, անձնագրային բաժին: Հիմա կարող է ինչ-որ մեկը մոտեցել է հիվանդի պալատ ու անձնագիրն է ուզել նայել՝ հաշվառման հասցեն ճշտել: 800 այց ունենք, կարող է մեկի IQ-ն ցածր է, ու նման բան է հասկացել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031