Մեր հերոսը Արսեն Ջուլֆալակյանն է: Հունա-հռոմեական ըմբշամարտի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրն ու Հայաստանի վաստակավոր մարզիկը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալակիրն այսօր սովորում է մեր կողքին՝ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտուրայում:
Ես հասկացել եմ , որ կարևորը գիտելիքն է ….
Այն, որ երիտասարդ, կայացած, ուժեղ ու խելացի անհատ է Արսեն Ջուլֆալակյանը, շատերը գիտեն, բայց որ հաջողություններն ու նվաճումները մեծ դժվարություններով են տրվել նրան՝ քչերին է հայտնի:
Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի որդուն մեծ ջանքերի շնորհիվ հաջողվեց չմնալ ոչ միայն հոր փառքի ստվերում, այլև սեփական վաստակն ունենալ: Արսեն Ջուլֆալակյանը, որ գերազանցությամբ ավարտել էր դպրոցն ու ընդունվել բուհ, ասում է , որ իր ուսումը երբեք սպորտին չի խանգարել.
Կարդացեք նաև
-Հիշում եմ, ընկերս՝ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը, որ ընդունվել էր մեզ մոտ, մի օր էսպիսի զրույցի ժամանակ ասաց, թե Ա՜րս, ինձ թվում է, եթե դու չսովորեիր, ապա ինչ տիտղոսի հասել ես, եռակի ավելի շատ կհասնեիր: Երկուսը միասին շատ բարդ է :
Բայց ես համաձայն չեմ այդ մտքի հետ, որ ուսումը խանգարել է ինձ,-շարունակում է Արսեն Ջուլֆալակյանը:
-Իմանալով ինձ, թե ինչպիսի մարդ եմ, կարծում եմ՝ միայն սպորտում լինելը , այսինքն` միայն մեկ բնագավառում լինելը, ինձ համար շատ ձանձրալի կլիներ: Իսկ ուսումը եղավ այն հնարավորությունը, որ 180 աստիճանով փոխեց հետաքրքրություններիս շրջանակը…
Արսենի խոսքերով՝ ուսումն ու սպորտը փոխլրացրել են իրար:
-Ճիշտ է , երկուսն էլ բարձր որակի վրա պահելը շատ բարդ էր , ու կարելի է ասել` տիտանական ուժ պահանջվեց այդ ամեն ինչը հաղթահարելու համար… հիմա արդեն պատվով եմ նայում այդ տարիներին …
Արսեն Ջուլֆալակյանն ասում է, որ բացարձակ չի փոշմանել մասնագիտության ընտրության հարցում.
-Միայն երջանիկ եմ ու ուրախ, որ ընտրել եմ դիվանագիտությունը, մի քանի պատճառներով: Ռեալ հասկացել եմ , որ սա այն բնագավառն է , որտեղ կարող եմ ռեալիզացվել, ինձ հետաքրքրում է այս ոլորտը: Երկրորդ պատճառը, որ կարևորում եմ, այն է, որ հրաշալի դասախոսներ եմ ունեցել,- ասում է Արսենը:
-Երբեմն զարմանում եմ, երբ ասում են, թե դասախոսների բաց կա: Ես բախտավոր եմ եղել, որ ունեցել եմ այնպիսի դասախոսներ, որ վստահաբար կարող եմ ասել, ամբողջ աշխարհի մակարդակով իրենց բնագավառում կլինեին առաջատարներից մեկը: Բնական է, թյուրիմացություններ էլ են եղել, բայց էնպիսի մարդիկ են ինձ դասավանդել, որ վատի մասին ուղղակի մոռանում ես, չես էլ ուզում հիշել : Հետո իդեալական շատ քիչ տեղերում է լինում:
Միջազգայնագետ- ըմբիշը ասում է , որ ԵՊՀ-ում երբեք իր անունը չի օգտագործել:
-Եղել են դասախոսներ, որ ուզել են ընդառաջել, ես պատրաստ գնացել եմ, իրենք որոշել են, որ պետք է չքննեն. Ես միշտ դեմ եմ եղել:
Արսեն Ջուլֆալակյանը, որ աչքի է ընկել գերազանց առաջադիմությամբ, միշտ էլ գնահատականին մակերեսային է մոտեցել, ակնկալած գնահատականը չստանալու պարագայում երբեք չի կոտրվել.
