«Շատ ուժեր կան, որ ծրագիր են ներկայացնում, իմանալով, որ իրենցից չեն պահանջելու, հետո էլ կասեն՝ դե, ձայն չտվեցիք: Մենք հույս ունենք, որ մենք ենք լինելու, դրա համար չափելի- հաշվելի ծրագիր ենք ներկայացրել»,- այսօր Կոտայքի մարզի Արզնի բնակավայրում ներկայացնելով ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը քաղաքական ընդդիմախոսների մասին, այսպես արտահայտվեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Արզնիում բավական մեծ ասորական համայնք է բնակվում: Համայնքի ներկայացուցիչներից հայտնի դերասան Ռազմիկ Խոսրոեւը նախ իր գոհունակությունը արտահայտեց, որ նոր սահմանադրությամբ Հայաստանում բնակվող 4 ազգային փոքրամասնություններից ներկայացուցիչներ պետք է պարտադիր խորհրդարանում ներկայացված լինեն: Դրանցից մեկն էլ ասորական համայնքն է: Խոսրոեւը վստահ է, որ Հայաստանում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունները ապրիլի 2-ին իրենց ձայնը տալու են հենց ՀՀԿ-ին:
Չարենցավան քաղաքում Ռուսաստանի Դաշնությունից նոր վերադարձած Բջնիի բնակիչ Արսենը բավական ուշագրավ մի հարցով դիմեց վարչապետին. Բջնիի նախկին խնձորի այգիների տեղում այժմ ճահիճ է: Արսենն ասաց, որ ինքը չի ուզում Ռուսաստան գնա, ուզում է այդ ճահճի տեղում նորից խնձորի այգիներ հիմնել. «Պարոն վարչապետ, խնդրում եմ գյուղապետին հրամայեք այդ հողը ինձ տա»:
Խորհրդակցությունից պարզվեց, որ այդ հողատարածքը գյուղապետարանի հաշվեկշռում է, բայց այն մշակելու խնդրանք-դիմումով Արսենը գյուղապետին չի դիմել: «Արսեն ջան, գնա, կարող ա գյուղապետը քո նման մտածող մարդ ա… Բա որ ինձ չհանդիպեիր կամ տասը տարի հետո հանդիպեիր, էդտեղ ճահիճ էլ մնա՞ր: Թախտից վեր կաց գնա գյուղապետի մոտ»,- երիտասարդին խորհուրդ տվեց վարչապետը:
Կարդացեք նաև
Չարենցավանցի մի տարեց մարդ էլ վարչապետից հետաքրքրվեց՝ պատերազմն ու արտագաղթը ե՞րբ կդադարեն: «Երբ մենք մեր տնտեսությունը զարգացնենք, ուժեղ լինենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Տարեց տղամարդը հետաքրքրվեց, թե Հայաստանում երբ կբարձրանան թոշակներն ու աշխատավարձերը: «Դու ինձնից ժամ-բարաքյաթ ե՞ս ուզում»,- հարցով պատասխանեց վարչապետը, մանրամասնելով, որ ՀՀԿ-ի ամբողջ ծրագիրը հենց դրան է ուղղված:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