Լրահոս
Օրվա լրահոսը

«4 քաղաքական ուժ՝ «Ազատ դեմոկրատները», «Ելքը», ՀՅԴ-ն եւ ՀՎԿ-ն խորհրդարան անցնելու շանսեր ունեն». Կարեն Քոչարյան

Մարտ 29,2017 16:17

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գնահատմամբ, նախընտրական քարոզարշավին մի շարք ուժեր ներկայացան մեկ անձով: ՀՀԿ-ն՝ Կարեն Կարապետյանով, «Ծառուկյան» դաշինքը՝ Գագիկ Ծառուկյանի դեմքով, ՀՎԿ-ն՝ Արթուր Բաղդասարյանով, ՕՐՕ դաշինքը՝ Սեյրան Օհանյանով:

«Սա էր այս խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի առանձնահատկությունը մնացած քարոզարշավներից: Առանձնապես մեծ տարբերություն չկար, թե ով ինչպես անցկացրեց քարոզարշավը՝ պոպուլիզմ ինչքան ուզես, ՀՀԿ-ի վարկանիշն ի սկզբանե շատ ցածր էր, փորձեցին փրկել Կարեն Կարապետյանով ու ինչ-որ առումով հաջողվեց, որովհետեւ վարկանիշի այն մակարդակը, որ կար մինչեւ Կարեն Կարապետյանն ու Կարապետյանից հետո, բավականին տարբեր է»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Կարեն Քոչարյանը:

Նրա համոզմամբ, ապրիլի 2-ին որոշիչ են լինելու վարկանիշային թեկնածուների ընտրությունները, որը, ըստ քաղտեխնոլոգի, շատ ավանդական են անցկացվելու, ինչպես եղել է վերջին 20 տարում. «Շատ շատերը հետագա թվերից կարող են զարմանալ»:

Պարոն Քոչարյանի խոսքով, երկու քաղաքական ուժ կա, որն արդեն լուծել է խորհրդարանում լինելու խնդիրը՝ ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը. «Եվս չորս կուսակցություն, դաշինք շանսեր ունեն անցնելու՝ «Ազատ դեմոկրատները», Ելքը, ՀՅԴ-ն եւ ՀՎԿ-ն: ՕՐՕ-ն թեեւ երեկ բավականին բազմամարդ հանրահավաք ուներ, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ բազմամարդը չի բավարարի ընտրությունների ժամանակ»:

Անդրադառնալով Կոմունիստական կուսակցությանը, պարոն Քոչարյանն ասաց, որ հազիվ մի կամ երկու տոկոս ձայն հավաքեն. «Կոմունիստական կուսակցությունը Սերգեյ Բադալյանից հետո կորցրեց լուրջ ընտրազանգվածը, նոր տարիքի հետ էլ ոչ ոք չաշխատեց: Հիմա, չգիտես որտեղից դուրս եկան ու հիշեցին՝ կան: Կամ էլ երեւի ասացին՝ դուրս եկեք՝ մի երկու տոկոս ձայն տարեք»:

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ Կարեն Քոչարյանն ասաց, որ առաջին նախագահն այն ֆիգուրը չէ, որ կակտիվանա ինչ-որ մեկի ասելով, այլ խնդիր է, որ նա փորձեց օգտագործել փաստը, որ վերջին մեկ տարվա մեջ երեք անգամ իշխանություններին լուրջ աջակցություն ցուցաբերեց՝ ապրիլյան պատերազմի, «Սասնա ծռերի» գործողությունների ժամանակ եւ վերջին ելույթով, որի շարունակությունն, ըստ պարոն Քոչարյանի, դարձավ ամբողջ քարոզարշավը՝ խաղաղության ձեւաչափով. «Որը, իմ կարծիքով, չաշխատեց այսօրվա ընտրազանգվածի համար: Չաշխատեց նրա համար, թե ինչ ձեւով են այդ խաղաղությունը քարոզում»:

Քաղտեխնոլոգը նաեւ ասաց, որ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը քաղաքական դաշտը ամայացրել են. «Չկան գաղափարներ, եթե կան էլ, դրանք լուծվում են համընդհանուր պոպուլիզմի մեջ, որը տեսնում ենք: Կցանկանայի, որ այս խորհրդարան անցնի գոնե մարդկային այն տեսակը, որ ապագա հինգ տարիներին կարողանա ԱԺ-ում ու քաղաքական դաշտում ստեղծել այն մթնոլորտը, որ հինգ, տասը տարի հետո ընտրազանգվածը ստիպված չլինի՝ ընտրել գաղափարը կամ տեսակը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031