Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյան. «Հարգելի ընգերուհի ջան, բա ես ինչի եմ ասում հինգ տարվա ծրագիր գրեք»

Մարտ 29,2017 16:40

Իշխող ՀՀԿ-ն այսօր իր մարզային քարոզարշավի վերջին այցը Կոտայքի մարզում էր իրականացնում: Աբովյան քաղաքում, ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀԿ-ի «ծանր հրետանին»`վարչապետ Կարեն Կարապետյանը`ներկայացնելով ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրն`ասաց. «Հավակնոտ, իրատեսական եւ իրականանալի ծրագիր է: Վերլուծել ենք արագ զարգացող երկրներում կատարված վերջին 20-30 տարիների բարեփոխումները: 2007-ին մաքրվելու ենք խոչընդոտներից եւ կայուն, դինամիկ զարգացող աճ ենք ապահովելու: Ախտորոշումների մեջ չենք գտել որեւիցե պատճառ, որ Հայաստանը տարբերակ չունի լավ զարգացող երկիր դառնալու`պահպանելով ազգային արժանապատվությունը, ինքնությունը եւ արժանապատվությունը»:

«Ուսուցիչ եմ: Ողջունում են ձեր այցը այս հանրապետություն»,- ներկաներից մեկն այսպես դիմեց վարչապետին ու խոսեց մանկավարժների ատեստավորման գործընթացից: Ասում է, իրեն`իր նախկին տնօրենը, խաբեությամբ աշխատանքից դուրս է թողել: Դիմել է նախագահին, նախկին վարչապետին, մարզպետին, «դատարանը եւս կանգնել է այդ տնօրենի կողքին»: Այլ մրցույթների է մասնակցել, 100-ից 98 միավոր է վաստակում, բայց աշխատանքի այդպես էլ չի անցնում:

Մեկն էլ բարձրացրեց Պտղնիի տրանսպորտի հարցը: Խոսքի մեջ նկատեց, որ իր աղջիկն էլ է համալսարանի կիրառական ֆակուլտետում սովորում, որտեղ վարչապետն է ավարտել: Նա ծրագիր էլ առաջարկեց. «Մի զանգով կարաք տրանսպորտի նախարարին կարգադրեք, որ 13 համար ավտոբուսը Գազպրոմի մոտից պտտվի`մտնի Պտղնի»: «Էրիկ, գրեցիր, 13-ը`զանգ տրանսպորտի նախարարին»,- օգնականին ասաց վարչապետը ու ասաց, որ նոր տրանսպորտային ցանց է գծվում, որտեղ շահութաբեր եւ ոչ շահութաբեր գծերը նույն փաթեթում են լինելու, հների հետ սպասարկող պայմանագրերն էլ երկարատեւ են լինելու, ներկայիս մեկ տարվա փոխարեն:

Մեկն էլ հետաքրքրվեց «Սիրիուս» գործարանի ճակատագրից: «Սիրիուսը, կոնդենսատորի գործարանը, Չարենցավանի ավտոպագռուզչիկը արդյունավետ չեն այսօր»,- ասաց վարչապետը` հավելելով`աշխարհն այնքան է փոփոխվել, որ դրանք այլեւս վերագործարկվելու շանսեր չունեն, բայց դրանց փոխարեն այլ աշխատատեղեր կարող են ստեղծվել:

Վարչապետն ասում է, համայնքային զարգացման ծրագրերը պետք է տեղական իշխանություններից գան. «Ես Երեւանում նստած չեմ կարող Աբովյանի զարգացման ծրագիրն ավելի լավ տալ, քան համայնքի ներկայացուցիչները»: Վարչապետը երկար խոսեց այս մասին, հետո, դիմելով հարցը հնչեցրած տղամարդուն, ասաց. «Ոնց որ էդքան էլ լավ չէր, դուք կոնկրետ ուզում էիք ես օր ասեմ, թե երբ ա Սիրիուսը աշխատելու»:

«Մինչեւ համայնքապետը չաշխատի, լավ չեք ապրելու, չորս տարին մեկ ինձ կամ այլ վարչապետի էիք ընտրելու: Բզեք թող աշխատի համայնքապետին, մարզպետին…բա ինչի՞ եմ հիմա ես դրած էս հինգ տարվա ծրագիրը դոմփում»:

Բնակիչներից մեկն էլ մանկապարտեզների հարցը բարձրացրեց: «Հարգելի ընգերուհի ջան, բա ես ինչի եմ ասում հինգ տարվա ծրագիր գրեք»,- ասաց վարչապետը:

Վարչապետը եղավ նաեւ Բյուրեղավանում, Արզնիում: Նախկինում այս քաղաքները արդյունաբերական են եղել: Ուստի այս տեղերում էլ մարդկանց հետաքրքրում էր գործարանների վերագործման կամ նոր աշխատատեղերի հարցը:

Կոտայքի մարզում, վարչապետ Կարեն Կարապետյանին ուղեկցում էին Կոտայքի ՀՀԿ-ական փոխմարզպետը եւ ՀՀԿ-ի վարկանիշային կարգով առաջադրված թեկնածուները: Կոտայքի մարզպետը, հիշեցնենք, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031