-Որովհետև հասկացել եմ , որ կարևորը գիտելիքն է: Իսկ հիասթափվել գրեթե երբեք չի եղել: Սա էլ երևի նրանից է , որ մասնագիտությունս ճիշտ էի ընտրել , եթե սխալված լինեի, պարզ է ամեն օրն էլ հիասթափություն կլիներ, կփոշմանեի: Նման բան եղել է ասպիրանտուրայում, երբ ամեն բան շատ ավելի բարդ էր: Հիմա էլ շատ դեպքերում մտածում եմ՝ ճիշտ էր արդյոք շարունակելը,պետք էր մտնել էս պատասխանատվության տակ, չէ որ գիտությունների թեկնածու ես դառնում, ու շատ լուրջ գործ է պետք գրել: Բայց հիմա էլ ինձ մոտիվացնում է այն , որ ինչ սկսել եմ, միշտ որակով ավարտել եմ , հիմա էլ փորձում եմ ուժ գտնել ու սա էլ որակով վերջացնել:
Արսեն Ջուլֆալակյանը ցավով է խոսում դիպլոմի վերաբերյալ մեր հասարակության ունեցած պատկերացումներից:
-Գործի հրավեր ես ստանում, տանում ես դիպլոմդ, իսկ գործատուն չի էլ փորձում իրեն տանջել, մի հատ նայի, լավ էդ դիպլոմում ինչ որ կա, արտացոլում է իրական պատկերը , թե՝ ոչ: Չէ որ այսօր բոլորս էլ գիտենք, եթե ոչ շատ, ապա գոնե հեշտ է դիպլոմ ձեռք բերելը , կամ թե ինչ ճանապարհներով է ձեռք բերվում,-ասում է Արսենն ու շարունակում.
-Եթե այդ ձևով ես ավարտում , մասնագետ չես դառնա: Դրսում օրինակ, էդպես դու չես կարող ավարտել. Կգնաս, կձախողվես , հետ կգաս: Մարդը պետք է ուղղակի հասկանա, որ եթե մի բանի համար վճարում ես , մի բանի վրա ամենաթանկ բանն ես ծախսում՝ ժամանակը ու արդյունքում ոչ մի բան չես ստանում, ապա դու ամենաձախողված տնտեսագետն ես, ամենաձախողված բիզնեսմենը…Տեսել եք մի մարդու, ով վճարի ու դիմացը ապրանք չստանա: Իսկ եթե համարում են, որ դատարկ դիպլոմը ապրանք է , ապա մեղմ ասած, սխալվում են :
Արսեն Ջուլֆալակյանը, որ նպատակ ունի ուսումը դրսում շարունակելու (սպորտային մենեջմենթ), ասում է , որ շատ է ուզում՝ մեր ուսանողը հասկանա , որ եթե էստեղ էլ լավ անցնի իր ուսումնական տարիները, ապա արդեն պատրաստի մասնագետ կլինի:
-Շատ լավ կլինի, որ մի ուսումնական փուլ էլ դրսում անցնի, ասենք գոնե մագիստրոսական ծրագիր, բայց էնպես չի , որ եթե դրսինը չարեցիր, իմացիր դու թերի ես: Նման բան չկա: Ես ունեմ համակուրսեցիներ, որ վստահաբար կարող եմ ասել՝ ցանկացած երկրի ամենաբարձր մակարդակի բուհ՝ լինի Քեմբրիջ, լինի Օքսֆորդ, ինչ ուզում է լինի … կերազեր նման ուսանողներ ունենալ: Ու այսօր նրանք աշխատում են իրենց մասնագիտությամբ՝ առանց դրսում կրթություն ստանալու , -ասում է Արսեն Ջուլֆալակյանը:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտը մեր կրթական համակարգում թերություններ էլ է տեսնում, առաջնահերթ, ըստ նրա, մի քանի բան պետք է փոխվի .
-Բուհն ու պետությունը պետք է քայլեն համընթաց , ձեռք ձեռքի տված, -ասում է Արսենն ու շարունակում, որ պետությունը պետք է բուհից պահանջի պատրաստել այն կադրերը , որի պակասը ինքը ունի՚…
-Դեմ եմ թելադրելու մեթոդին առհասարակ , -ասում է Արսենը , -առաջին կուրսից ուսանողը պետք է սովորի պրպտել, որոնել, ստեղծել… իսկ եթե գա մի սեմեստր նստի, ես թելադրեմ, ինքը՝ գրի, վերջում գա, իմ տվածը ինձ անգիր պատասխանի, դրանից ոչ ինձ օգուտ ոչ՝ ուսանողին:
Հետո, պետք է վերապատրաստվեն դասախոսները, նորովի մոտենան: Ես չեմ ասում, որ վատն են , ուղղակի ժամանակները փոխվում են, ցանկացած բնագավառում քարացած ոչինչ չկա. Ամեն ինչ փոխվում է , պետք է դու էլ համընթաց լինես , – վստահեցնում է Արսեն Ջուլֆալակյանը :
Նա ժպիտով է հիշում իր կուրսը, իր խոսքերով, երբեք ոչ ոքի հետ խնդիրներ չի ունեցել :Մի 10-15 հոգու հետ էլ շատ մտերիմ են եղել, այժմ էլ ընտանիքներով են մտերմություն անում :
-Հրաշալի կուրս եմ ունեցել , շատ հետաքրքիր տարիներ են եղել, տարբեր էքսկուրսիաներ, փարթիներ, իրար հետ պարապել ենք, հավաքվել մեկի տանը ՝ ճաշ պատրաստել…Նույնիսկ հիշում եմ, որ դասերի 2-րդ թե 3 –րդ օրը փախանք դասերից, որ ծանոթանայինք … եկանք Պապլավոկի մոտի այգում նստեցինք ու սկսեցինք առանձին-առանձին ծանոթանալ…
Անկախ նրանից, որ հայտնի էի երբեք գործոն չի եղել, որ խանգարի ինձ շատ սերտ հարաբերություններ ստեղծել ոչ հայտնի մարդկանց հետ. Մեզ մոտ նման բան չկար, երբեք չի եղել, որ շփվենք իրար հետ ՝ ելնելով հայտնիությունից կամ ֆինանսական աստիճանից՝ առանց բացառության, -ասում է Արսեն Ջուլֆալակյանը :
Երեք խորհուրդ ուսանողին
1.Երբեք չվհատվել. Ամենացավոտ օրն էլ ուսման բնագավառում շատ կարճ ժամանակ հետո քեզ ծիծաղելի կթվա : Իրականում շատ քիչ բաներ կան կյանքում, որ այնքան լուրջ են, որ կարելի է հուսահատվել: Դա կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ. Այնպես որ՝ պետք չէ…
2.Անընդհատ զբաղվել ինքնակրթությամբ :Պետք է շարունակ ինքնակրթվել, ինքնազարգանալ, եթե նույնիսկ սովորում ես բուհում : Մի սահմանափակվիր տվածով, անընդհատ աշխատիր ինքդ քեզ վրա, մի բավարարվիր երբեք նրանով, ինչ ունես , փորձիր նոր ուղիներ, նոր հետաքրքրություններ գտնել …
- Շատ կարդա՛ , անչափ շատ, ամենատարբեր բնագավառներից …
Նույնիսկ , եթե միջազգայնագետ ես , տնտեսություն ուսումնասիր ՛ր, կարդա ՛, իմացի՛ր … կյանքում հաստատ պետք կգա …Ես երբեմն շատ եմ ափսոսում , որ ժամանակի սղության պատճառով, չեմ կարող կարդալ այնքան, ինչքան ուզում եմ :
Իսկ վերջում .
Ամենակարևորը ժամանակն է … Ժամանակը անցնում է , այսինքն` պետք չէ սպասել, որ ժամանակը կգա. Ժամանակը գնում է …Դու պետք է կարողանաս այդ եղած ժամանակը օպտիմալ ու մաքսիմալ ձևով օգտագործել:
Պետք է քամել ուղղակի ժամանակը… Հնարավորինս շատ բան ստանալ ժամանակից … Արսեն Ջուլֆալակյան
-Դե՜, սկսի ՛ր , սիրելի՜ ուսանող , ժամանակը արդեն գնում է …
Արփինե ՄՈՒՐԱԴՅԱՆ